«Հայաստանում ապագա չկա»

22/04/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

2005թ. Հայաստանում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար Փախստականների եւ միգրացիայի վարչություն է դիմել 162 փախստական, որոնցից 140-ը եղել են Իրաքից:

Եվս 24 հոգի (15-ն Իրաքից) դիմել են 2006 թվականին: Ինչպես տեղեկացնում է Փախստականների եւ միգրացիայի վարչության Ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը, ի տարբերություն այլ երկրներից գաղթածների, որոնք մեծամասամբ ցանկություն են ունենում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, Իրաքի փախստականները միայն ժամանակավոր բնակության թույլտվություն են ցանկանում: Վարչությունն իրենց դիմած այս մարդկանց տեղավորում է ժամանակավոր կացարանում, ապահովում անհրաժեշտ փաստաթղթերով եւ իրավաբանական անվճար խորհրդատվությամբ:

Ազգությամբ եզդի 28-ամյա Ռաշիդ Իսմայիլն Իրաքից Հայաստան է եկել դեռ 1999թ.: Փախստականների վարչությունը նրան ժամանակավոր կացարան է հատկացրել Արցախի փողոցի՝ վարչությանը պատկանող հանրակացարանում: Արդեն 7 տարի Ռաշիդն ապրում է Հայաստանում եւ որեւէ տեղեկություն չունի Իրաքում մնացած հարազատների մասին: «Նրանք էլ չգիտեն, որ ես հիմա ողջ եմ եւ Հայաստանում եմ»,- ասում է Ռաշիդը: Այս տարիների ընթացքում նա քիչ թե շատ հասցրել է հայերեն սովորել: Իրաքում 4-ամյա կրթություն ստանալուց հետո Ռաշիդն աշխատել է ասֆալտի գործարանում: Այստեղ ապրում է պատահական օրավարձու աշխատանքներով: Ապագան ոչ մի կերպ չի պատկերացնում:

Թահեր Աբդուլամիրը 41 տարեկան է: Նա էլ է Իրաքից Հայաստան եկել 1999թ.: Ապրում է նույն հանրակացարանում, Ռաշիդի հարեւանությամբ: Ի տարբերություն Ռաշիդի, Թահերի հարազատները գիտեն, որ նա ողջ է եւ ապրում է Հայաստանում: «Սակայն 5 տարի այստեղ էի, բայց ոչ ես նրանցից լուր ունեի, ոչ նրանք ինձանից»,- Թահերը հարազատների հետ կարողացել է կապ հաստատել միայն վերջին տարիներին Հայաստան գաղթած այլ իրաքցիների շնորհիվ: «Ես որ Իրաքից հեռացա, այդ ժամանակ այնտեղ ոչ բջջային կապ կար, ոչ ինտերնետ, վերջերս մի իրաքահայ փախստականի հետ ծանոթացա, որի եղբայրն ապրում է հենց այն շրջանում՝ Բասրայում, որտեղ իմ հարազատներն են ապրում, զանգեցի նրա եղբորը, նա գտավ մերոնց, իր բջջային հեռախոսով խոսեցի հարազատներիս հետ, հիմա ամեն օր կարող եմ լուր ստանալ հարազատներիցս»,- պատմում է Թահերը: Թահերն էլ գիշերային պահակ է աշխատում գործարաններից մեկում: Սկզբում աշխատել է մեր հյուրանոցներից մեկում, սակայն հետո, երբ պարզվել է` Իրաքից է, աշխատանքից ազատել են. «Չգիտեմ, երեւի վախենում են՝ դե Իրաքն ու Ամերիկան պատերազմական հարաբերությունների մեջ են, իսկ այդ հյուրանոցում շատ ամերիկացիներ էին ապրում»: Թահերն ինքն ատելություն չունի ամերիկացիների հանդեպ, միայն Բուշին է ատում, նույնիսկ ՄԱԿ-ի միջոցով փորձել է ԱՄՆ տեղափոխվել, սակայն ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում հնարավոր չեն համարել դա եւ խոստացել են նրան Կանադա ուղարկել: «Իրենք ազատ են այստեղից գնալ-չգնալու հարցում, մենք ընդամենն իրենց չենք մերժում Հայաստանի տարածքում ազատ բնակվել այնքան, որքան իրենք են նպատակահարմար գտնում»,- ասում է Փախստականների եւ միգրացիայի վարչության Ապաստան հայցողների բաժնի պետի տեղակալ Ռուզաննա Պետրոսյանը: Սակայն օրվա հացը հազիվ վաստակող այս մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն լուծել այդ խնդիրը: Նրանցից շատերը, ինչպես Թահերն է պատմում, օրերով սոված են ապրում. «Ամենացավալին այն է, որ ամիսներով սենյակիցդ դուրս չգաս, ոչ ոք դուռդ չի թակի, հիվա՞նդ ես, սովա՞ծ ես, ո՞ղջ ես, թե՞ մեռած՝ ոչ ոք չգիտի, այստեղի մարդիկ վատը չեն, բայց այնքան աղքատ են, որ սիրտ չունեն ուրիշներով հետաքրքրվելու»:

«Մենք նրանց նյութապես աջակցելու հնարավորություն չունենք,- ասում են Փախստականների վարչությունից,- նրանց որոշակի օգնություն Կարմիր խաչն է տալիս, եւ շատ չնչին՝ հասարակական կազմակերպությունները»: Հասարակական կազմակերպությունների սոցիալական աջակցության ծրագրերը, սակայն, հիմնականում ուղղված են Ադրբեջանի հայ փախստականներին, իսկ Կարմիր խաչը, որ նախկինում ամսական 11.200 դրամ է հատկացրել առավել կարիքավորներին, այժմ միայն օգնում է ձմեռվա 3 ամիսներին սենյակները գոլացնել: Թահերը երազում է նորմալ վարձատրվող աշխատանք ունենալ, ընտանիք կազմել եւ երեխաներ ունենալ: Տեղացի աղջկա հետ դեմ չէր լինի ամուսնանալ, սակայն դավանանքն ու սոցիալական կարգավիճակը լուրջ խոչընդոտներ են: «Նույնիսկ Հայաստան գալուցս հետո ուղիղ 1 տարի 2 ամիս Փախստականների կոմիտեն ինձ որեւէ կարգավիճակ չէր տալիս՝ մինչեւ որ ստիպված հայտարարեցի, թե դատարան կդիմեմ, խորհուրդ էին տալիս տեղափոխվել այլ երկիր, որովհետեւ մտավախություն ունեին, որ հասարակությունը վատ կվերաբերվի մուսուլման փախստականին, եւ չեմ կարողանա հարմարվել այստեղ»,- պատմում է Թահերը: Սակայն տեղացիների հետ կոնֆլիկտները շատ սուր բնույթ չեն կրել, Թահերը հումորով է վերաբերվում. «Նրանք ինձ ասում են՝ մուսուլման ես, սեւ ես, էս ես, էն ես, ես էլ իրենց հանաքով պատասխանում եմ՝ որտեղ հայ, այնտեղ՝ վայ, վայ, վայ…»: Արդեն մեկ տարի Թահերը քնում-արթնանում է այն հույսով, որ ՄԱԿ-ը կօգնի իրեն Կանադա գնալ. «Հայաստանը շատ լավ, խաղաղ երկիր է, բայց հնարավոր չէ այստեղ ապրել, հայերն իրենք են փախչում այստեղից, զարմանում եմ` այս ժողովուրդն ինչպե՞ս է ապրել ու ապրում՝ ոչ գազ ունեք, ոչ նավթ, ոչ ծով…»: