Սպանություն Մխչյանում

24/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Ապրիլի 18-ին, ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատի քաղաքային հիվանդանոցից Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով, սպանված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ: Պարզվել է, որ սպանվածն Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 1954-ին ծնված, «Մսկուլ Հարութ» մականունով, Արտաշատ քաղաքի Հոկտեմբերյան փողոցի վրա գտնվող գյուղատնտեսական շուկայի տնօրեն` Հարություն Հարությունյանն է: Մեր տեղեկություններով` վերջինիս վրա, նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, Մխչյան գյուղի կապի հանգույցի մոտ, սպանելու նպատակով, իր մոտ եղած 1957թ. արտադրության «ՏՕԶ-16» տիպի երկփողանի որսորդական հրացանով 3 անգամ կրակել է համագյուղացի, Երեւանի Գյուղատնտեսական ակադեմիայի

4-րդ կուրսի ուսանող, 1983-ին ծնված Պետրոս Սուրենի Փանոսյանը` մականունը «Քանթելի Սուրոյի» տղա, ապա` նստել ԳԱԶ -3110 մակնիշի 110 ՕՕ 10 պետհամարանիշի ավտոմեքենան եւ դիմել փախուստի: Ըստ մեր աղբյուրների, ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան պատկանում է Մխչյան գյուղում գրանցված «Պետիկ եւ Ռուբիկ» ՍՊԸ-ին: Արարատի մարզի մեր աղբյուրների համաձայն, 2005թ. Արարատի մարզում տեղի էր ունեցել «ռազբորկա», որին մասնակցել էին մեծ թվով անձինք: Ականատեսների վկայությամբ, այդ ժամանակ Պ. Փանոսյանն իր մոտ եղած գաղտնի փականով դանակով մարմնական վնասվածքներ էր պատճառել կռվի մասնակիցներից 2 հոգու: Կատարվածի մասին տեղեկանում են Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում եւ Ոստիկանության Արտաշատի բաժնում, որտեղ էլ փորձ է արվում ձեռնարկել օպերատիվ քննչական աշխատանքներ` տեղի ունեցած միջադեպը պարզելու, Պ. Փանոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքում` Պ. Փանոսյանի հայրը` «Քանթելի Սուրոն», իր տղայի կողմից խուլիգանական դրդումներով կատարված դանակահարության գործը «ջրելու» համար դիմում է համագյուղացի, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին: Վերջինս էլ դիմում է Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանին: Արդյունքում` «Քանթելի Սուրոյի» տղան ազատվում է քրեական պատասխանատվությունից, սակայն նրանց եւ «Մսկուլ Հարութի» միջեւ առաջացած 4 տարվա վաղեմություն ունեցող հակամարտությունը չի ավարտվում: Արդյունքում` 2006թ. ապրիլի 18-ի կրակոցների առաջին զոհն է դառնում Հ. Աբրահամյանի մանկության ընկեր «Մսկուլ Հարութը»: Պ. Փանոսյանը կալանավորվել է, հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-16» տիպի երկփողանի որսորդական հրացանը առգրավվել է եւ ուղարկվել ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական կենտրոն` դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննության: Քննությունը վարում է Արարատի մարզային դատախազությունը: