Էրեբունի համայնքում գտնվող Պարույր Սեւակի անվան դպրոցի եւ Էրեբունի թանգարանի միջեւ ընկած գլխավոր ավտոմայրուղու մայթեզրին, արդեն մի քանի ամիս է, շինարարական աշխատանքներ են կատարվում: Ըստ տեղադրված ցուցանակի` 2005-ին շինարարության թույլտվությունը տրվել է Նոր Արեշ 35 փ. բնակիչ Հարություն Հարությունյանին բնակչության կենցաղ-սպասարկման կառույցի շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Շինարարությունն իրականացվում է տնտեսական եղանակով, իսկ նախագծային փաստաթղթերի մշակումը տրված է Էդուարդ Բարոյանին։ Ձեւավորումն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ի թույլտվությամբ: Զարմանալին, սակայն, այն է, որ կենցաղ-սպասարկման օբյեկտի թույլտվությունը համապատասխան մարմինները շռայլել են մասնավորապես Պ. Սեւակի դպրոցի տարածքի հաշվին: Անզեն աչքով էլ երեւում է, որ դպրոցի հսկայական տարածությամբ բակի մի զգալի հատված հատկացվել է վերոնշյալ շինության համար: Մեր տեղեկություններով` տարածքը տրամադրելու նախաձեռնության հեղինակն Էրեբունու նախկին թաղապետ, իսկ ներկայումս Հայկական երկաթուղի ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանն է: Նշված ավտոմայրուղով են երթեւեկում միջքաղաքային եւ միջհամայնքային` Բարձրաշեն, Զովաշեն, Ջրաշեն, Նուբարաշեն, Մասիս-Երեւան երթուղիները: Վարորդների հավաստմամբ` արդեն երկար ժամանակ է, ինչ ջրագիծ անցկացնելու պատճառաբանությամբ «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ի շինարարները ավտոճանապարհն ամբողջովին փորել են, սակայն ջրի խողովակներ անցկացնելուց հետո մոռացության են տվել տարածքը կրկին բարեկարգելու իրենց պարտականությունը: Լուսանկարում պատկերված փոսերի պատճառով եղել են նաեւ ավտովթարի դեպքեր, իսկ աղբատար մեքենաների երթեւեկության ժամանակ, նշված հատվածի անանցանելիության պատճառով` տեղափոխվող աղբի զգալի մասը թափվում է ճանապարհին` տարածելով գարշահոտություն: