Մի՞թե վերջին դպրոցն է սա

04/05/2006

Երկրաշարժից հետո Գյումրիի Ա. Խնկոյանի անվան թիվ 33 դպրոցում դասերն անցկացվել են արդեն կիսաքանդ, մութ ու խոնավ տնակներում: Այս դպրոցը ներկայումս գործող տնակային միակ ուսումնական հաստատությունն է Շիրակի մարզում: Շվեյցարական «Կազա» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, բարերար Լյութիանա Շտումպի եւ «Արմենիանոս» հիմնադրամի ֆինանսական միջոցներով այժմ ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, որոնք արդեն ներքին հարդարման փուլում են: Դպրոցի տնօրենի խոսքերով, պատվիրված է նաեւ դպրոցին անհրաժեշտ գույքը, լուծված է դպրոցի կաթսայատան հարցը, որն աշխատելու է գազով եւ հեղուկ վառելանյութով: Թեեւ դպրոցի շինարարության մեծ մասն արդեն ավարտված է, սակայն ընթացիկ չկանխատեսված ծախսերը, հիմնականում շինանյութի թանկացման պատճառով, պահանջում են լրացուցիչ ֆինանսավորում, որը դպրոցի տնօրինությունն ակնկալում է կրկին լուծել բարերարների աջակցությամբ՝ մայիսին սպասվող նրանց հերթական այցի ընթացքում: Առաջնահերթ խնդիր է նաեւ տարածքի բարեկարգումը, որի համար արդեն ակնկալում են տեղի իշխանությունների օժանդակությունը: