ՀՀ նախագահը նույնիսկ այդ գծով խորհրդական էլ ունի, որն ամեն անգամ ժողովրդի հետ հանդիպելիս չի մոռանում խոսել իր առաքելության մասին եւ ոգեւորված հայտարարում է, որ ինքն ու մեր իշխանավորները միջին խավ ձեւավորելու գործում մեծ հաջողությունների են հասել: Սակայն փաստերը հակառակն են ապացուցում: Մեր իշխանություններն ամեն ինչ արեցին, որ տնտեսության ցանկացած ոլորտ մոնոպոլիզացվի: Իսկ մոնոպոլիզացումը միջին խավի ստեղծման առաջին թշնամին է:
Այսօր տոնավաճառներում առքուվաճառքով զբաղվող անհատ ձեռներեցները համարվում են միջին խավի ներկայացուցիչներ: Իսկ տոնավաճառներում վաճառվող ապրանքի կեսից ավելին ներկրվում է Թուրքիայից: Արդեն գիտենք, որ Հայաստանի մաքսակետերում խիստ պայմաններ են դրվել թուրքական ապրանքի ներմուծման վրա: Հատկապես սննդամթերքի համար պահանջվում է որակի սերտիֆիկատ: Այդ փաստաթուղթը տալիս է ՀՀ Ստանդարտացման ազգային ինստիտուտը, որը տեղեկատվություն էր տարածել, թե ապրիլի 17-ից հետո թուրքական ապրանքների համար այլեւս սերտիֆիկատ չի տալու: Այս մասին տեղեկացրել են նաեւ թուրքական ապրանքի ներմուծմամբ զբաղվողներին, որոնք այս օրերին վաճառում են մինչ այս ներկրած ապրանքը: Շատերի ներկրածն արդեն սպառվել է, բայց նրանք վախենում են նորից Թուրքիա գնալ: Վստահ չեն, որ կկարողանան իրենց ապրանքը հայկական սահմանն անցկացնել: Անորոշ վիճակում են հատկապես շինանյութ ու մթերք ներկրողները: Իսկ տոնավաճառներում առեւտուր կազմակերպող անհատ ձեռներեցներից մի քանի խումբ գնացել են, ու եկողները պատմում են, որ «ապրանք բերել հնարավոր է, ուղղակի մաքսայինի տղերքն են համը հանում ու իրենց լեւի-պռավի տուրքերը կրկնակի չափով ավելացնում»:
«Մենք էլ էինք մտածում, թե չենք կարողանա բերել,- ասում է «Հայաստան» հանրախանութում հագուստ վաճառողներից մեկը: -Բայց չէ, բերեցինք, միայն թե մաքսայինին շատ վճարեցինք: Իսկ իմ ընկերն ապրանքը ֆուռով էր ուղարկել, ինքը ինքնաթիռով էր եկել: Էս անգամ տամոժնիայից մինչեւ հանեց իր ապրանքը, վրեն կրկնակի թանկ նստեց: Իսկ ինքնաթիռում անվճար թույլատրվող 20 կգ ճամպրուկի համար էլ օդանավակայանում 200 դոլար էին պոկել»:
Ի՞նչ է ստացվում, այս ամբողջ աղմուկն ընդամենը նրա համար էր, որ մաքսայինի տղերքը շատ փող հավաքե՞ն: Միգուցե մեր իշխանություններն արդեն մտածում են, թե Հայաստանում միջին խավն այնքան է զարգացել, որ դարձել է հարուստների խավ, եւ որոշել են նրանցից համապատասխան չափո՞վ շորթել: Թե՞ նոր են գլխի ընկել, որ Թուրքիան հայկական արտադրանքի ներմուծման վրա դեռեւս 1993թ. էր արգելք դրել, եւ իրենք էլ որոշել են համապատասխան քայլեր ձեռնարկել: Սակայն Թուրքիայի համար հայկական սահմանի բացումն այն արժեքը չունի, ինչ Հայաստանի համար: Հայաստանն իր 2,5 միլիոնանոց շուկայով Թուրքիայի համար տնտեսական մեծ հետաքրքրություն չի կարող ներկայացնել: Իսկ թուրքական ապրանքի ներմուծումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի: Նախ, որ այլընտրանք կլինի պարսկական կամ չինական ապրանքի համար, հետո էլ՝ մրցակցությունը միշտ էլ դրական հետեւանքներ է ունենում:
Թեեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, բայց մեր ձեռներեցները միշտ էլ այդ երկրից ապրանք ներկրել են: Ներկրված ապրանքի քանակը տարեցտարի ավելանում է: Պաշտոնական վիճակագրության տվյալներով, եթե 2004թ. ներկրվել է մոտ 40 մլն դոլարի ապրանք, ապա 2005թ. այդ թիվը հասել է 65 մլն դոլարի: Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք իրականությունից շատ հեռու են: Ներկրողներն իրենց փորձով հավատացնում են, որ Թուրքիայից ներկրված ապրանքի ծավալներն իրականում 5-6 անգամ ավելի մեծ են: Ուղղակի Թուրքիայում դրանք ձեւակերպվում են որպես Վրաստան առաքվող ապրանք, եւ այդ ձեւով էլ հնարավոր է լինում Հայաստան մուտք գործելիս խուսափել պետական հաշվառումից: Բայց մաքսայինի ձախ թրի տակից, իհարկե, հնարավոր չէ խուսափել, որը, բնականաբար, չի մտնում պետական վիճակագրության մեջ:
Այսօր Թուրքիայից ապրանք ներկրողների շրջանում մի կարծիք էլ է շրջանառվում: Ասում են՝ այս ամբողջ աղմուկը նաեւ նրա համար է, որ այդ երկրից սննդամթերքի ներկրումը կենտրոնացվի մի օլիգարխի ձեռքում: Թե ո՞ւմ, չկարողացանք իմանալ:
«Մեր օլիգարխներից ո՞վ է սննդամթերք ներկրում,- հարցրեց «Փեթակ» շուկայի վաճառականներից մեկը: -Մի քիչ սպասեք, դուք էլ կլսեք»:
Սա շատ ծանոթ սցենար է: Մեր իշխանությունները նախ ինչ-որ որոշում են հանում ու բացատրում, թե դա մեր տնտեսության համար շատ օգտակար է: Իսկ հետո, երբ արդեն սույն իրավական ակտը կիրառություն է ստանում, տեսնում ենք, որ դա արվել է տվյալ ոլորտը որեւէ օլիգարխի կամ պաշտոնյայի հանձնելու համար: Այնպես որ՝ չի բացառվում, որ մի քանի ամիս արգելվի Թուրքիայից ապրանք ներկրելը, իսկ հետո տեսնենք, որ լավ էլ ներկրում են, ուղղակի մի քանի հազար հոգու փոխարեն արդեն մի քանի հոգի են ներկրելու:
Ներկրողները մտավախություն ունեն, որ մաքսային այսպիսի խիստ պայմանների ստեղծումը հենց այդպիսի նպատակ է հետապնդում, որի հետեւանքով իրենք չեն կարողանա աշխատել ու գործազուրկ կմնան: Իսկ եթե հաշվի առնենք, որ մեր տոնավաճառներում առքուվաճառքով զբաղվողների կեսը թուրքական ապրանք է վաճառում, ապա սպասվող գործազրկության ծավալը որոշակի կդառնա: Միայն Երեւանում աշխատում են տասից ավելի խոշոր տոնավաճառներ, որոնցից ամեն մեկն ունի 400-500 տաղավար, այսինքն՝ նույնքան էլ աշխատողներ: Ընդհանուր առմամբ` միայն Երեւանում ավելի քան 4000 ընտանիք իր գործունեությամբ կապված է Թուրքիայի հետ: Իսկ այդ երկրից ապրանքի ներմուծումն արգելելուց հետո, այդքան ընտանիքներ մնալու են գործազուրկ:
Իսկ մեր հասարակական կազմակերպությունները (հկ), որ շատ հաճախ իշխանական դուդուկի տակ են պարում, այսքան տարի աշխատելուց հետո հանկարծ հայտնաբերել են, որ թուրքական որոշ սննդամթերքի մեջ աղիքային ցուպիկի ու բորբոսասնկերի պարունակությունը նորմայից բարձր է: ՀԿ-ների ղեկավարներից մեկն էլ հավանաբար հայրենասիրական մղումից դրդված սպառողներին կոչ էր անում ընդհանրապես հրաժարվել թուրքական ապրանքից: Կոչ անողները, սակայն, չէին նշում, թե թուրքական անորակ ապրանքն ինչո՞վ փոխարինել՝ տեղակա՞ն, պարսկակա՞ն, թե՞ չինական ավելի անորակ ապրանքներով: