Թուրքիայի Արտգործնախարարությունը նախօրեին հայտարարել է, թե Կանադայի վարչապետ Ստիվեն Հարփերի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ վնասել են Կանադայի եւ Թուրքիայի հարաբերությունները: «Մենք վիրավորված ենք վարչապետի մեկնաբանություններից, որոնք սատարում են ցեղասպանության վերաբերյալ Հայաստանի անհիմն մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Կանադայի վարչապետը ողջունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին Կանադայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Իմ կուսակցությունը եւ ես սատար ենք կանգնել եւ կշարունակենք սատար կանգնել այդ բանաձեւերին»,- ըստ «Ֆրանսպրես»-ի, հայտարարել է վարչապետը: «Հյուրիեթ» թուրքական թերթն էլ` նախօրեին հղում կատարելով մի դիվանագետի, նշել է, թե Կանադայի վարչապետի մեկնաբանությունների պատճառով կանադական ընկերությունները դուրս են մնացել Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար հայտարարված մրցույթից: