«Ես ուզում եմ լավ տեսահոլովակ տեսնել եւ լավ երաժշտություն լսել»,- ասաց Հ. Հացագործյանը, ով ցածրաճաշակ երաժշտության գրոհի մեջ լուրջ վտանգ է տեսնում եւ խնդիրը կապում մարդկանց ներքին կուլտուրայի հետ: Գովազդվող երգիչները եւ համերգները սովորաբար իրենց հանդիսատեսն ու ունկնդիրն են ունենում, իսկ ավելի համեստ գումար ունեցող, բայց տաղանդավոր մարդիկ ստվերում են մնում: «Սովորական բան է, շուկայական հարաբերություններ են: Ամեն տեղ է այդպես,- ասաց Ն. Եսայանը: – Աշխարհը դեպի պրիմիտիվիզմ է գնում»: Եվ Օպերային թատրոնում, եւ մեր էստրադայում բավական խառնաշփոթ վիճակ է: «Օպերային թատրոնը միայն մեկ ներկայացում ունի` «Անուշը», երեւի շուտով կվերականգնվի «Արշակ Երկրորդը»,- նշեց Հ. Հացագործյանը, ով բավարարված չէ նաեւ մեր Կոնսերվատորիայի դասավանդման մակարդակից, ուսանողների պատրաստվածությունից եւ Օպերային թատրոնի աշխատաոճից. «Լավ ձայներ ունենք, բայց այսօրվա երգիչները մեծամտությունից են սկսում, մի սերունդը մյուսին չի հարգում»: Երաժշտության ոլորտում ինչ-որ բաներ շտկելը կարծես անհնարին է, քանի որ շոու-բիզնեսում հանձնաժողովներ ստեղծելը կամ նախկինում գոյություն ունեցող գեղխորհուրդների վերականգնումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: «Ո՞վ պիտի որոշի` այս երգը լա՞վն է, վա՞տն է, թե՞ միջին է»,- ասաց մեր էստրադայում հաստատուն դիրք ունեցող Նունե Եսայանը: Հիմնականում երաժշտական ճաշակ ձեւավորողը հեռուստաէկրանն է, որը վաղուց արդեն վճարովի է: Եվ մարդիկ նայում ու լսում են միայն այն, ինչ իրենց ցուցադրում են: «Եթե հանկարծ մաքուր, զուլալ երաժշտություն ցուցադրող որեւէ երաժշտական ալիք ունենանք, այն միայն մի քանի րոպե կարող է գոյատեւել», – ասաց Ն. Եսայանը, ով «TV-5» ալիքում աշխատելու փորձ է ունեցել, բայց խոստովանում է, որ ցուցադրվող երգերի ընտրության մեջ ոչ մի արդյունքի հասնել չի կարողացել եւ միայն «շատերի համար վատամարդ» է դուրս եկել: Երաժշտական շուկան այսօր Հայաստանում գերհագեցած է` հիմնականում փոփ-երգերի ու աստղիկների շնորհիվ: Նոր անուններ փայլեցնելու համար մեծ ջանքեր պետք չեն, եւ այդ «աստղերի» գոյության դեմ պայքարելն անիմաստ է: Ժամանակը կմաղի ու կաղա շատերին, սակայն դրանց կողքին գոնե մեկ-մեկ պետք է լավ երաժիշտներ հայտնվեն: Շուկա է, վերջիվերջո, որտեղ յուրաքանչյուրն իր ճաշակին հարմար երգեր է գնում:
«Մեծաքանակ վաճառքով զբաղվող շուկաներ այցելելով, ես ինձ արաբ եմ զգում,- ասաց Ն. Եսայանը: -Մենք արեւելյան ժողովուրդ ենք եւ հաճախ ենք արեւելյան երաժշտություն լսում: Բայց երբ մարդը մի քանի օր չի լողանում, նա չի կարող լավ երաժշտություն հասկանալ»: Այսինքն, ամեն ինչ կրկին մարդու ներաշխարհից է կախված: Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում` ի՞նչ երաժշտություն, ո՞ւմ կատարմամբ պետք է լսել եւ ո՞ր համերգին նախապատվություն տալ: Նունե Եսայանը վստահ է, որ այսօր երգերի ու երաժշտության մեջ ճաշակ է ձեւավորում երգչի ետեւում նշմարվող «թիկունքը», փողը եւ վաճառվող եթերը: Այդ մտքի հետ բոլորն են համաձայն ու բոլորն էլ համակերպվել են: Փոքր երկիր ենք, փոքր սպասելիքներով ու շատ փոքր շուկայով: Համենայնդեպս, ասուլիսին ներկա երկու երգչուհիներն էլ խոստովանում են, որ Սփյուռքում իրենց ավելի մեծ սիրով ու հարգանքով են ընդունում: «Եթե չհարգեին, չէին հրավիրի»,- ասաց Ն. Եսայանը: Սակայն, թե որքանով է սփյուռաքայերի շրջանում ընդունված լինելը լուրջ չափանիշ, դժվար է ասել: Այդ չափանիշների համաձայն, ամենահաջողակը երգիչ Արմենչիկը պիտի լինի, ով կարողացել է «Օսկարի» մրցանակաբաշխության համար կառուցված «Կոդակ» դահլիճում համերգ անցկացնել եւ դարձել է առաջին մենակատարը, ով լեփ-լեցուն դահլիճ է հավաքել, աղջիկ երկրպագուները նրա համար «մայկաներն» են պատռել: Եվ այժմ «Կոդակ»-ի նախասրահում փակցված է Արմենչիկի լուսանկարը՝ որպես ամենահաջողակ վարձակալներից մեկի: Երգերի առաջարկի ու պահանջարկի մեջ ուղղակի կապ կա: Եվ ոչ ոք չի կարող ասել, թե որն է դրանցից առաջնայինը: Համենայնդեպս, մենք լսում ենք այն երաժշտությունը, որը ուզում ենք, թեկուզեւ, հեռուստաէկրաններից ու ձայներիզների կրպակներից բոլորովին այլ բան է հնչում: Ավելի բարդ վիճակում են գտնվում այն հայաստանցի երգիչները, ովքեր համընդհանուր ճաշակին հավասարվել չեն ուզում եւ իրենց սկզբունքներն ունեն: Լավագույն դեպքում, նրանք եթերից են զրկվում, իսկ վատագույն դեպքում` պարզապես մոռացվում են: