Ընտրացուցակը պատրաստ է

04/05/2006

Այն սպասվածից շատ ավելի կարճ է։ Ինչպես գիտեք, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի Շահառուների խորհրդում տեղ ունենալու համար մայիսի 2-ին պետք է տեղի ունենան ընտրություններ։ Տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել ընտրությանը, մինչեւ ապրիլի 26-ը պետք է համապատասխան հայտ ներկայացնեին ՀՀ ՖԷ նախարարություն։ Երեկ ծրագրի կայքէջում հրապարակվել է այն ՀԿ-ների ցուցակը, որոնք մասնակցելու են ընտրությանը։ Շահառուների խորհրդում ՀԿ-ների համար նախատեսված 5 տեղի համար հայտ են ներկայացրել թվով 83 կազմակերպություն։ Իսկ միայն ընտրելու իրավունք ունենալու համար ՖԷ նախարարություն է դիմել 145 կազմակերպություն։ Այսինքն, ամեն թեկնածուին բաժին է ընկնում 2-ից էլ պակաս ընտրող։ Դատելով այն հանգամանքից, որ ընտրվող կազմակերպությունն ունի նաեւ ընտրելու իրավունք, կարելի է ենթադրել, որ ՀԿ-ներից ոչ ոք ձայների բացահայտ առավելություն չի ունենա։ Դժվար թե թեկնածուն ընտրի մեկ այլ թեկնածուի։ Ինչպես մեզ տեղեկացրին «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի լրատվական ծառայությունից, հայտերի թիվը կարող է 1-2 հոգով ավելանալ, քանի որ հնարավոր է՝ որոշ կազմակերպություններ հայտերն ուղարկեն փոստով, որը կարող է ուշ տեղ հասնել։ Ինչեւէ, ՀԿ-ների ակտիվությունն` այս խոշոր դրամաշնորհի ճակատագրի հետ կապված, շատ թույլ է։ Մոտ 4000 ՀԿ-ներից ընտրության հայտ են ներկայացրել ընդամենը 145-ը։ Ըստ էության, 83 թեկնածուները կարողացել են համոզել եւս 62 հոգու։ Ընդամենը։ Մնացած հազարավոր կազմակերպություններին սա չի հետաքրքրել, երեւի այն պատճառով, որ հաղթելու շանսեր չունեն։