«Արարատը»՝ Թուրքիայում

19/04/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սակայն նախքան ֆիլմի ցուցադրումը թուրք հեռուստադիտողներին հոգեբանորեն նախապատրաստել են, որպեսզի նրանք վատ չզգան կոտորածի սարսափելի տեսարաններից։ Ցուցադրումից առաջ թուրքական հեռուստակայանի խմբագիրը հանդես է եկել մեկնաբանություններով՝ ֆիլմը ներկայացնելով իբրեւ քարոզչություն։ «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբերտ Հաթեճյանին, փոխանցում է, որ «Kanalturk»-ի խմբագիրը ցուցադրումից առաջ հեռուստադիտողներին կոչ է արել չմոռանալ, որ դա «իմպերիալիստական քարոզչության մի կինոնկար է»։ «Ցնցող տեսարանները թող ձեզ չվշտացնեն, որովհետեւ այդտեղ նկարագրվածները սուտ բաներ են»,- «Արարատի» ցուցադրումից առաջ ասել է «Kanalturk»-ի խմբագիրը։ Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են նախկինում բարձրաստիճան թուրք զինվորական եւ երիտասարդ թուրք կինոռեժիսոր: Թուրք գեներալը հայհոյել է ֆիլմը՝ անվանելով այն քարոզչություն, եւ գեղարվեստական արժեք չունեցող սուտ: Ի տարբերություն նրա, երիտասարդ կինոռեժիսորն ասել է, թե ֆիլմը գեղարվեստական բարձր արժեք ունի։ Երիտասարդը նաեւ դատապարտել է ցուցադրումից առաջ արված թելադրանքները:

«Kanalturk»-ը ծրագրել էր ֆիլմի ցուցադրումից հետո կլոր սեղանի հրավիրել նաեւ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկին եւ անկախ թուրք պատմաբանի: Սակայն ֆիլմը ներկայացնող հաղորդավարն ասել է, թե Հրանտ Դինկն անձնական պատճառներով չի կարողացել գալ ստուդիա: Հրանտ Դինկը սակայն կլոր սեղանին իր չմասնակցելը բացատրել է նրանով, որ մինչեւ կինոնկարի ցուցադրումը սկսելը, մեկնաբանը «շատ ամոթ կեցվածքով ֆիլմը վարկաբեկել եւ պախարակել է, Ցեղասապանության մասին մեծ ուրացումների մեջ է մտել»: Ինչեւէ, Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրման շարքը նախատեսված էր շարունակել երեկ՝ ԱՄՆ-ում։ Երեկ Միացյալ Նահանգների Հանրային հեռուստատեսության (PBS) եթերում ամբողջ երկրով մեկ նախատեսված էր ցուցադրել ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» մեկժամանոց վավերագրական ֆիլմը: Որոշ նահանգներում ֆիլմից հետո ցուցադրվելու են նաեւ ցեղասպանության շուրջ բանավեճ, որին, բացի հայկական տեսակետը պաշտպանող պատմաբան Թաներ Աքչամից եւ գրող Փիթեր Բալաքյանից, մասնակցելու է նաեւ ցեղասպանությունը ժխտող երկու պատմաբան: Նահանգների մեծ մասը որոշել է կլոր սեղանները չցուցադրել՝ համարելով, որ Ցեղասպանության փաստն անհերքելի է: 650.000 դոլար արժողությամբ կինոժապավենն ամբողջությամբ ֆինանսավորել են ամերիկահայ կազմակերպությունները: «Ազատություն» ռ/կ փոխանցմամբ՝ PBS-ի Լոս Անջելեսի մասնաճյուղը, ընդառաջ գնալով ամերիկահայերի հորդորներին, հրաժարվել է ցուցադրել Էնդրյու Գոլդբերգի ֆիլմը եւ դրան հաջորդող բանավեճը: Դրա փոխարեն կցուցադրվի Հայոց ցեղասպանության մասին ֆրանսիական արտադրության մեկ այլ ֆիլմ՝ առանց բանավեճի հեռարձակման: Բացի այդ, նախատեսված է նաեւ «Հայոց ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի անվճար ցուցադրումը Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում։ Ֆիլմի հեղինակը, ով հատկացրել է կինոթատրոնը վարձելու համար անհրաժեշտ 12 հազար դոլարը, ասել է, թե ֆիլմը կցուցադրվի այնքան, որքան դրա անհրաժեշտությունը զգացվի: Ցեղասպանության մասին ֆիլմեր նախատեսված է ցուցադրել նաեւ այլ երկրներում: