300-ը դարձավ 1000

01/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Հարկային պետական ծառայությունը (ՀՊԾ) հրապարակել է 2006թ. առաջին եռամսյակի ընթացքում առավելագույն հարկեր մուծած ընկերությունների ցանկը։ Նախորդ տարվա հետ տարբերությունն այն է, որ այս անգամ խոշոր հարկատուների ցուցակում տեղ են գտել ոչ թե 300, այլ 1000 հարկատուներ։

Դա արվել է այն նպատակով, որպեսզի հանրությունն ավելի լայն պատկերացում կազմի հանրապետությունում գործող ընկերությունների եւ նրանց գործունեության մասին։ Ինչպես տեղեկացրեց ՀՊԾ մամուլի քարտուղար Մերի Հարությունյանը, այսուհետ նույնպես հարկայինը կհրապարակի ոչ թե 300, այլ 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, առաջին եռամսյակի ընթացքում բյուջեի մասով հարկային մուտքերը կազմել են 43,2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 8 միլիարդով։ Ինչպես գիտեք, անցյալ տարվանից սկսած` սոցապ վճարների հավաքագրմամբ զբաղվում է հարկայինը։ 2006թ. առաջին 3 ամիսների ընթացքում այս գծով բյուջե է մուտքագրվել 15,3 մլրդ դրամ։

Ինչպես 2005թ. վերջին եռամսյակի, այնպես էլ այս տարվա առաջին 3 ամիսների ցուցակը ներկայացնում է հարկային եւ մաքսային մարմինների հավաքագրած գումարները։

Այսպես, առաջին 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 61,21 մլրդ դրամ, որից 33,66 մլրդ-ը` հարկային, իսկ 27,55-ը՝ մաքսային մարմիններին։ Ընդհանուր մուտքերի մեջ առյուծի բաժինը կազմում են անուղղակի հարկերը՝ ԱԱՀ-ն եւ ակցիզային հարկը (33,27 մլրդ կամ 54,35%)։ Երկրորդ տեղում շահութահարկի եւ եկամտահարկի գծով վճարված գումարներն են։

Հետաքրքիր են նաեւ ցուցակի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած ընկերությունների ցուցանիշները։ Առաջին 20 տեղերը զբաղեցնող ընկերությունները միասին բյուջե են վճարել 28,55 մլրդ դրամ։ Դա կազմում է 1000 հարկատուների վճարած գումարների մոտ 46,6 տոկոսը։ Տնտեսությանը տոն տվող ամենախոշոր ընկերությունների ցանկը, ինչպես նախորդ տարի, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ իր վճարած 5 մլրդ դրամով։

«ԱրմենՏելն» առաջին 3 ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 3,8 մլրդ դրամ եւ պահպանել է երկրորդ հորիզոնականը։ Վառելիք ներմուծող «Ֆլեշը» 2005թ. ցուցակում զբաղեցրած երրորդ տեղը զիջել է «ՀայՌուսգազարդին» եւ հանգրվանել 4-րդ տեղում։ Մեր միակ գազամատակարարն առաջին երեք ամիսներին վճարել է 3,2 մլրդ դրամի հարկ։ Չի բացառվում, որ հաջորդ ցուցակում «ՀայՌուսգազարդը» բարձրանա երկրորդ տեղ։ Ցուցակը կազմված է առաջին երեք ամիսների տվյալների հիման վրա։ Իսկ ապրիլի 1-ից, ինչպես գիտեք, ընկերությունը 1 խմ գազի դիմաց «Գազպրոմին» վճարում է ոչ թե 56 դոլար, այլ գրեթե 2 անգամ ավելի։ «ՀայՌուսգազարդն» էլ ապրիլի 10-ից սպառողներին գազը հասցնում է ոչ թե 1խմ-ն 59, այլ` 90 դրամով, այսինքն՝ 1,5 անգամ ավելի։ Հետեւաբար, նույնքան անգամ կավելանան նաեւ բյուջե վճարվող անուղղակի հարկերը։ Հաշվի առնելով, որ «ՀայՌուսգազարդի» վճարած 3,2 մլրդ-ից 3 միլիարդը (ավելի քան 93%-ը) բաժին է ընկնում անուղղակի հարկերին եւ բաժանորդների թվաքանակի ավելացումը, շատ հնարավոր է, որ ընկերության վճարած հարկերը 2006թ. առաջին կիսամյակի վերջում կազմեն մոտ 7,5-8 միլիարդ։ Հիշեցնենք, որ նախորդ ողջ տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդը» պետբյուջե է վճարել 8,96 մլրդ դրամի հարկ։

5-րդ հորիզոնականում՝ «Ֆլեշին» հաջորդում է նրա գործընկերը՝ «Քաղ. պետրոլ սերվիսը» (CPS), որն անցյալ տարվա ցուցակում զբաղեցնում էր 7-րդ տեղը։ 6-րդ տեղում սիգարետների ներմուծմամբ զբաղվող «Պարես Արմենիան» է։ «Ղ-Տելեկոմը» նախորդ տարվա ընդհանուր ցուցակում զբաղեցնում էր 15-րդ տեղը, իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով առաջադիմել է 8 տեղով։ Ընկերությունը բյուջե է վճարել 1,5 մլրդ դրամի հարկեր եւ զբաղեցնում է 7-րդ տեղը։ «Հայաստանի էլեկտրացանցերը», «Գրանդ-Տոբակոն» եւ ատոմակայանը պահպանել են իրենց դիրքերը եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 8-10-րդ տեղերը։ Այս ընկերությունները միասին բյուջե են վճարել մոտ 3,3 մլրդ դրամ։

«Երեւանի կոնյակի գործարանը», որը 2005թ. վճարել էր 2.69 մլրդ դրամ, այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում պետբյուջե է մուծել 411 միլիոն դրամ եւ գտնվում է 20-րդ տեղում։

Հետաքրքրասերների համար նշենք, որ ցուցակի «ետնապահը» «Հայր եւ որդի Մկրտչյաններ» ընկերությունն է։ Մկրտչյանները բյուջե են վճարել 6,79 մլն դրամ եւ գտնվում են 1000-րդ տեղում։

Ցուցակում տարբեր ընկերությունների զբաղեցրած դիրքերը տարվա ընթացքում դեռ փոփոխություններ կկրեն՝ կապված տնտեսական գործունեության յուրահատկությունների, սեզոնայնության, տարբեր հարկատեսակների հաշվարկման ժամանակացույցի եւ այլ գործոնների հետ։

Անցյալ տարվա վերջին՝ ՀՀ վարչապետին ներկայացված հաշվետվությունից հետո, ՀՊԾ պետ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ խոշոր հարկատուների ցուցակի հրապարակումը «թասիբի է գցում» մեր գործարարներին։ Մնում է սպասել եւ տարվա վերջին արձանագրել «թասիբ» գործոնի տված տնտեսական օգուտները։