Հիշեցնենք, որ Ս. Բադալյանին կեսարյան հատմամբ վիրահատել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներ գինեկոլոգ Սոնա Խաչատրյանը եւ Ուռոլոգիայի բաժանմունքի վարիչ, ուռոլոգ Երվանդ Հարությունյանը: Վերջինս կեսարյան հատումից անմիջապես հետո, առանց Ս. Բադալյանի հարազատների համաձայնության, նախաձեռնել էր երիկամների վիրահատություն, որից հետո 25-ամյա Սյուզաննան մահացել էր: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում ՀՀ Քրօր-ի. 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կատարված 2 դատաբժշկական փորձաքննությունների համաձայն՝ Ս. Բադալյանն, ամենայն հավանականությամբ, մահացել է բժիշկների կողմից թույլ տրված մի շարք սխալների պատճառով, սակայն դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող այս գործը կարճվել էր: Ս. Բադալյանի ամուսին Արման Քրմոյանը, որը նրա իրավահաջորդն է, դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն` գործի կարճման որոշումը վերանայելու դիմում-բողոքով եւ միջնորդել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել: Սակայն ՀՀ Գլխավոր դատախազությունից ստացել էր պատասխան, ըստ որի` նյութերի քննությունը ցույց է տվել, որ կարճման որոշումը հիմնավոր է: Այդուհանդերձ, Ա. Քրմոյանը ներկայումս դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան գործի կարճման որոշումը վերացնելու պահանջով: Գործը գտնվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում: Ինչպես հայտնի է՝ դատարանում կոռեկտություն պետք է դրսեւորեն բոլորի նկատմամբ, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից: Սակայն պարզվում է, մեզանում դա, որպես կանոն, խախտվում է: Օրինակ, եթե պատասխանող կողմը դատախազության քննիչ է, իսկ բողոքարկող կողմը` սովորական մի մատուցող (Ա. Քրմոյանը), ուրեմն դատարանում խտրական մոտեցումն անխուսափելի է: Դատական նիստին ներկայացած Ա. Քրմոյանին հսկիչները թույլ չտվեցին դատարանի մուտքի մոտից առաջանալ` մինչեւ դատավորի ցուցում տալը, իսկ օրինակ՝ պատասխանող, դատախազության ավագ քննիչ Արշակ Վարդանյանի մուտքն ազատ էր: Վերջինս ժամը 11-00-ին հայտարարված նիստին նախ ուշացած ժամանելուց հետո բարձրացավ վերեւ, ենթադրվում է` դատավորի սենյակ, որից հետո շուրջ 30-40 րոպե չերեւաց: Իսկ ավելի ուշ, դատավորի հետ իջավ 1-ին հարկի նիստերի դահլիճ: Նոր սկսված դատավարությունից դեռեւս դատողություններ չենք ցանկանում անել, բայցեւ չենք կարող չնշել, որ քննիչ Արշակ Վարդանյանի հայրը Կենտրոն եւ Նորք համայնքների առաջին ատյանի դատավոր Ժորա Վարդանյանն է:
Նիստի ընթացքում Ա. Քրմոյանը ներկայացրեց հարուցված քրգործի նախաքննության փուլում տեղ գտած անճշտությունները: Նա մասնավորապես իր դժգոհությունն արտահայտեց քննիչ Ա. Վարդանյանին` կրկնակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության կապակցությամբ: Վերջինիս խոսքերով՝ 2 անգամ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Ս. Բադալյանը մահացել է բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով, այսինքն՝ իր կնոջ մահը բժիշկների անփութության պատճառով է վրա հասել: Հանցագործության նման տարրեր պարունակող եզրակացություններից հետո ուռոլոգ Երվանդ Հարությունյանն` առարկելով փորձաքննության արդյունքները, կրկնակի դատաբժշկական փորձաքննության միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է քննիչ Ա. Վարդանյանի կողմից: Ի դեպ, Ե. Հարությունյանը կրկնակի դատաբժշկական փորձաքննության համար առաջարկել է իրեն քաջածանոթ մասնագետների մասնակցությունը, որից հետո տրվել է մի եզրակացություն, ըստ որի` Ե. Հարությունյանն իր մասնագիտական պարտականությունները կատարել է պատշաճ կերպով եւ մասնագիտական սխալ տեղի չի ունեցել: Ա. Քրմոյանը նշեց, որ Ե. Հարությունյանի կոլեգաները պարզապես կոծկել են նրա հանցանքը, եւ ինքը նույնպես քննիչին միջնորդություն է ներկայացրել` փորձաքննության ժամանակ մասնագետների կազմում ընդգրկել իր առաջարկած մասնագետներին, որպեսզի շահագրգիռ կողմ չլինի, սակայն միջնորդությունը մերժվել է: Ավագ քննիչը նիստի ժամանակ հայտարարեց, որ փորձաքննություն անցկացրել են Հայաստանի լավագույն մասնագետները, որոնց, ինչպես նշեցինք, մատնանշել էր Ե. Հարությունյանը: Վերջինս վստահեցրեց, որ մասնագետների կազմում ընդգրկված են եղել նաեւ սկզբնական փորձաքննությանը մասնակից բժիշկներ, ովքեր արձանագրել են, որ Սյուզաննան մահացել է երիկամային խնդիրների պատճառով: Ա. Քրմոյանի պահանջը, թե կարո՞ղ է քննիչն ապացուցել, որ փորձաքննությունն անցկացրել են բարձր որակավորմամբ բժիշկներ, եւ արդյո՞ք քննիչը հաշվի է առել նրանց պրակտիկայի արդյունքում ձեռք բերված բարձր որակավորումն ապացուցող փաստաթղթերը, նա պատասխանեց. «Ի՞նչ որակավորում, նրանք հանրապետության ճանաչված բժիշկներն են: Բոլորս էլ նրանց ճանաչում ենք»: Ուռոլոգ Ե. Հարությունյանի կոլեգաները բնականաբար կարող են լինել ճանաչված մասնագետներ, բայց, տվյալ դեպքում, կասկածի տակ է դրվել նրանց անաչառությունը: Դատախազության քննիչ Ա. Վարդանյանը հայտարարեց, որ վերջին փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վիրահատող բժիշկները վիրահատության բոլոր միջոցառումները կատարել են ժամանակին, պատշաճ եւ ցուցված, ավելին՝ լրացուցիչ հարցաքննվել են 1-ին հանձնաժողովի փորձագետները, որոնք որոշ հակասությունների շուրջ տվել են սպառիչ պատասխաններ: Ի դեպ, Ա. Քրմոյանը նախագահողին տեղեկացրեց, որ քննիչին խնդրել է առերեսում կազմակերպել Ե. Հարությունյանի հետ, ինչը նախաքննության ընթացքում կարող էր որոշակի մանրամասներ ի հայտ բերել, սակայն դա նույնպես չի կատարվել: Դիմումն, ըստ Ա. Վարդանյանի, մերժվել է, քանի որ առերեսումներ լինում են անձանց ցուցմունքների հակասության դեպքում, եւ բժշկի ու Արմանի միջեւ էական հակասություններ չեն եղել, որոնք գործի ելքի առումով նշանակալից կլինեին: Ա. Վարդանյանը նաեւ պատասխանեց Արմանի այն հարցին, թե ինչո՞ւ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ վիրահատության համար թե՛ Սյուզաննայի, թե՛ հարազատների համաձայնությունը չի եղել: Վերջինս հավաստիացրեց, որ դա պարտադիր չէ, որովհետեւ արտառոց, բարդագույն դեպք է եղել. «Եթե վիճակը վատ է եղել` պե՞տք է ստորագրեր»,- հարցրեց նա: Ա. Քրմոյանը վկայեց, որ կնոջ՝ Ս. Բադալյանի մահվան օրը եւ հաջորդ օրը մասնագետները հրաժարվել են դիակը հերձել, եւ մեկնաբանում է, որ նրանք պարզապես վախեցել են իրենց վրա վերցնել հերձելու պատասխանատվությունը, որովհետեւ դիակի փորձաքննության եզրակացությունը կբացահայտեր իրենց իսկ հիվանդանոցի բժշկի կատարած հանցանքը: Դրանից հետո Ա. Քրմոյանը կնոջ դիակը տեղափոխել է Կենտրոնի դատաբժշկական փորձաքննության կենտրոն, եւ դիակի փորձաքննությունից պարզվել է, որ նա մահացել է բժիշկների թույլ տված սխալների պատճառով: Քննիչը նախագահողին դիմեց՝ ասելով, որ իրեն չվերաբերող հարցեր են տրվում, եւ ինքը դրա համար պատասխանատու չէ: Նա ասաց. «Ես գտնում են, որ գործի կարճման որոշումն օրինական է, քանի որ նախաքննության փուլում հանցանք չի բացահայտվել: Ես հասկանում եմ, ծանր կորստի պատճառով տուժողի իրավահաջորդը չի համակերպվում եւ գտնում է, որ կատարվել է սուբյեկտիվ որոշում»: Բժշկի զոհ դարձած Սյուզաննայի ամուսինը՝ Ա. Քրմոյանը, նախագահողին խնդրեց նիստը հետաձգել եւ հնարավորություն տալ հաջորդ նիստին ներկայանալ փաստաբանի հետ: Հաջորդ նիստը կկայանա մյուս հինգշաբթի: