Բնակարանամուտ

19/04/2006

Հայաստանի Գրողների միությունից հայտնում են, որ մեր թերթի ապրիլի 10-ի համարում տեղ գտած «Անանյանը օտարում է ԳՄ ունեցվածքը» հրապարակման մեջ տեղ են գտել անճշտություններ: Խոսքը վերաբերում է Գրողների միությանը պատկանող Իսրայելյան 37/8 հասցեի մեկսենյականոց բնակարանին, որը նախատեսված է եղել ԳՄ անդամներին որպես արվեստանոց տրամադրելու համար: Բնակարանը, որ մինչեւ մահը տնօրինել է Համո Սահյանը, բանաստեղծի մահից հետո տրվել է արձակագիր Վահան Թամարյանին` բնակության համար: 2005թ.` Վ. Թամարյանի մահից հետո, քանի որ ոչ Թամարյանը, ոչ կինն ու զավակներն այդ բնակարանում գրանցված չեն եղել եւ որեւէ իրավունք չեն ունեցել բնակարանի նկատմամբ, այն վերադարձվել է ԳՄ տնօրինությանը: Գրողների միությունից տեղեկացնում են, որ վերոհիշյալ բնակարանը վաճառվել է վարչության որոշմամբ, ստացված հասույթի մի մասով (4.500.000 դրամ) գնվել է 30,9 քմ տարածքով բնակարան Շենգավիթ համայնքում եւ հատկացվել Թամարյանի այրուն, իսկ մյուս մասը (2.200.000դրամ) հատկացվել է ՀԳՄ օգնության հիմնադրամին: ՀԳՄ հաշվապահությունից տեղեկացնում են նաեւ, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե Իսրայելյան 37/8 հասցեի բնակարանի նոր գնորդն արձակագիր Ռուբեն Հովսեփյանն է: Մեզ մնում է մեր ուրախությունը հայտնել Վահան Թամարյանի այրուն հատկացված բնակարանի առիթով, ինչպես նաեւ շնորհավորել այն անհայտ գնորդին, ում բախտ է վիճակվել քաղաքի կենտրոնում 6.700.000 դրամով (մոտ 15.000 դոլար) բնակարան ձեռք բերել: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, քաղաքի այդ հատվածում անշարժ գույքի գները տատանվում են 1քմ-ի դիմաց 800-1000 դոլարի սահմաններում: