Հայաստանի Երրորդ Հանրապետության 15-ամյա պատմության ընթացքում այսպիսի բան լսե՞լ էիք։ Լինի ընտրական գործընթաց, եւ շահագրգիռ կողմերից ոչ ոք չուզենա ներկայացուցիչ ունենալ ձայները հաշվելու հույժ կարեւոր գործում։ Մենք էլ չէինք լսել… Սակայն երեկ մեր աչքով տեսանք։
Իսկ այդ հերոսության հեղինակները մեր հայրենի հասարակական կազմակերպություններն էին։ Այո, հենց ՀԿ-ները։ Իհարկե, մենք դեռ այդ աստիճանի ժողովրդավար չենք, որ իրար վստահենք նմանօրինակ կարեւոր գործերը։ Այդ դիրքորոշումն ուներ իր պատճառները։ Սակայն ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության։
Մարտի վերջին վերջապես կնքվեց «Հազարամյակների մարտահրավերների» հետ պայմանագրի ստորագրումը եւ 236 մլն ԱՄՆ դոլար գումարի տրամադրումը հաստատվեց (համենայն դեպս, առաջին շրջանի համար)։ Մինչեւ մեր պատվիրակությունը վերադարձավ Վաշինգտոնից, շատերի «աչքը ջուր կտրեց»։ Այդ շատերի թվում, իհարկե, իրենց տեղն ունեին հայաստանյան ՀԿ-ները, որոնք նույնպես պետք է ներգրավվեն այս ծրագրին։ Սակայն այդ պատվին կարժանանան ոչ բոլորը, այլ միայն որոշ «ընտրյալներ»՝ բառիս բուն եւ փոխաբերական իմաստով։
Ինչպես ցանկացած ընտրություն, այս մեկը նույնպես ունի իր քարոզարշավը, որը մեկնարկել է դեռ ամիսներ առաջ։ Եթե հիշում եք, որոշ ՀԿ-ներ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ իբր խոսելու Վարդան Օսկանյանի եւ Ջոն Դանիլովիչի՝ մեծ աղմուկ հանած նամակագրության մասին։ Ասուլիսի ընթացքում պարզ դարձավ, որ կազմակերպիչների հիմնական նպատակն իրենց ցույց տալն էր՝ ինչպես հանրությանը, այնպես էլ միջազգային կառույցներին, «ռեյտինգի» համար…
Ըստ «Հազարամյակի» ծրագրի` պետք է ձեւավորվի Ծրագրի Կառավարման եւ Ծրագրի Շահառուների խորհուրդ: Վերջինիս 11 անդամներից 5-ը լինելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ՀԿ-ներ, հիմնադրամներ, միություններ եւ այլն: Այդ 5-ը պատվիրակվելու են Ծրագրի Կառավարման խորհուրդ եւ 6 պետական պաշտոնյաների հետ կառավարելու են ծրագիրը: Այդ 5-ին պետք է ընտրեն իրենք՝ ՀԿ-ները, սակայն մինչ այդ նրանք պետք է ձեւավորեն ընտրական հանձնաժողով։ Այդ նպատակով էլ երեկ ՀՀ Ֆինանսների նախարարության դահլիճում հավաքվել էին մոտ 50 ՀԿ-ներ, որոնք պետք է որոշեին այդ հանձնաժողովի կազմը։
Նախ բավական երկար եւ բուռն կերպով քննարկվեց քվեարկության կարգը, կատարվեցին որոշ շտկումներ (քվեարկությամբ), հետո հերթը եկավ բուն գործընթացին՝ ընտրական հանձնաժողով (ԸՀ) ձեւավորելուն։ Եվ այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը՝ այն, ինչի մասին խոսեցինք ամենավերեւում։ Պարզվեց, որ ՀԿ-ների գերակշիռ մասն ամենեւին էլ չի ցանկանում առաջադրել իր անդամներից որեւէ մեկի թեկնածությունը։ Առաջին հայացքից նման դիրքորոշումը կարող է տարօրինակ թվալ, սակայն բացատրությունը շատ պարզ է։ Այն կազմակերպությունը, որն ԸՀ-ում անդամ կունենա, չի կարող իր թեկնածուին առաջադրել Շահառուների խորհրդում տեղ ունենալու համար (նշենք, որ այդ կարգը հաստատվեց նիստի առաջին մասին, իրենց իսկ կողմից)։ Հիմա պա՞րզ է, թե ինչու ՀԿ-ները չէին ցանկանում դառնալ ընտրական հանձնաժողովի անդամ։ Հայաստանում գրանցված 1000-ից ավելի կազմակերպություններից Ֆիննախ էին եկել ամենաակտիվները, որոնք «հրաշալի հնգյակում» տեղ ունենալու հստակ նպատակ ունեն։ Ինչո՞ւ հրաժարվեն։ Ինչպես նշեց ծրագրի քարտուղարության անդամ Լեւոն Բարսեղյանը, իրենք հույս ունեին, որ այդ հարյուրավոր ՀԿ-ներից մի քանիսը կհամաձայնեին հանուն մյուսների աշխատել ԸՀ-ում։ Սակայն պարզվեց, որ «բարի կամեցող» անհրաժեշտ 7 հոգի գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Բայց լուծումը գտնվեց, ՀԿ-ներից ոմանք սկսեցին առաջարկել մեկը մյուսի թեկնածությունը, չգիտենք` լավությա՞ն, թե՞ վատության կարգով։ Առաջարկվածներն էլ համաձայնեցին։ Այս դեպքում էլ չգիտենք՝ ամոթի՞ց, նախնական համաձայնությա՞մբ, թե՞ այլ նկատառումներով։ Ինչեւէ, քվեարկության իրավունք ստանալու համար Հայաստանում գործող տեղական, միջազգային ՀԿ-ները, հիմնադրամներն ու միությունները պետք է մինչեւ ապրիլի 26-ը հայտ ներկայացնեն ՖԷ նախարարություն։ Իսկ ընտրությունը տեղի կունենա մայիսի 2-ին։ Այսինքն, առավել ակտիվ եւ աչքի ընկնող ՀԿ-ները որոշ ժամանակ ունեն համոզելու միայն թղթի վրա գոյություն ունեցող իրենց գործընկերներին՝ գնալ եւ քվեարկել իրենց օգտին։ Ինչպես ասում են, նախընտրական պայքարը թեւակոխել է վճռական փուլ։
Տեսնելով այս մարդկանց ակտիվ եւ կրքոտ մասնակցությունը՝ ընտրության կարգին, ընտրողների թվին, հնարավոր խնդիրներին նվիրված քննարկմանը, հարց առաջացավ. ո՞ւր էին այս բոցաշունչ եւ վեհաշուք անուններով կազմակերպությունները, երբ ընտրություններում կեղծվում էր ողջ հայ ժողովրդի քվեն։ Փաստորեն, նրանք էլ երեւի Վազգեն Մանուկյանի նման մտածել են, որ եթե բողոքեին` 236 միլիոնի տրամադրումը կդրվեր վտանգի տակ։
Նշենք, որ այս հետաքրքիր միջոցառման մասին ոչ մենք կիմանայինք, ոչ էլ դուք, եթե մասնակից
ՀԿ-ներից մեկի՝ «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը մեզ տեղյակ չպահեր։ Վերջինս դժգոհ էր թե՛ ընտրության կարգից, թե՛ ընտրված հանձնաժողովի անդամներից եւ գտնում էր, որ ամեն ինչ կազմակերպվում է այնպես, որ Շահառուների խորհրդում տեղ գտնեն նախապես որոշված անձինք։
Մի բան եւս։ Աչքի անցկացնելով «Հազարամյակների մարտահրավերների» հայաստանյան կայքէջը, մենք պարզեցինք, որ քարտուղարության անդամների թեկնածուների թվում եղել է նաեւ պրն Սեդրակյանը, սակայն ձայները չեն բավարարել։ Հայաստանյան ՀԿ-ներից անցել են 3-ը՝ Ջուլիետտա Երեմյանց («Ահազանգ» ՀԿ), Լեւոն Բարսեղյան («Ասպարեզ» լրագրողների ակումբ) եւ
Ջեմմա Հասրաթյան («Համալսարանական կրթությամբ կանանց միավորում»):
Չգիտենք, այս փաստը որքանով է ազդել պրն Սեդրակյանի՝ լրագրողներին հրավիրելու որոշման վրա, սակայն մի բան փաստ է. «Հազարամյակների մարտահրավերների» մասին խոսելիս միշտ հիշատակում են թափանցիկության մասին, բայց, չգիտես ինչու, փողը ստանալուց հետո ԶԼՄ-ներին մոռացել են եւ երեկ նրանց թույլ տվեցին ներկա գտնվել միայն «ներքին համաձայնության» գալուց հետո։
Հ.Գ. Ապրիլի 27-ին կհրապարակվի քվեարկելու հայտ ներկայացրած ՀԿ-ների ցուցակը։ Կասկած չկա, որ «բարձր նպատակներ» ունեցող ՀԿ-ներն ամեն ինչ կանեն, որ այն հնարավորինս երկար լինի։