Էլեկտրականությունը մատակարարվում է միայն շաբաթ օրերին, քանի որ Երիտասարդական պալատի դահլիճում այդ օրերին սովորաբար լոտոյի խաղարկություն է անցկացվում: Եվ հատուկ այդ միջոցառման համար էլեկտրականություն գտնվում է: Իսկ շաբաթվա մյուս օրերին քոլեջի դասասենյակները լուսավորվում են նավթավառ-ճրագներով, ճիշտ այնպես, ինչպես 90-ական թվականներին իր բնակարաններն էր լուսավորում ու տաքացնում մեր ժողովրդի մեծամասնությունը: Ուսանողները կիսամութ սենյակներում են պարապում, իսկ քոլեջը բավականին մեծ գումարներ է ծախսում` մագտնիտոֆոնների մարտկոցներ գնելու համար: Մի կերպ ձմեռն անցկացրած պետական քոլեջը Մշակույթի նախարարությունից որոշակիություն է սպասում: Երիտասարդական պալատն ու հարակից որոշ տարածքը սեփականաշնորհվել է, սակայն ԶԱԳՍ-ի շենքը, դահլիճը եւ քոլեջի զբաղեցրած տարածքը մնում են պետության հովանու ներքո: Քոլեջ մտնելու համար ուսանողներն ու դասախոսները միայն որոշ ճանապարհ կարող են աստիճաններով բարձրանալ, իսկ երբ սանդղահարթակն ավարտվում է, այցելուն շինհրապարակում հայտնվելով՝ բավականին երկար քայլում է փոշու եւ կեղտի միջով: Քոլեջի գլխավոր մուտքը քանդված է, սակայն հիմիկվա` սենյակների միջով անցնող ժամանակավոր մուտքն էլ կարող է այլեւս գոյություն չունենալ. շինարարության ավարտի հետ մեկտեղ կարող է փակվել: Ի՞նչ է լինելու հետո, պարզ չէ: Քոլեջը շարունակում է աշխատել, իսկ ուսանողները` դասերի հաճախել: Թեեւ եթե, Աստված չանի, քոլեջում դժբախտ պատահար տեղի ունենա կամ հրդեհ բռնկվի, ոչ շտապօգնության, ոչ էլ հրշեջ մեքենան շենքին մոտենալ չեն կարողանա, քանի որ ավտոճանապարհ չկա: Նույնիսկ աղբատար մեքենան է խզել քոլեջի հետ ունեցած իր պայմանագիրը` շենքին մոտենալու անհնարինության պատճառով:
Քոլեջի ղեկավար ու հիմնադիր, երաժիշտ Ակսել Բակունցը մեր զրույցի սկզբում հոգոց հանեց ու ասաց` «հոգնել ենք…», սակայն ավելացրեց. «Աշխատել ենք ու պիտի աշխատենք: Սա շատ հարմար տեղ է»: Կարծես, քոլեջի աշխատակիցները լավատեսության վերջին պաշարներն են օգտագործում եւ հույսը դնում Մշակույթի նորանշանակ նախարարի վրա:
Երեւանի ջազային քոլեջը վերջերս տոնեց իր տասնամյա հոբելյանը, սակայն իրականում այն ավելի երկար կենսագրություն ունի: «Քոլեջը դեռ 1979 թվականին է ստեղծվել եւ «Հայհամերգին» կից էստրադային ստուդիա է կոչվել: Հետո «Հայհամերգը», ինչպես նաեւ երկիրը փլուզվեց եւ մենք փակվեցինք: Մի քանի տարի հետո նորից բացվեցինք` ոչ պետական քոլեջի կարգավիճակով: Մեր տասնամյա հոբելյանը նշեցինք պետական ուսումնական հաստատություն դառնալու օրվանից սկսած: 1996-ից մենք պետական քոլեջ ենք»,- պատմում է Ակսել Բակունցը: Ստուդիա-քոլեջի հայտնի շրջանավարտների շարքերում են Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անահիտ Մանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը: Այսօր քոլեջում պրոֆեսիոնալ ուսում են ստանում մոտ 300 ուսանողներ, ովքեր Հայաստանի գրեթե բոլոր շրջաններն են ներկայացնում: Քոլեջում պրոֆեսիոնալ ուսում ստանալուց հետո ուսանողներից շատերը չգիտեն` ի՞նչ անել: Ակսել Բակունցի ցանկությունը սեփական փոքր դահլիճի ստեղծումն ու պարբերաբար համերգների կազմակերպումն է. «Այս ժանրն այնպիսին է, որ միայն ցուցադրելով կարող ես հասկանալ` ով ինչի է ընդունակ»:
Ջազային քոլեջի ճակատագիրը բավականին մշուշոտ է: Այն գոյատեւում է մարդկային հսկայական լարումով ու ճիգերով: Իսկ մեծ երաժշտական ուղի անցած Ակսել Բակունցը շարունակում է նոր ուղի բացել երիտասարդների համար:
Ա. Բակունցի հետ մեր հարցազրույցը կներկայացնենք թերթի առաջիկա համարներից մեկում: