Նրանցից երեքը՝ «Տարածաշրջանային զարգացման կենտրոնը», «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնը» եւ «Հայկական բուսաբանական ընկերությունը» երեկ հրավիրած ասուլիսում, բացի այն, որ իրենց անզորությունը հայտնեցին «գործադիր մարմնի՝ կառավարության հետ» համագործակցության առումով՝ վերջինիս ոչ թափանցիկ եւ քողարկված գործելաոճի պատճառով, ներկայացրեցին նաեւ Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում ստանձնված պարտավորությունների խախտման մի շարք փաստեր:
Խոսքը մասնավորապես վերաբերում էր 2003-2004 թթ. ընթացքում ՀՀ կառավարության՝ Դալմայի այգիների տարածքի կառուցապատման վերաբերյալ ընդունած 5 որոշումներին, որոնք մի շարք հասարակական կազմակերպությունների եւ մասնագետների կարծիքով ընդունվել են ՀՀ օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներով:
Վերոհիշյալ կազմակերպությունները 2004 թ. օգոստոսին դիմում են ներկայացրել Երեւանի կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ որոշումները՝ հիմնավորելով, որ դրանք խախտում են Օրհուսի կոնվենցիայի, Հողային օրենսգրքի, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Դիմումի ընդունումը, սակայն, մերժվել է՝ դատարանի իրավասությունների շրջանակից դուրս լինելու հիմնավորմամբ: Դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է, որ կառավարության որոշումների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը կարող է որոշվել միայն ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից: 2004 թ սեպտեմբերին կազմակերպությունները դիմում են ուղղել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին»՝ Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության հանձնաժողովին՝ վկայակոչելով Հայաստանի կողմից վավերացված այս կոնվենցիայի սահմանած պարտավորությունների չկատարման մասին փաստերը: Համապատասխանության հանձնաժողովը` քննության առնելով այդ փաստերը՝ ճանաչել է Դալմայի այգիների կառուցապատման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացի անհամապատասխանությունը Հայաստանի կողմից վավերացված Օրհուսի կոնվենցիային: Հանձնաժողովը նշել է, որ հանրային կառավարման գործառույթներն իրականացնող մարմինների կողմից դիմումատուներին համապատասխան տեղեկատվություն չտրամադրելով` Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկու դրույթներ: Կառուցապատման վերաբերյալ կոնկրետ որոշումներ կայացնելու գործընթացներում հասարակության լիարժեք մասնակցությունը չապահովելով մասամբ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի մի շարք դրույթներ: Հողօգտագործմանն առնչվող որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությունը չապահովելով, ՀՀ կառավարությունը խախտել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթները: Սա, իհարկե, խախտումների ողջ ցանկը չի, սակայն Համապատասխանության հանձնաժողովը տառ առ տառ դրանք ուսումնասիրելուց եւ արձանագրելուց հետո դիմել է ՀՀ կառավարությանը՝ մի շարք առաջարկներով: Մասնավորապես՝ ձեռնարկել գործնական եւ օրենսդրական միջոցառումներ՝ շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության մատչելիության առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ապահովել հասարակության մասնակցության ընթացակարգերի գործնական կիրարկումը որոշումների ընդունման բոլոր մակարդակներում, ապահովել որոշումների կայացման համապատասխան մեխանիզմների կիրառումը, ձեռնարկել համապատասխան գործնական միջոցառումներ ապահովելու արդարադատության մատչելիությունը: Ինչպես նաեւ՝ առաջարկվել է ՀՀ կառավարությանը` հաշվի առնել Հանձնաժողովի կարծիքն ու գնահատականն` ընթացող օրենսդրական բարեփոխումների ընթացքում: Շահագրգիռ կազմակերպություններին առաջարկվել է կողմերի 2008թ. նախատեսված հանդիպումից 6 ամիս առաջ Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել վերոնշյալ առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների եւ դրանց իրականացման արդյունքների վերաբերյալ: