Մեր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ապրիլի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Շենգավիթ 11 փողոցի, 39/2 շենքի բակում հայտնաբերել են 2 անչափահաս երեխաների ծնողներ՝ Թերեզա Ջանիբեկի Ալոյանի դիակը եւ նրա ամուսնուն՝ Հովհաննես Նվերի Կիրակոսյանին` տարբեր աստիճանի վնասվածքներով։ Վերջինիս տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն: Շենգավիթի դատախազությունում Թ. Ալոյանի մահվան փաստով հարուցվել է քր. գործ: Ապրիլի 11-ին հարուցված քրգործը Երեւան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանի որոշմամբ տեղափոխվել է Երեւան քաղաքի դատախազության վարույթ: Մեր տեղեկություններով՝ Երեւան քաղաքի դատախազությունն այս գործով հսկայածավալ օպերատիվ քննչական աշխատանքներ է կատարել, աշխատելով անգամ հանգստյան օրերին: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նույն օրը ժամը 23.15-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցերի շուրջ վեճի են բռնվում միմյանց հետ, որը տեւում է 40 րոպեից ավելի: Միջադեպին ներկա է լինում նաեւ Հ. Կիրակոսյանը, որի կինը՝ Թ. Ալոյանը, միջամտելով փորձում է ամուսնուն ետ պահել, սակայն այդ պահին, ըստ բակի բնակիչների եւ ականատես վկաների, արտասահմանյան արտադրության «Ջիփ-Ինֆինիթի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել բակում հավաքված վեճի մասնակիցներից 2-ին:
Թ. Ալոյանը մահացել է, իսկ նրա ամուսին Հ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ միջադեպից հետո կամավոր Երեւան քաղաքի դատախազություն է ներկայացել միջադեպի մասնակիցներից Նվեր Կիրակոսյանը, որը կալանավորվել է, իսկ եւս մեկ հոգու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության շահերից ելնելով` հետախուզվող անձի տվյալները չենք հրապարակում: Ձեռնարկվում են օպերատիվ որոնողական միջոցառումներ նրան հայտնաբերելու եւ բերման ենթարկելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաեւ «Ջիփ-Ինֆինիթի» մակնիշի «88ՕԼ900» պետհամարանիշի ավտոմեքենան, որը պատկանում է Զաքյան 5 հասցեի բնակիչ Գոռ Ղալումյանին: Հիշեցնենք, որ այդ մեքենայով էր կատարվել վրաերթը:
Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ վրաերթ կատարողը եղել է Նորագյուղի Ավետի բարեկամներից, սակայն պարզվել է, որ Ավետի անունը վեճի մասնակիցները շահարկել են միմյանց վախեցնելու նպատակով: Ստացվում է, որ մեր օրերում «ռազբորկաների» ժամանակ երիտասարդ սերնդի համար զսպաշապիկը ոչ թե օրենքն է, այլ հեղինակությունների անունների շրջանառությունը: