Ո՞վ կփոխհատուցի վնասը

22/04/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ Երեւանի կենտրոնի կառուցապատման եւ բնակիչների վտարման հիմքում ընկած օրենքներն ու կառավարության 2002թ. N 1151 որոշումը չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը:

Իրավական այս ակտերի դեմ պայքարող բնակիչները թեեւ մտածում են, որ այս որոշումը կայացվեց եվրոպական կառույցների մոտ պարզերես դուրս գալու եւ ՄԻ նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանի համբավը բարձրացնելու համար, այնուամենայնիվ, ՍԴ որոշումը համարեցին կարեւոր հաղթանակ: Բանն այն է, որ սեփական բնակարաններից հարկադիր կերպով վտարված բազմաթիվ բնակիչներ, հույսները կտրելով հայրենի դատական ատյաններից՝ դիմել են Եվրոպական դատարան: Նրանց ասելով` այս որոշումը կիսով չափ լուծեց իրենց պահանջը եւ հեշտացրեց Եվրոդատարանի գործը: Այսինքն, իրավական այս ակտերի հակասահմանադրականությունն ապացուցելու կարիք այլեւս չի զգացվում:

Այս բնակիչներից շատերը հայրենի դատական եռաստիճան համակարգում իրենց սեփականության իրավունքը վիճարկելիս պարտվել են քաղաքապետարանի, կառուցապատման ԾԻԳ-ի, կառուցապատողի եւ, իրենց ասելով` այլ զավթիչների դեմ տարվող պայքարում: Անկախ ՍԴ-ի որոշումից` նրանք որոշել են այլեւս չդիմել մեր արդարադատությանը եւ հույս չդնել մեր կառավարության կամ Ազգային ժողովի վրա, թե իշխանական այս կառույցներն օրենսդրական այնպիսի լուծումներ կնախաձեռնեն, որ հնարավորություն կտան լիովին փոխհատուցել իրենց կորուստները կամ վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: Բայց նրանցից շատերն ափսոսանքով են մտաբերում, որ իրենց եւ իշխանությունների փոխհարաբերություններին պետք է միջամտեն եվրոպական կառույցները: Այնուամենայնիվ, նրանք ուրախ են, որ մեր իշխանությունները Երեւանի այլ հատվածներում իրացման աշխատանքներ նախաձեռնելիս արդեն ավելի զգույշ կլինեն եւ հաշվի կառնեն բնակիչների կարծիքները: Եվ մանավանդ` ավելի կհստակեցնեն, թե «պետության կարիք» ասելով` ի՞նչ նկատի ունեն, եւ արդյո՞ք այդ կարիքները համարժեք են սեփականատերերի իրավունքներին, թե ինչ-որ կլանների պատկանող «Վիզկոն», «Գլենդել Հիլզ» կամ «Գրիար» ընկերությունների շահերն են համարվել պետական կարիք: Բոլորին է հայտնի, թե ովքեր են կանգնած այս ընկերությունների հետեւում: Մենք այս անգամ մի փոքր ներկայացնենք միայն «Գրիար» ընկերությանը, որը Բուզանդի բնակիչների հավաստմամբ` պատկանում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի տեղակալ Գրիգորի Հարությունյանին: Ավելի ճիշտ, ընկերության գործադիր տնօրենն Արթուր Յորդանյանն է, ով Գ. Հարությունյանի փեսան է:

ՀՀ կառավարությունը 2004թ. N 909 որոշմամբ այս ընկերությանը 99 տարվա վարձակալության է հանձնել Բուզանդ փողոցին հարող 6200 քմ տարածք: Որոշման մեջ նշված է, որ հողատարածքի գնման իրավունքի նախապատվությունը պետք է տալ վարձակալին, այն էլ` «սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով», որն այդ գոտու համար սահմանված է 60.000 դրամ, այն ժամանակ` մոտ 100 դոլար: Այսինքն, «Գրիար» ընկերությունն ընդամենը 37 մլն 200.000 դրամով կամ մոտ 62.000 դոլարով քաղաքի կենտրոնում ձեռք է բերել հսկայական հողատարածք եւ 6 մասնաշենքով հսկա բնակելի շենք է կառուցում: Այդ տարածքում ապրել են մոտ 35 ընտանիքներ, որոնք ոչ համարժեք փոխհատուցմամբ դուրս են շպրտվել իրենց բնակարաններից: Նրանց բնակարանները գնահատել է անկախ համարվող «Արթին» ընկերությունը: 2004թ. այդ մասում 1 քմ հողի շուկայական արժեքը 1000 դոլարից ավելի էր, հիմա արդեն ավելին է` քան 1500 դոլարը: Փաստորեն, ըստ բնակիչների, ընկերությունը շուկայական արժեքից 10-15 անգամ ավելի ցածր արժեքով է գնել հողը: Այդ հողակտորի շուկայական արժեքն այսօր 9 մլն դոլարից ավելի է գնահատվում: Այսինքն, մոտ 8 մլն դոլարի վնաս է հասցվել մեր պետությանը՝ ի շահ Գ. Հարությունյանի, կամ այս գործի մեջ մասնակից մեր պետական շատ կառույցների ղեկավարների: Ի դեպ, «Գրիար» ընկերության բաժնետերերից է նաեւ ինչ-որ «Չես-Տոր» ընկերություն, որը գրանցված է Մոսկվայում «Ռուբլյովսկոյե շոսսե» կոչվող թաղամասում: Բուզանդի բնակիչները հետաքրքրվել եւ պարզել են, որ այդ թաղամասում են գրանցված Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կնոջ՝ Նինա Բատուրինայի ընկերությունները:

Ականատեսները հավատացնում են, որ Գ. Հարությունյանն այդ շենքի կառուցման համար ոտքի է հանել նաեւ ԱԱԾ-ի բանվորներին եւ տեխնիկական մասին: «Գրիարը» նախօրոք պայմանագիր է կնքել կառուցապատման ԾԻԳ-ի հետ, որպեսզի սա 240.000 դոլարի դիմաց ազատի այդ տարածքը բնակիչներից ու նրանց տներից, նաեւ դատարաններում պաշտպանի իր շահերը: Հիշեցնենք, որ այդ ԾԻԳ-ը պետական կառույց է եւ գտնվում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ: Բուզանդցիների ասելով` ԾԻԳ-ը` համագործակցելով դատարանների հետ, հարկադիր կերպով իրենց բնակարաններից դուրս շպրտեց բնակիչներին:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ ՍԴ նիստի ժամանակ արած այն հայտարարությանը, թե փոխհատուցված գումարները եկամուտ համարելը եւ հարկեր գանձելն անօրինական է, բնակիչները լուրջ չեն համարում:

«Տարբեր ատյանների դատավորներ բազմաթիվ դատական վճիռներ են կայացրել, որտեղ այսպիսի որոշում է գրվել՝ պարտադրել այսինչին կնքել պայմանագիր եւ վճարել հարկերը,- ասում է Բուզանդի փողոցի բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը: -Ի՞նչ է, մինչեւ հիմա պարոն Հարությունյանը չգիտե՞ր, որ այդ 10 տոկոս եկամտահարկի գանձումն անօրինական է: Հիմա նոր իմացավ ու որոշեց բոլորին հայտնե՞լ: Բա մինչեւ հիմա ինչո՞ւ չէր ասում իր ղեկավարած համակարգի դատավորներին, որ նրանք էլ այդպիսի անօրինական որոշումեր էին կայացնում»:

Այս «ոլորտում» Դ. Հարությունյանի գործունեությունը միայն դատարաններով չի սահմանափակվում: Իրացվող տարածքների անշարժ գույքի գնահատման մենաշնորհը տրված է ինչ-որ «Արթին փրայս» անկախ համարվող գործակալության, որի տնօրեն Հարութ Անտոնյանը` ըստ Բուզանդի փողոցի բնակիչների՝ տարբեր տեղեր ասել է, թե ինքը Դ. Հարությունյանի մորաքրոջ տղան է: Նախարարի եղբոր՝ Վահան Հարությունյանի «Հարությունյան եւ ընկերներ» իրավաբանական կազմակերպությունը պաշտպանում է այս տարածքի մի քանի կառուցապատողների շահերը: Վ. Հարությունյանը, սակայն, ժխտեց, որ Հ. Անտոնյանն իր բարեկամն է: Նա նաեւ ավելացրեց, որ իր տպավորություններն այդ ընկերության գործունեության մասին այնքան էլ լավ չեն:

Ինչ վերաբերում է հակասահմանադրական օրենքներին եւ որոշումներին, ՍԴ-ն կառավարությանը մինչեւ հոկտեմբերի 1-ը ժամանակ է տվել, որ դրանք համապատասխանեցվեն մայր օրենքին: Իսկ թե օրենքներն ինչպե՞ս կհամապատասխանեցվեն սահմանադրությանը, կամ էլ այս գործունեությունն ինչպե՞ս կօրինականացվի, ընթացքում կերեւա: