Այդ մեկ հնչյունը նրա ոգու հնչյունն է, որն ուղղված է լինելու Հայրենիքը սիրող ու գնահատող բոլոր հայերին: Ղարաբաղյան պատերազմի հուշն ու հնչյունները լսվելու են նրա նոր երգերում, որոնք կկատարեն Աննա Մայիլյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլ երգիչներ: «Կենդանի հնչողություն է լինելու, բեմում մոտ 30 մարդ է աշխատելու»,- ասաց Դ. Ամալյանը, ով ասուլիս էր հրավիրել եւ բավականին շփոթված վիճակում էր գտնվում, քանի որ իր համերգների լուրը բառիս բուն իմաստով երկու լրագրողի էր հետաքրքրել:
«Ես պոպուլիզացվելու ցավով չեմ տառապում: Ինչ անում եմ, իմ ոգու կանչով ու ընկերներիս հետ եմ անում»,- ասում էր նա` չկարողանալով թաքցնել իր շվարած վիճակը: Սեփական ուժերի վրա հույս դրած երիտասարդ, շատ հետաքրքիր կոմպոզիտորը թեեւ լավ երգեր ու խիստ սկզբունքներ ունի, սակայն այնքան էլ ծանոթ չէ հայ ունկնդրին: Համենայնդեպս, Արամ Ասատրյանի կամ Անդրեի նման ուշադրության կենտրոնում չի հայտնվում: Խնդիրը հենց միայն փոփ երաժիշտների շարքերից որոշակի հեռավորության վրա գտնվելու ու սեփական իմիջը չքարոզելու մեջ է: «Հիմա իդեալները փոխվել են, բայց ես կցանկանայի, որ իմ երեխաները գնահատեին իսկական տղամարդկությունն ու արվեստը: Կանացի կերպարանքով երգող տղամարդկանցից, ճիշտն ասած, մի քիչ վախենում եմ»,- ասաց շատ ընդգծված, «տղամարդավարի» կերպար ունեցող ու պատերազմում կռված Դ. Ամալյանը: Նրա երաժշտությունը շատ նման է իր կերպարին, ու թեեւ այն մեծ լսարան դեռ չունի, բայց միայն այն փաստի շնորհիվ, որ տարբերվում է քաղցրահամ ու միօրինակ մեր էստրադայից, արդեն իսկ ոգեւորիչ է: Եվ Դավիթը, եւ Աննա Մայիլյանը, եւ սփուռքահայ երգիչ Արսեն Գրիգորյանը հասկանում են, որ երգի հայկական շուկայում տեղ ունենալը բարդ է, քանի որ անուն ու հաջողություն են ունենում նրանք, ովքեր հաճախ են ցուցադրվում հեռուստատեսությամբ: Այդ պատճառով էլ նրանք շատ են գնահատում ընկերությունը: Դ. Ամալյանին աջակցում է «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը, որի օգնությամբ 2004թ. կայացել են Ամալյանի առաջին համերգն ու ձայներիզի շնորհանդեսը: «Նրանք ինձ օգնում են, քանի որ իմ ընկերներն են, բայց մեկն էլ լիներ` իրենց օգներ»,- նկատեց կոմպոզիտորը: Իսկ մայիսյան համերգները կազմակերպվել են Պաշտպանության նախարարության աջակցությամբ: Հայրենասիրական հնչողություն ունեցող համերգների մասին խոսելով` Դ. Ամալյանն ասաց. «Ես չեմ ընդունում «հայրենասիրական երգեր» հասկացությունը: Եվ այդ արտահայտության մեջ ավելի եմ կարեւորում «սիրել» բառը: Դա է կարեւորը»: