Այս տարի էլ՝ ցրտահարությունը

01/05/2006

Գյուղատնտեսության նախարարությունն ահազանգում է սպասվող ցրտահարության մասին: Հիդրոմետ վարչության կանխատեսումների համաձայն` ապրիլի լույս 27-ի գիշերը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ մինչեւ զրոյական աստիճան: Գյուղնախարարությունն այս մասին տեղյակ է պահել մարզպետարանների համապատասխան վարչություններին: «Առաջին հերթին կտուժեն հողի մակերեսին ավելի մոտ գտնվող բուսատեսակները՝ խաղողի այգիները, արդեն հողի մակերեսից դուրս եկած ցողուններ ունեցող կարտոֆիլի ցանքերն ու բաց դաշտում արված սածիլները,- ասում է Գյուղնախարարության բուսաբուծության բաժնի պետ Գառնիկ Պետրոսյանը: -Ծիրանենիներին ու այլ պտղատու ծառերին, կարծում եմ, ցրտահարություն չի սպառնում»: Բայց այս շրջանում Արարատյան դաշտում ծաղկել են խնձորենիներն ու տանձենիները, ու դժվար թե այդ ծառերի ծաղիկները դիմանան սպասվող ցրտին: Իսկ բարձրադիր վայրերում կցրտահարվի հավանաբար ողջ բուսականությունը: Գյուղնախարարությունը չի հաշվարկել սպասվող ցրտահարության հնարավոր վնասները, բայց դրանք նվազեցնելու համար խորհուրդ է տալիս ծխածածկույթներ առաջացնել: