ՀՀ ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Հովհաննես Վարյանը հավանաբար նախապես գիտեր, որ այդ օրը «Հայրենիքին մատուցած ծառայության համար» նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհելու: Նա ներկայացել էր տոնական համազգեստով եւ ամենակարեւորը՝ սպիտակ ձեռնոցներով, որոնք անընդհատ հանում-հագնում ու ցուցադրում էր:
Ապրիլի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզահամալիրում նշվում էր ՀՀ ոստիկանության 5-րդ տարեդարձը: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ նաեւ ՀՀ ոստիկանապետի մյուս՝ առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը: «Հայրենիքին մատուցած ծառայության համար» բարձրագույն կոչմանն արժանացավ նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Նա գեներալ-լեյտենանտից դարձավ գեներալ-գնդապետ: Գեներալ-գնդապետը ՀՀ զինված ուժերում ամենաբարձր կոչումն է, որից, մինչեւ Հայկ Հարությունյանը` ունեին երկու մարդ` ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Գուրգեն Դալիբալթայանը եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը: Ներկա ոստիկանապետը դարձավ երրորդը: Բայց համառ լուրեր են պտտվում, թե Հայկ Հարությունյանն, այս կոչումը մի փոքր վայելելուց հետո, հրաժեշտ կտա իր պաշտոնին: Հիմա իշխանական վերնախավում քննարկվում է, թե ով պետք է լինի հաջորդ ոստիկանապետը:
Ապրիլի 14-ին Ռ. Քոչարյանը մեդալներով ու կոչումներով պարգեւատրեց համակարգի բազմաթիվ այլ բարձրաստիճան սպաների: Հատկանշական է, որ պարգեւատրվեցին ոստիկանության հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաները՝ ոստիկանապետը, վերջինիս տեղակալները եւ բազմաթիվ վարչությունների պետեր, այսինքն՝ այնպիսի մարդիկ, որոնք ղեկավար պոստեր են զբաղեցնում եւ որոնց անունները քաջ հայտնի են մեր հասարակության լայն զանգվածներին: Տոնն այս առումով վերաբերեց միայն ղեկավար կազմին: Համակարգի «հասարակ» ծառայողն այդ օրն ականատես եղավ, թե իր ղեկավարները «հայրենիքին մատուցած ծառայության համար» ինչպես են ուշադրության արժանանում: Նրանցից շատերի համար իրենց տոնը սահմանափակվեց ընդամենն այդ միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելով:
Հաջորդ պարգեւատրվողն Անձնագրային եւ վիզաների վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ալվինա Զաքարյանն էր, որին նախագահ Ռ. Քոչարյանը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շնորհեց 2-րդ աստիճանի մեդալ: Մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել այն մասին, թե անձնագրային բաժինների պետերն ու աշխատակիցները կաշառքներով ինչ անօրինականություններ են կատարում: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ արտերկիր մեկնած մեր հայրենակիցներն առանց ներկա գտնվելու, մի քանի հարյուր դոլարով կարող են իրենց անձնագրերը փոխել կամ էլ մուտքի թույլտվության ժամկետը երկարացնել: Սա օրենքի կոպիտ խախտում է: Իսկ մինչեւ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին անձնագրեր տալը դարձել է եկամտի մեկ այլ աղբյուր: Այստեղ պահանջվում է ծնողների երկկողմանի համաձայնությունը` հաստատված նոտարի կողմից: Բանն այն է, որ միշտ արտերկիր մեկնող մեր երեխաների ծնողներից մեկը, հիմնականում` հայրը, Հայաստանում չի լինում: Եվ Հայաստանից մեկնած հայրերը նոտարի կողմից հաստատված համաձայնագրի փոխարեն` մեր համապատասխան պաշտոնյաներին մի քանի հարյուր դոլար են ուղարկում:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պարգեւատրվեցին նաեւ ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Հայկ Միլիտոնյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը եւ այլք: Ռ. Քոչարյանի ասելով` մեր Ոստիկանությունը պատվով է կատարում իր վրա դրված պարտականությունը եւ ապահովում է պետության կայունությունը: Մինչդեռ փաստերը հակառակն են ապացուցում: Վերջերս Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարել է, որ 2006թ. առաջին երեք ամիսներին Երեւանում հանցագործությունների ընդհանուր թիվը 13 տոկոսով ավելացել է 2005թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այս ֆոնի վրա նման պարգեւատրումները, մեղմ ասած, տեղին չէին:
Նախագահը հայտարարեց, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել ոստիկանության այն գործառույթներին, որոնք անմիջապես առնչվում են քաղաքացիների հետ շփմանը: Դրանք են, ըստ Ռ. Քոչարյանի, հասարակական կարգի եւ երթեւեկության կանոնների պահպանությունը: Նորից գաղտնիք հայտնած չենք լինի, եթե ասենք, որ հասարակական կարգի եւ երթեւեկության կանոններն առաջին հերթին հենց ոստիկաններն են խախտում: Այդ օրը, տոնակատարությունից հետո ոստիկաններն իրենց անձնական կամ ծառայողական մեքենաներով երթեւեկության կանոնները խախտելով փողոցներով այնպես էին ճռռացնելով ու անցորդներին վախեցնելով սուրում, կարծես վերջին զանգից հետո շրջանավարտներն էին զվարճանում:
Բայց վստահ ենք, որ ոստիկանության համակարգում կան շատ օրինապահ եւ պատվախնդիր սպաներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են մեր երկրի ներքին կայունությամբ: Եվ դրա համար էլ ասում ենք՝ տոնդ շնորհավոր, ոստիկա՛ն: