Կոմիտասի փարիզյան արձանը

24/04/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Արվեստի գործերում հավերժացված փաստը միաժամանակ եւ ճանաչողական նշանակություն, եւ արվեստի կշիռ ունի: Այդ երկու եզրերի համադրումն ուղղակիորեն իրարից կախում ունեն: Երբ խոսքը գնում է աշխարհի տարբեր անկյուններում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների մասին, մենք բոլորս մեծ գոհունակություն ենք ապրում` հույս ունենալով, որ տարբեր ազգությունների մարդիկ հուշարձան այցելելով կամ պարզապես նրա կողքով անցնելով, կտեղեկանան այդ փաստի մասին եւ կհետաքրքրվեն կատարված դեպքերով: Կամ էլ գուցե առաջին անգամ կլսեն հայերի մասին: Երբ 2001 թվականին Ֆրանսիայի ազգային ասամբլեան պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը, անմիջապես որոշվեց անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել: Ֆրանսիայի կես միլիոնանոց հայկական Սփյուռքի եւ Ֆրանսիայի նախագահ Ժան Շիրակի նախաձեռնությամբ հուշարձան կառուցելու համար տեղ հատկացվեց:

Արդեն երեք տարի է, Փարիզի կենտրոնական մասում, Սենայի ափին գտնվող Կանադայի հրապարակի ծառուղիներից մեկում կանգնած է վարդապետ Կոմիտասի արձանը, որը դարձել է Եղեռնի խորհրդանիշը: Նրա արժեքը 300 հազար եվրո է կազմել: Արձանը տեղադրելու համար դժվար էր ավելի հարմար վայր գտնել. Փարիզի այդ հատվածը միշտ զբոսաշրջիկներով լի է: Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք այցելող տուրիստները սովորաբար մեծ մանրակրկիտությամբ ու հաճույքով են յուրաքանչյուր պատմական հուշարձան ուսումնասիրում, կարդում արձանի ստորին մասում գրված տեղեկություններն ու լուսանկարվում դրանց ֆոնին: Սակայն Կոմիտասի արձանի շրջակայքը միշտ դատարկ է, զբոսաշրջիկները շրջանցում են այդ պուրակը` հենց որ մի քանի մետրից նրանց աչքը որսում է արձանի ուրվագիծը: Համենայնդեպս, երկու ժամ նստած սպասելով, մենք միայն երկու ճապոնացի զբոսաշրջիկ տեսանք, որոնք թեթեւակի հետաքրքրություն ցուցաբերեցին եւ կարդացին հուշարձանի պատվանդանի վրա գրված «Ի հիշատակ երգահան Կոմիտասի եւ 1915 թվականի Հայոց Եղեռնի մեկ ու կես միլիոն զոհերի հիշատակին» գրառումը, սակայն այն լուսանկարչական խցիկով հավերժացնել չցանկացան: Մեր զրույցը շատ կարճ տեւեց: «Տգեղ արձան է»,- ասացին նրանք: Այդ դիտարկումը զուտ սուբյեկտիվ բնույթ կարող էր կրել, եթե գոնե մի քանի մարդ իրենց տուրիստական արագ ընթացքի մեջ որոշեցին կանգ առնել մեր Կոմիտասի մոտ: Արձանը տարբեր ազգերի ներկայացուցիչներին ու շարքային տուրիստներին վանում է թերեւս հենց իր կատարման առումով:

Խնդիրն արվեստի ոլորտում է: Արվեստի շնչով հագեցած, յուրաքանչյուր քար ու կամուրջ տուրիստական սրբավայր դարձնող Փարիզում նման անհետաքրքիր արձան տեղադրելը սխալ էր:

Արդեն երեք տասնամյակ Ֆրանսիայում բնակվող դրոշմահատ («չեկանկա» անող) եւ քանդակագործ Դավիթ Երեւանցու (Բաբայան) կերտած Կոմիտասը բավականին անհրապույր է, ծավալային իմաստով բավականին միակողմանի լուծում ունի: Գլխիկոր Կոմիտասը մի կանաչ քարակույտի է նման, որը ոչ ձեռքեր ունի, ոչ աչքեր: Ըստ հեղինակի` նրա կիսափակ աչքերն ու սառած դեմքը պետք է ցավ արտահայտեն, սակայն անցորդներին անտարբեր են թողնում, քանի որ արձանը չափազանց անդեմ է: Արձանի ծավալի խնդիրները լուծել չկարողանալով, քանդակագործը զրկել է Կոմիտասին անհատականությունից: Գաղափարը դարձել է ավելի կարեւոր, քան կատարման որակը: Եվ բոլորս հիանալով փարիզյան Կոմիտասի գոյության փաստով, նշանակություն չենք տալիս այն ազդեցությանը, որ արձանը թողնում է Փարիզի բնակիչների ու հյուրերի սրտերում: Նույնիսկ Կոմիտասի զգեստի փեշերից նայող դեմքերը, որոնք զոհերի գաղափարն են խորհրդանշում, նույնպես անդեմ են: Դիմագծերից ու վերջույթներից զուրկ երեւանցու Կոմիտասն այն հետքը չէր, որը ցանկալի էր թողնել Փարիզյան ափերում: