Ապրիլի 19-ին, վաղ առավոտյան, Վանաձորի Կ. Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի բնակիչները մի ցավալի տեսարանի ականատես եղան՝ քնաթաթախ վիճակում մոտ կես ժամ ահուսարսափ ապրելով: Աղբահավաքների հմուտ ջանքերով ու ոգեւորիչ ձայնարկություններով այրվում էին 2 շաբաթ առաջ Դեմիրճյան 28 շենքին կից պուրակում հատված եղեւնիները (որոնց ծառահատմանն «168 ժամն» անդրադարձել էր ապրիլի 8-ին): Դրանց մի մասը, հատվելուց հետո, մեկ շաբաթից ավելի գետնատարած վիճակում կոխկրտվում էին, մյուս մասն էլ՝ աղբարկղի կողքին մի քանի օր շարունակ սպասում էին իրենց ճակատագրին: Թերեւս, հատված եղեւնիներն այրելուց բացի, դրանց ճակատագրի տնօրինման այլ տարբերակ չէր գտնվել: Խարույկի բոցերն այնքան բարձր էին, որ դրանք, հավանաբար, կչորացնեին նաեւ այդտեղ գտնվող շագանակենիները, որոնց ճյուղերը նոր-նոր սկսել էին ծաղկել: Զարմանալի է, որ այս պայմաններում հիշյալ տարածքը սպասարկող «Քիմշեն» թաղամասային հիմնարկության տնօրենն օրեր առաջ տեղական հեռուստատեսությամբ քաղաքացիների վրա «մուննաթ էր գալիս», թե ինչու նրանք չեն մասնակցում ծառատունկի միամսյակին:
Ծառաջարդի վերաբերյալ մեր նախորդ հրապարակումից հետո հատվեց եւս մեկ ծառ՝ Տիգրան Մեծ-Խորենացի խաչմերուկի մայթին: Տերյան փողոցի վրա, թիվ 3 դպրոցի հարեւանությամբ կառուցված «դղյակի» առջեւ էլ եւս մեկը հատվեց, քանի որ այն փակում էր մայթին կից «դղյակի» լուսամուտների տեսադաշտը: Թերեւս, շուտով կհատվեն նաեւ «դղյակի» առջեւ գտնվող մնացած 2 ծառերը, եւ այդ դեպքում չի բացառվում, անցորդներից «օտարվի» նաեւ մայթը: