Ապրիլի 25-ին հայ սպառողների շահերը պաշտպանող հասարակական 2 կազմակերպություններ սննդի անվտանգությանը նվիրված ասուլիս էին կազմակերպել։ Դրան չէինք անդրադառնա, եթե բանախոսներից մեկը չհայտարարեր՝ թուրքական ապրանք գնելը հայերի արժանապատվությունից ցածր է…
Բանախոսները՝ Աբգար Եղոյանն ու Արմեն Պողոսյանը, Հայաստանում վաճառվող սննդամթերքի անվտանգության թեմայից սահուն անցում կատարեցին հայ-թուրքական հարաբերություններին եւ հայրենասիրությանը։ Ըստ երեւույթին, ապրիլի 25-ը պատահական չէր ընտրված եւ ամենաշատն այդ օրն էր սազում ասել՝ «Հայերը չպետք է գնեն թուրքական ապրանքներ։ Ոչ թե նրա համար, որ դրանք անորակ են կամ վտանգավոր, այլ պարզապես այն պատճառով, որ դրանք թուրքական են»։ Խոսքերի հեղինակը Արմեն Պողոսյանն է, որի ղեկավարած ՀԿ-ն իբր պաշտպանում է սպառողների շահերը։
Իհարկե, թուրքական ապրանքներն առանձնապես բարձր որակով չեն փայլում, սակայն ազգայնականությունը միշտ չէ, որ տեղին է։ Հիշատակվեց, որ ժամանակին, երբ Ֆրանսիան դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան բոյկոտ հայտարարեց ֆրանսիական ապրանքներին։ Պարզվեց՝ մենք էլ պետք է թուրքերին նույն ձեւով պատասխանենք։ Սակայն սպառողների շահերը ներկայացնող մարդկանց առաջին հերթին պետք է մտահոգի ոչ թե ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, այլ սպառողական շահերը։ Իսկ այդ շահերի մեջ մտնում է նաեւ նյութականը։
Այսօր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակ է, սակայն հայաստանյան շուկայում թուրքական ապրանքները քիչ չեն։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով` 2005թ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 57,89 մլն դոլարի ապրանք։ Իսկ ըստ ծագման երկրի, շուկա մտած թուրքական ապրանքների գումարային մեծությունը կազմել է 63 մլն դոլար։ Եվ սա` փակ սահմանի պարագայում։
Ըստ մասնագետների, սահմանների փակ լինելու պատճառով շահում է հիմնականում Վրաստանը, քանի որ ապրանքները Հայաստան են հասնում հենց այս երկրի տարածքով։ Դա մեծացնում է տրանսպորտային ծախսերը, հետեւաբար նաեւ՝ հայաստանյան շուկայում վաճառվող թուրքական ապրանքների գները։ Եվ անգամ այս գների պարագայում այդ ապրանքները մրցունակ են, սպառողներին ոչ ոք չի համոզում գնել թուրքականը։ Նրանք կայացնում են ինքնուրույն որոշում՝ ելնելով որակից, գնից եւ այլ գործոններից։ Իսկ թուրքական ապրանքը, որպես կանոն, որակով գերազանցում է չինական եւ իրանական արտադրանքին։
Թուրքական ապրանքների ներմուծման վրա արգելք դնելը վնաս է առաջին հերթին հենց սպառողներին, քանի որ սահմանափակում է նրանց ընտրության հնարավորությունը։ Թուրքական ապրանքներին բոյկոտ հայտարարելով (թեեւ դա դժվար թե հաջողություն ունենա), մենք Թուրքիային մեծ վնաս չենք պատճառում։ Ըստ Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալների, 2004թ. այս երկրի արտահանումը կազմել է 63 մլրդ դոլար։ Նույն թվին Թուրքիայից Հայաստան ներմուծումը կազմել է ընդամենը 39,8մլն դոլար։ Այսինքն, Թուրքիայի արտահանման մեջ Հայաստանին բաժին է հասնում ընդամենը 0,06%-ը։ Դե ինչ, շա՞տ մեծ վնաս ենք տալու այդ երկրի տնտեսությանը։
Իսկ ինքներս մե՞զ։ Սպառողների շահերից բացի` հարկավոր է հաշվի առնել այն հազարավոր մանր ու միջին գործարարներին, ովքեր զբաղվում են թուրքական ապրանքների առեւտրով՝ եթե առաջնորդվենք պրն Պողոսյանի տրամաբանությամբ, «արժանապատվությունից ցածր գործով»։ Իսկ այդ մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը արժանապատվությունից ցածր չէ՞։
Իհարկե, տարբեր ՀԿ-ների ասածով չէ, որ մեր սպառողները կամ կառավարությունը պետք է առաջնորդվեն։ Պարզապես, առանց մասնագիտական վերլուծություն անելու, դրական եւ բացասական հետեւանքները հաշվի առնելու՝ նման հայտարարություններ անելն այնքան էլ ճիշտ չէ։
Այս կարծիքին է նաեւ «AEPLAC» խորհրդատվական ընկերության ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը։ «Որեւէ երկրի ապրանքների բոյկոտը քաղաքական մոտեցում է, իսկ Հայաստանը որդեգրել է լիբերալ տնտեսական հարաբերությունների ուղին։ Ուրիշ բան, եթե կոչ անեն բոյկոտել անորակ ապրանքները»,- գտնում է տնտեսագետը։
Հանուն արդարության նշենք, որ վերը նշված ասուլիսի մասնակիցներն իրենք էլ ընդունում էին, որ «հայրենական արտադրանքի որակով էլ հիացած չեն»։ Այս դեպքում ինչպե՞ս հետեւենք «Հարգենք մեզ, գնենք մերը» կարգախոսին։ Դրա համար առաջին հերթին արտադրողները պետք է հարգեն սպառողներին, նոր իրավունք ունենան նեղանալ իրենց ապրանքը չգնելու համար։
Նշենք, որ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների կարեւորությունը, անկախ ինչ-ինչ խնդիրներից, շատերն են գիտակցում։ Դեռ 1997թ. հիմնադրվել է «Հայ-թուրքական գործարար զարգացման» համատեղ կոմիտե։ Հայկական եւ թուրքական կողմերը մի քանի անգամ հանդիպել են, քննարկել համատեղ նախագծերի հնարավորությունները։ Օրինակ, հայ եւ թուրք գործարարների կողմից հետաքրքրության են արժանացել այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ բանկային համակարգում համագործակցությունը, տոմատի մածուկի համատեղ արտադրության հիմնումը, Հայաստան-Թուրքիա էլեկտրագծի կառուցումը եւ շատ այլ ծրագրեր։ Հեռանկարում եղել է նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծումն Արմավիրում։ Այդ ծրագրերն առայժմ մնում են թղթի վրա։ Թեեւ թուրք մասնագետ Նազմի Գյուլի գնահատմամբ, այժմ էլ ակտիվ համագործակցություն է ընթանում հայ եւ թուրք գործարարների միջեւ։ Հայաստանում գործում են թուրքական ընկերություններ, սակայն գրանցված են տեղացիների անուններով։ Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառության՝ Գյուլի բերած թվերը մոտ 2 անգամ գերազանցում են ԱՎԾ տվյալները։
Այսպես թե այնպես, հայ-թուրքական սահմանը մի օր բացվելու է, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի մրցակցելու իր ամենամեծ հարեւանի հետ։ Սահմանի բացման հետեւանքների վերաբերյալ մինչ օրս կատարվել է միայն մեկ համապարփակ հետազոտություն՝ «AEPLAC»-ի կողմից։ Ըստ էկոնոմետրիկական մեթոդներով կատարված ուսումնասիրության, սահմանի բացման դեպքում 1 տարվա ընթացքում Հայաստանի իրական ՀՆԱ-ն կաճի 0,67%-ով, իսկ արտահանումը՝ 5,23 տոկոսով։ Տ. Ջրբաշյանի կարծիքով, միջնաժամկետ սցենարում (մինչեւ 5 տարի), արդյունքներն ավելի շոշափելի կլինեն։ Սահմանների բացման օգուտը իրական ՀՆԱ-ն կավելացնի 2,7%-ով, իսկ արտահանումը կավելանա 17,73%-ով։ Փոփոխության հիմնական պատճառը կլինի տրանսպորտային ծախսերի նվազումը։ Օրինակ, նույն Նազմի Գյուլի հաշվարկներով, տարանցիկ երկրներով իրականացվող առեւտուրը տրանսպորտային ծախսերը մեծացնում է 37%-ով։ Շատերը մտավախություն ունեն, որ սահմանի բացման դեպքում թուրքական ապրանքները կողողեն հայաստանյան շուկան եւ դուրս կմղեն տեղական արտադրողներին։ Տ. Ջրբաշյանի կարծիքով, թուրքական ապրանքների գները կիջնեն, սակայն դա տեղական արտադրողի վրա էական ազդեցություն չի ունենա։ «Չեմ կարծում, որ կատաստրոֆիկ հետեւանքներ կլինեն։ Բացի այդ, պետք չէ վախենալ մրցակցությունից։ Եթե մեր հայրենական արտադրողները խուսափեն թուրքական ընկերությունների հետ մրցակցելուց Հայաստանի տարածքում, ապա էլ ինչպե՞ս պետք է մրցակցեն նույն թուրքական եւ այլ ապրանքների հետ եվրոպական շուկայում»,- ասում է Տ. Ջրբաշյանը։
Վերջինիս կարծիքով, ընդհակառակը, դա կխթանի մրցակցությանը եւ մեր տեղական արտադրության արդիականացմանը։