Հանքային ջրերի շուկա. խուժա՞ն, թե՞ ազնիվ մրցակցություն

04/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Շշալցված հանքային ջուրն այն եզակի ապրանքատեսակներից է, որից Հայաստանը չի ներմուծում: Ավելի ճիշտ, մեծ խմբաքանակներով չի ներկրում, քանզի որոշ մեծ սուպերմարկետներում երբեմն կարելի է հանդիպել Եվրոպայում շշալցված հանքային ջրեր: Դրանք, սակայն, անծանոթ են լայն հայ սպառողին, Հայաստանում իրացման շուկա չունեն, եւ խանութները միայն իրենց հեղինակության համար են դրանք բերում:

Հայաստանն այն եզակի երկրներից է, որ կարող է «իրեն թույլ տալ» շշալցված հանքային ջուր չներմուծել: Իսկ այդ հնարավորությունը երկրին տալիս է ոչ թե պետությունը, այլ` բնությունը: Ինչ` ինչ, բայց հանքային ջրերի պաշարներով Հայաստանի ընդերքը հարուստ է: Պարզապես պետությունը պետք է վերահսկի արդյունաբերական նպատակով դրանց շահագործումը: Իսկ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2005թ. Հայաստանում արտադրվել եւ շշալցվել է 24 մլն 215 հազար 300 լիտր հանքային ջուր:

Ամռանը շշալցված հանքային ջրերի առեւտուրը հասնում է իր գագաթնակետին: Սակայն հենց այդ ժամանակ է, որ սպառողը կանգնում է հայաստանյան արտադրության որեւէ պիտակի առջեւ եւ դժվարանում է հասկանալ, թե որն է «ճիշտ» հանքային ջուրը:

Ինչպե՞ս է շշալցվում հանքային ջուրը

Սա հասկանալու համար զրուցեցինք մի քանի խոշոր արտադրողների հետ: «Ջերմուկ Գրուպ» ընկերության գործարանը կառուցվել է անմիջապես հանքային ջրի հորատանցքի վրա: Ջուրը, դուրս գալով հորատանցքից, որոշ ժամանակ պահվում է հատուկ տարողություններում` «հանգստի ռեժիմում»: Դրանից հետո անցնում է ֆիլտրացիա, որը մաքրում է ոչ թե ջրի քիմիական բաղադրությունը, այլ զտում է այն հանքավայրի ավելորդ ավազահատիկներից եւ այլ անպիտան նյութերից: «Ջերմուկի հանքավայրի ջուրը, ի տարբերություն Հայաստանի մյուս հանքային ջրերի, տաք աղբյուրից է բխում: Հանքավայրում ջրի ջերմությունը գերազանցում է 62 աստիճանը»,- ասում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը: Հետեւաբար, ջուրը սառեցվում է եւ շշալցվում է միայն 2-4 աստիճանում: Է. Ղազարյանի հավաստմամբ, Ջերմուկի ջուրն այն հազվագյուտ հանքային ջրերից է, որն ածխաթթվային է, այսինքն, պարունակում է բնական ածխաթթու գազ: Հատուկ սարքերի միջոցով բնական գազը ջրից առանձնացվում է, եւ առանց բալոնների մեջ լցնելու` բնական գազի արտադրամասից բնական գազն ուղարկվում է հիմնական արտադրամաս: Հետո սատուրատոր կոչվող սարքավորման միջոցով ջուրը խառնվում է գազի հետ եւ շշալցվում է: Ի դեպ, Է. Ղազարյանի խոսքերով, հենց ածխաթթու գազով է պայմանավորված այն հանգամանքը, որ «Ջերմուկ Գրուպի» հանքային ջուրը շատ գազավորված է, իսկ ավելորդ անհարմարություններից (անմիջապես բացելուց ջուրը թափվում է) խուսափելու համար գոյություն ունի մի գաղտնիք. հանքային ջուրը պետք է պահել այն ջերմաստիճանում, որով շշալցվել է (2 աստիճան):

«Բջնի» հանքային ջրերի գործարանն օգտագործում է հանքավայրի միայն 2-րդ ԷԿ հորատանցքը: Բջնի գյուղից մինչեւ Չարենցավան ուղիղ ճանապարհը մոտ 7,7 կմ է: Հանքավայրից ջուրը պոմպերի միջոցով 7,7 կմ-անոց խողովակաշարով մղվում է դեպի գործարան, որտեղ այն պահվում է ջրահավաք տարողություններում: Դրանից հետո ջուրը ենթարկվում է կոշտ (ջրում չլուծված նյութերն են արտազատվում), այնուհետեւ` մանրէաբանական ֆիլտրացիայի: «Հանքային ջրից առանձնացնում ենք ածխաթթու գազը, կոմպրեսորի միջոցով բալոնների մեջ ենք լցնում, բերում ենք արտադրամաս եւ խառնում հանքային ջրին: Արտադրության բոլոր փուլերում, որտեղ հանքային ջրի որակի վրա ազդեցության վտանգ կա, արդյունավետ վերահսկողություն է սահմանված»,- ասում է «SIL» կոնցեռնին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանի գործադիր տնօրեն Սայաթ Հովհաննիսյանը:

Թե՛ «Ջերմուկ Գրուպի», թե՛ «Բջնիի», թե՛ «Արզնիի» հանքային ջրերի գործարաններում որակի նկատմամբ վերահսկողությունը ապահովվում է տարբեր մարմինների կողմից: Եվ ընդհանրապես, արտադրողներն ու մասնագետները վստահեցնում են, որ տեղական հանքային ջրերի շուկայում հիմնական արտադրողները պահպանում են ջրի որակը: Իսկ Հայաստանի տարբեր հանքավայրերի ջրերն առանձնանում են իրենց համերով: Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանում շշալցվում են միայն բուժիչ սեղանի հանքային ջրեր: Սպառողին հուզող հարցերից է նաեւ հանքային ջրերի տարաների որակն ու դրանց մաքրությունը: Պլաստիկ շշերի դեպքում արտադրողը ձեռք է բերում պոլիէթիլենային հատուկ ֆորմաները, դրանք փչում է իրենց սարքավորումներով: «Փչած ֆորման մինչեւ շշալցումը լվացվում է»,- հավաստիացնում է Է. Ղազարյանը: «Իսկ ապակե շշերը գնում ենք «Արմ-Գլաս» ՍՊԸ-ից»,- ասում է Ս. Հովհաննիսյանը:

Ի՞նչ է օգտագործում սպառողը

Մենք այցելեցինք Երեւանի տարբեր առեւտրային կետեր, ինչպես նաեւ փոքր հարցումներ արեցինք սպառողների շրջանում: Խանութներում հիմնականում սպառվում է «Ջերմուկ Գրուպի» արտադրանքը: Վաճառողներն այդ փաստը բացատրում են նրանով, որ սպառողը հիմնականում «Ջերմուկ» է պահանջում: Սակայն պետք է նկատել, որ սպառողի համար «ջերմուկ» նշանակում է հանքային ջուր: Հարցման մասնակիցների մեծամասնությունը սկզբում ասում է. «Խմում եմ այն, ինչ պատահի», իսկ երբ կոնկրետ արտադրանքի անուն ենք հարցնում, պատասխանում է. «Դե…ջերմուկ»: Սա արմատացած է հայերի մոտ: Ջերմուկի հանքավայրի ջուրը որոշակի բրենդ է դարձել: Պատճառը հիմնականում այն է, որ դեռ խորհրդային տարիներին ներքին որոշում է ընդունվել, որ Ջերմուկի հանքավայրը պետք է մատակարարի հիմնականում տեղական շուկան, իսկ Արզնիինը` արտասահմանյան: Այսպես «Ջերմուկն» իր տեղն է գտնում Հայաստանում: Սակայն պետք է նկատել, որ «Ջերմուկ» անունով արտադրանք են թողարկում 2 խոշոր կազմակերպություններ` «Ջերմուկի» մայր ջրերի գործարանը եւ «Ջերմուկ Գրուպը»: Իսկ հետաքրքիրն այն է, որ սպառողների մեծամասնությունը տարբերություն չի դնում ուժեղ մրցակցող 2 ընկերությունների արտադրանքի միջեւ:

Մրցակցություն

«Շուկայական հարաբերություններում ոչ ոք ոչ մի ընկերության չի արգելում իր արտադրանքը վաճառել: Յուրաքանչյուր ընկերություն հնարավորություն ունի շուկայում իր տեղը գտնել: Դեռ սովետական տարիներին ճանաչված է եղել «Ջերմուկը» եւ ինչ-որ առումով` «Բջնին»: Մնացածն ավելի շուտ բուժիչ ջրեր են եղել: Այդ չափաբաժինը կարծես թե պահպանվել է այսօրվա շուկայում: Այդ դաշտն այսօր էլ է գործում: Առողջ մրցակցություն է, եւ չեմ կարծում, որ որեւէ ընկերության համար շուկայում արհեստական խոչընդոտներ լինեն»,- ասում է «Բջնի» գործարանի գործադիր տնօրենը: Նման կարծիք ունեն նաեւ այլ փոքր արտադրողներ: Սակայն, շուկայի որոշ սուբյեկտներ, որոնք չցանկացան ներկայանալ, գտնում են, որ հանքային ջրերի շուկայում մրցակցությունն «անազնիվ» է: Իսկ «Ջերմուկի» մայր գործարանի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցում հրաժարվեց շուկայի մասին զրուցել: «Իսկ դուք չգիտե՞ք, թե ինչ խուժան մրցակցություն է մեզ մոտ»,- եղավ նրա պատասխանը: Ենթադրում ենք, որ դա վերաբերում էր շուկայի ամենամեծ մասնակցին` «Ջերմուկ Գրուպին»: Վերջինիս նախագահի խորհրդականը, սակայն, գտնում է, որ մեր երկրում միակ մարմինը, որ կարող է որեւէ շուկայում մրցակցության մասին գնահատական տալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն է: Իսկ հանձնաժողովի նախնական տվյալներով, ՀՀ հանքային ջրերի շուկայում իրացման ծավալներով առաջին տեղերում են «Ջերմուկ Գրուպը» (38,5%), «Ջերմուկ» ՓԲԸ-ն (33,7%) եւ «Բջնի» հանքային ջրերի գործարանը (20,8%): Մնացածների շարքում ամենամեծ չափաբաժինը 3,8%-ն է: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող, եթե նա որպես մատակարար կամ սպառող՝ չունի մրցակից կամ չի հանդիպում որեւէ էական մրցակցության, կամ էլ իրացման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը: Այսինքն, ըստ հանձնաժողովի նախնական տվյալների, «Ջերմուկ Գրուպը» զբաղեցնում է գերիշխող դիրք: «Հանձնաժողովը օգտագործել էր 27 տնտեսվարողների տվյալներ, այն դեպքում, երբ մենք մարդիկ ենք ճանաչում, որոնք հանքային ջուր են արտադրում, բայց որոնց տվյալներն ընդգրկված չեն: Խնդրեցինք հանձնաժողովին, որ հետաձգի ուսումնասիրությունը, եւ այն արտահայտի ողջ շուկայի պատկերը: Գործընթացն ընթացքի մեջ է»,- հավաստիացնում է Է. Ղազարյանը: Ինչպես տեղեկացանք հանձնաժողովից` «Ջերմուկ Գրուպի» առաջարկն ընդունվել է եւ այժմ նոր ուսումնասիրություն է պատրաստվում: «Բացի այդ, շուկայի մրցակցային կամ ոչ մրցակցային լինելը միայն ընկերության գերիշխող դիրքով չի պայմանավորված: Պայմանավորված է նաեւ ընկերությունների մրցակցային կեցվածքով: Շատ դեպքերում որեւէ ընկերություն գերիշխող դիրք է զբաղեցնում, սակայն իր մրցակցային քաղաքականությամբ չի խոչընդոտում ազատ մրցակցությանը, գներով ու հատուկ ակցիաներով չի ճնշում մյուսներին: Որպես արտադրող` մենք շուկան ճանաչում ենք որպես մրցակցային: Մեզ համար մրցակցությունն առավել սուր է: Օրինակ, «Բջնին», «Արզնին», իրենց ջրերի մեջ մրցակցություն չունեն, իսկ մենք ունենք: Մենք մրցակցում ենք «Ջերմուկի» անվան համար, միաժամանակ՝ այլ ընկերությունների հետ»,- ասում է Է. Ղազարյանը: Նրա խոսքերով, սակայն, անբարեխիղճ գովազդի եւ նմանակումների դեպքեր երբեմն լինում են: «Շատերն են փորձում «Ջերմուկ Գրուպի» մուգ կապույտ ապրանքային նշանն օգտագործել: Անցյալ տարի, օրինակ, մեկ ընկերություն դրա համար դատարանով պատասխանատվության ենթարկվեց»,- ասում է «Ջերմուկ Գրուպի» նախագահի խորհրդականը:

Գաղտնիք չէ, որ ցանկացած ապրանք Հայաստանում իրացնելու համար գոյություն ունեն ոչ քաղաքակիրթ մեթոդներ, երբ որեւէ ընկերություն առեւտրային կետերին, հյուրանոցներին, ռեստորաններին եւ այլ հաստատություններին պարտադրում է օգտվել միայն իր արտադրանքից: Հանքային ջրերի շուկայի խոշոր արտադրողները, սակայն, բացառում են նման դեպքերը: «Մենք ոչ մեկից չենք պահանջում, որ հրաժարվեն այլ հանքային ջրերից»,- վստահեցնում է Է. Ղազարյանը: Այնուամենայնիվ, հանքային ջրերի շուկայում «Ջերմուկ Գրուպի» մեծ ակտիվության վերաբերյալ 2 վարկած ենք առաջարկում. կա՛մ այստեղ քաղաքական գործոն էլ կա (ընկերության սեփականատերը ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն է` վարչապետի մտերիմ անձնավորությունը), կա՛մ էլ «Ջերմուկ Գրուպն» իրոք իր տեղն է զբաղեցրել` իհարկե հիմնվելով «Ջերմուկի» անվան վրա: Մենք չենք հարում այս տեսակետներից եւ ոչ մեկին: Միայն պետք է նշել, որ այն ընկերություններին, որոնք շուկայում անբարեխիղճ մրցակցության դեպքեր գիտեն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առաջարկում է կոնկրետ փաստերով դիմել իրենց:

Արտահանումն աճում է

Հայաստանի հանքային ջրերի հիմնական արտասահմանյան շուկան Ռուսաստանն է: Մեր արտադրողներն արտահանում են նաեւ Ուկրաինա, ԱՄՆ, Իրան, Ավստրալիա, Վրաստան (իհարկե, հայ արտադրողները չափազանցնում են Վրաստան արտահանելու փաստը, քանզի այդ երկիրը նույնպես հարուստ է հանքային ջրերի պաշարներով, իսկ վրացական «Բորժոմին» բրենդ է ամբողջ աշխարհում): Իսկ այժմ փորձում են մտնել նաեւ եվրոպական շուկա: Բանն այն է, որ հանքային ջրերի ներմուծման համար Եվրամիությունը պահանջում է միասնական սերտիֆիկատ: Է. Ղազարյանի խոսքերով, այսօր Հայաստանում միայն «Ջերմուկ Գրուպն» ունի այդ սերտիֆիկատը: Իսկ «Բջնին» աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: «Հայաստանն այսօր ունի հանքային ջրի լուրջ ռեսուրսներ, ուստի գտնում եմ, որ Հայաստանի արտահանման ծավալներն աճելու են: Տարեցտարի ընդլայնվելու է նաեւ արտահանման աշխարհագրական կառուցվածքը: Եթե ՌԴ-ում եւ այլ երկրներում հանքային ջրի պաշարների սղության խնդիրն արդիական է, ապա Հայաստանում այդ խնդիրը չկա, եւ, կարծում եմ, առաջիկա մի քանի տասնամյակներում չի լինի»,- գտնում է «Բջնի» գործարանի գործադիր տնօրեն Ս. Հովհաննիսյանը: Է. Ղազարյանը նաեւ հավաստիացնում է, որ տեղական եւ արտասահմանյան շուկաների համար նախատեսված հանքային ջրերի որակի տարբերություն գոյություն չունի: Ի դեպ, հայաստանյան արտադրողները ոգեւորված են այն փաստով, որ Ռուսաստանը կարող է արգելել վրացական հանքային ջրերի ներմուծումը: Այդ դեպքում ռուսաստանյան շուկայում վակուում կառաջանա, իսկ հայ արտադրողի համար նոր հնարավորություններ կբացվեն:

Գնային քաղաքականություն

Այս տեսանկյունից հանքային ջրերի շուկան լրիվ մրցակցային է: Բոլոր արտադրատեսակների գները գրեթե նույնն են: Սակայն, ինչպես մյուս ապրանքների, այնպես էլ շշալցվող հանքային ջրերի սպառողներին սպառնում է գների աճ` պայմանավորված գազի թանկացմամբ: «Հնարավոր է, որ «Բջնիի» գինն էլ բարձրանա, սակայն կփորձենք այն պահել: Դա կախված է շուկայի մյուս մասնակիցների վարվելակերպից: Եթե նրանք գները կայուն պահեն, մենք էլ կպահենք: Բայց դա արտադրական պրոցես է, որն անմիջական կապ ունի գազի եւ հոսանքի հետ. չէ՞ որ ապակե շշի արտադրությունն էլ կարող է թանկանալ»,- ասում է Ս. Հովհաննիսյանը: Իսկ Է. Ղազարյանը հավաստիացնում է, որ «առայժմ գազի գինը չի ստիպում արտադրանքը թանկացնել»:

Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանում շշալցված հանքային ջրերը դեղատներում հիմնականում չեն վաճառվում: Այս փաստը Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բնական բուժական ռեսուրսների հետազոտման կենտրոնի գիտղեկավար, գլխավոր գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ռիտա Էմինյանը նորմալ է համարում, քանզի Հայաստանում շշալցվող բուժիչ հանքային ջուր դեռ գոյություն չունի (դրանք պետք է վաճառվեն միայն դեղատներում): «Մեր օրենսդրությունը ոչ մի ապրանք չի արգելում դեղատանը վաճառել: Սակայն, մեր արտադրանքի իրացման մեխանիզմն այդպիսին չենք տեսնում»,- ասում է Է. Ղազարյանը: