Հրադադարի խախտում. կան վիրավորներ

01/05/2006

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 26-ին, ժամը 11:40-ի սահմաններում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարտական հենակետում գտնվելիս աջ ուսից վիրավորվել է Վայքի զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարութ Վալերիկի Մանուչարյանը` ծնված 1987թ., զորակոչված 2005թ. Նաիրիի շրջանից: Ապրիլի 25-ին, ժամը 20:40-ի սահմաններում հրազենային վիրավորումներ են ստացել նաեւ Իջեւանի զորամասի ժամկետային զինծառայողներ, շարքային Նարեկ Վահրամի Հովհաննիսյանը` ծնված 1986թ., զորակոչված 2004թ. Աշտարակի շրջանից, եւ շարքային Գոռ Արտակի Աբրահամյանը` ծնված 1986թ., զորակոչված Մաշտոցի շրջանից: Այսօր վաղ առավոտյան Իջեւանի քաղաքային հիվանդանոցից Նարեկ Հովհաննիսյանը (ձախ աճուկային շրջանում միջանցիկ վիրավորում) տեղափոխվել է Երեւան, իսկ Գոռ Աբրահամյանը (աջ սրունքի միջին երրորդականի միջանցիկ վիրավորում)՝ Վանաձորի զինհոսպիտալ:

ՊՆ-ից հաղորդում են, որ երկու դեպքում էլ հայկական կողմից պատասխան կրակ չի բացվել: