Կատարվե՞լ են

24/04/2006

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը հաղորդել է, որ GRECO-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ներկայացված երկու տասնյակից ավելի երաշխավորությունները բաժանվել են ՀՀ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին եւ ստացված պատասխանների հիման վրա կազմվել է միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույց, որն առաջարկել է ներառել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում: Բ. Եսայանը տեղեկացրել է, որ 2004-2007թթ. ծրագրով նախատեսված 98 միջոցառումները՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման եւ այն միջազգային գործող չափանիշներին համապատասխանեցնելու, պետական կառավարման համակարգի, պետական գնումների համակարգի, հակակոռուպցիոն քարոզչության, դատական, բանկային, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական եւ այլ ոլորտներում բարեփոխումների ուղղություններով, հիմնականում կատարվել են: Վարչապետը հանձնարարել է ՀՀ հակակոռուպցիոն ծրագրի կատարողականն ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում: