Հաղթահարվել է հերթական հայկական տաբուն

22/04/2006 Մեհմեդ Ալի ԲԻՐԱՆԴ, «Թըրքիշ դեյլի նյուս»

Իմ տեսակետով, Թունչայ Օզքանի Թյուրք կանալը հինգշաբթի երեկոյան կարեւոր տաբու հաղթահարեց: Այդ հեռուստաընկերության եթերում ցուցադրվեց բավական հայտնի «Արարատ» ֆիլմը, որը միջազգային հասարակական կարծիքի մակարդակով քարոզում է հայերի դեմ ցեղասպանություն գործելու մեղադրանքները:

Ֆիլմն ինձ դուր չեկավ: Այն շատ խճճված սյուժե ուներ, եւ բացահայտ խրախուսում էր հայկական սփյուռքի համակրությունները: Ֆիլմի տարբեր դրվագներում ներկայացված է նաեւ թուրքական դիրքորոշումը, ինչը պետք է ապահովի պատմական անաչառությունը, սակայն ֆիլմը հիմնված է ցեղասպանության փաստի ընդունման վրա:

Ես կարծում եմ, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն չի կարելի անվանել: Ֆիլմի ընթացքում ինձ շատ բան էր անհանգստացնում. դեպքերը խեղաթյուրված են, իսկ փաստերը ներկայացված են զգացմունքայնորեն եւ աբստրակտորեն: Բայց եւ որպես քարոզչական ֆիլմ՝ «Արարատը» չի կարելի հաջողված համարել, ինչի մասին վկայում է պրեմիերայից հետո նրա պրոդյուսերի հասցեին ուղղված հայկական սփյուռքի քննադատությունը: Այլ խոսքերով, նաեւ հայկական քարոզչության տեսակետից կինոնկարն առանձնակի տպավորություն չի թողնում:

Այլ բան է կարեւոր: Թյուրք կանալը ճիշտ վարվեց: Այն ապացուցեց, որ ֆիլմը կարող է ցուցադրվել Թուրքիայում, որը բավականաչափ ինքնավստահություն ունի եւ որը չի հավատում հայերի ցեղասպանության մասին մեղադրանքներին: Այն ապացուցեց, որ քարոզչական ֆիլմի ցուցադրումը հանրությունը նորմալ է ընկալում, ինչքան էլ որ այն տհաճ լինի:

Ֆիլմի պրեմիերան վախեցրեց բոլորին: Այն արգելվեց ցուցադրել կինոթատրոններում: Կարծում եմ, դրանով մենք եւս մեկ ոչ պետքական տաբու ստեղծեցինք:

Թյուրք կանալը քաջություն դրսեւորեց: Այն ամրապնդեց մեր ինքնավստահությունը:

Ֆիլմի ցուցադրումից հետո սկսվեց դեպքերի քննարկումը՝ թուրքական տեսակետից: Գետինը չցնցվեց, եւ հասարակայնությունը ֆիլմը հանգստությամբ ընդունեց:

Եվ նշանակում է, դա հնարավոր է: Նշանակում է, մենք կարող ենք լսել տարբեր տեսակետներ, նույնիսկ եթե դրանք մեզ հաճելի չեն՝ պահպանելով մեր տեսությունը:

Թունչայ Օզքանը կատարեց առաջին քայլը, որն արժանի է շնորհավորանքների: