Պատգամավորը յուղոտ պատառ է գտել

19/04/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վերջիններս այնքան բորբոքված են իրենց իրավունքների ոտնահարման պատճառով, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանին անվանում են «Հազարան բլբուլ» «հեքիաթի հրեշ», ով պատրաստվում է հազարավոր ընտանիքներին իր քմահաճույքով զրկել ոռոգման ջրից: Բանն այն է, որ տիկին Նաղդալյանը պատրաստվում է Վայոց ձորի Արտաբույնք գյուղի Արփա գետից հոսող վտակի ռեսուրսներն օգտագործելով` հիդրոկայան կառուցել, ինչն այնքան է վշտացրել տեղի բնակչությանը, որ վերջիններս առաջարկում են հիդրոկայան կառուցելու դեպքում բնակչությանը վռնդել, քանի որ նրանք այդ վտակով են ոռոգում իրենց հողատարածքները: «Նաղդալյանն իսկական այդ հրեշն է, որ տեղավորվում ա աղբյուրի մոտ ու խեղճ ու կրակ մարդկանց չի թողնում օգտվել ջրից,- ասում են գյուղացիները: -Բայց ո՞նց կարելի ա, էս գյուղերը հիմնվել են հենց էդ ջրի շնորհիվ, որովհետեւ անճար մարդիկ տեսել են սարերից հոսող ջուրը, մտածել են, որ հողամաս մշակելով կարելի ա տուն ու տեղ դնել: Ստեղ տենց են տնավորվել մարդիկ, հալալ քրտինքով»: Վերջիններս պնդում են, որ գյուղերի ողջ բնակչությունն այդ հողատարածքներից ստացված բերքով է գոյատեւում, իսկ ոռոգման ջրից զրկվելու պարագայում իրենք սովից կմեռնեն: Արտաբույնքի բնակիչ Հենզել Թադեւոսյանի խոսքերով՝ անցյալ տարի գյուղում հայտարարել են, որ գյուղից քիչ վերեւ հիդրոկայան են կառուցելու, որից հետո մեծ քանակությամբ հսկայական խողովակներ են բերել գյուղ: «Օրերից մի օր պարզվեց, որ ջուրը գյուղամիջից են վերցնելու, փաստորեն մենք զրկվում ենք հողատարածք ոռոգելուց, սանիտարական վիճակ չի լինելու, որովհետեւ ջուրը խողովակներով տանում են: Բնության տված ջուրն էլ են մեզնից խլում, համայնքներին սովի են դատապարտում»: Գյուղացիները վկայակոչում են, որ հիդրոկայան կառուցելուց հետո իրենց գյուղերը դառնալու են տափաստան, քանի որ անգամ ծառերն են անջրդի մնալու, իսկ էկոլոգիայի մասին խոսելն ավելորդ է: Գյուղացիները պնդում են, որ իրենց իրավունքները կարող են սահմանադրորեն պաշտպանել եւ մատնանշում են Սահմանադրության հետեւյալ կետը. «Համայնքի անդամները կարող են ուղղակիորեն մասնակցել համայնքի գործերի կառավարմանը համայնքային նշանակության հարցերը տեղական հանրաքվեով լուծելու միջոցով»: Սակայն թե՛ մարզպետը, թե՛ գյուղապետը չեն համաձայնել հանրաքվե անցկացնել, իսկ պատգամավոր Հ. Նաղդալյանը միայն իր բիզնեսը կարգավորելու համար է գալիս գյուղապետարան, իսկ հանդիպում խնդրող հավաքված գյուղացիներին արհամարհում է ու հեռանում՝ ասելով, թե չի ցանկանում այդ ամբոխի հետ հանդիպել: Այս գյուղերի բնակիչները վկայում են, որ առանց այդ էլ բնակիչների միջեւ վեճեր են առաջանում ոռոգման ջրի սակավության պատճառով: Բանն այն է, որ սարերից հոսող ջուրը չի բավականացնում բոլորի հողամասերը ջրելու համար: «Ամռանն իրար գլուխ են ջարդում հողամաս ջրելու համար, հերթեր են գոյանում, որովհետեւ չի բավականացնում: Եթե գյուղում կռիվ ա լինում, ուրեմն էդ ջրի պատճառով ա: Գյուղացիներից մեկը 3 տարի նստեց, որովհետեւ հողը ջրելու համար կռիվ էին արել, բահով խփել, մյուսի գլուխն արյունլվա էր արել»,- վստահեցնում է Հ. Թադեւոսյանը: Հիդրոկայան կառուցելու աշխատանքներն, ըստ տեղի բնակչության, արդեն սկսվել են. բանվորները խողովակներն ամրացնելու համար քանդել են հողը, բայց բնակիչները միահամուռ կերպով կանխել են այդ աշխատանքները: Դրանից հետո ժամանակավորապես կասեցվել է այն, իսկ շինարարության աշխղեկը գյուղացիներին հորդորել է ոչ մի դեպքում ջուրը չտալ իր «շեֆին»՝ Հ. Նաղդալյանին, վստահեցնելով, որ բնակիչներին խաբում են: «Հ. Նաղդալյանը բիզնեսի հեշտ ձեւ է գտել գյուղացիների հաշվին: Մենք առաջարկում ենք գյուղից վերեւ հիդրոկայանը կառուցել, բայց չի համաձայնում, որովհետեւ ծախսը մեծանում է, ճանապարհ պիտի սարքի, էլեկտրասյուներ, լարեր դնի, տրանսպորտի, տեխնիկայի հարց կա, իսկ էս տարբերակը հեշտ ա: Մեր ջուրն ա վերցնում, որովհետեւ տենց գումար ա տնտեսում»,- ասում է

Հ. Թադեւոսյանը: Տեղի բնակչությունը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ նախագահական նստավայր եւ Ազգային ժողով: Երեքշաբթի օրը` ԱԺ-ի հայտարարությունների ժամանակ, երբ ուղիղ եթեր էր հեռարձակվում ԱԺ նիստը, ամբողջ գյուղը դիտավորյալ հոսանքազրկվել է, եւ բնակիչները հնարավորություն չեն ունեցել դիտելու հիդրոկայանի կառուցման վերաբերյալ «Արդարություն» դաշինքի պատգամավոր Հրանտ Խաչատրյանի արած հայտարարությունը: «Մենք բաց նամակ էինք ուղարկել, Հ. Խաչատրյանը սկսեց կարդալ, ու անմիջապես գյուղը հոսանքազրկվեց, իսկ այդ հայտարարությունների հեռարձակման ժամից անմիջապես հետո հոսանքը միացրին»,- ասում է Հ. Թադեւոսյանը:

Երիտասարդները խոստանում են հեռանալ

Արշակյան Սասնիկն էլ առաջարկում է բնակիչներին գյուղից հանել եւ այլ վայրում վերաբնակեցնել: «Որ ջուրը խլեն` մենք ո՞նց պիտի ապրենք, էս գյուղը էս գետակի հիման վրա ա հիմնվել: Մեր ապրելն էլ քանի՞ կոպեկ արժի, թող հանեն-շպրտեն, եթե պիտի ջրից զրկեն: Չի կարելի, ի վերջո, ժողովուրդ ենք, հասարակություն ենք, իրանց գրպանի համար ո՞նց են հազարավոր մարդկանց խեղդում: Պետությունը ժողովրդով ա ապրում ու ժողովրդին գցում ա տուպիկի մեջ, վերջը մենակ իշխանությունն ա էս երկրում մնալու: Նաղդալյանն իրա դոլարի համար ջուրը խլում ա, բա ես իմ 8 շունչը ո՞նց պահեմ»,- ասում է զայրացած ծերունին: Ասում է, որ իրենց գյուղը ծերանոց է, որովհետեւ բոլոր ջահելները քոչում են Ռուսաստան, իսկ ովքեր մնացել են` չեն կարողանում ընտանիք ստեղծել, որովհետեւ աշխատանք չկա, հող մշակելով են օրվա հաց վաստակում: Երիտասարդներն էլ մեր պետական այրերին վստահեցնում են, որ հիդրոկայան կառուցելու դեպքում իրենք կվաճառեն իրենց հողերն ու կհեռանան Հայաստանից: «Հերմինե Նաղդալյանը եթե ուզում է մեր կյանքի հաշվին փող աշխատի, թող մեր նեյտրոնի գործարանը վերակառուցի, մենք էլ գնանք աշխատենք` հա՛մ իրան հարստացնենք, հա՛մ էլ մենք ընտանիք ստեղծենք»,- ասում են նրանք:

«Մեջները մոլախոտեր կան»

Գյուղապետ Սամվել Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ոչ բոլոր գյուղացիներն են դժգոհ հիդրոկայանի կառուցումից: Անցյալ տարի՝ հիդրոկայանի կառուցման հարցը քննարկելու նպատակով, մարզպետին, գյուղապետին հրավիրել են Կառավարություն: «Ես իրենց տեղեկացրի, որ մտահոգություն ունենք սանիտարական ելքի եւ ոռոգման համակարգերի խանգարման վերաբերյալ: Մեզ առաջարկեցին կնքել համապատասխան պայմանագիր, ըստ որի` կհստակեցվի, թե՛ ոռոգման, թե՛ սանիտարական ելքի խնդիրները»,- ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ իրեն խոստացել են բնակիչներին աշխատատեղերով ապահովել, համայնքում ներդրումներ կատարել եւ ավելին՝ 4000-5000 կիլովատտ հոսանք անվճար տրամադրել սոցիալապես անապահով բնակիչներին: Գյուղապետն էլ հիդրոկայան կառուցելու համար իր հիացական համաձայնությունը տվել է. «Դրանից լավ բա՞ն»: Գյուղապետը վստահեցնում էր, որ գյուղը հագեցած է ոռոգման ջրով, եւ խորհուրդ էր տալիս շրջել, համոզվել, թե քանի առվի ջուր է անխնա հոսում: Մինչդեռ հիշեցնենք, որ այս սեզոնին ձնհալից եւ անձրեւաջրերից գետերը վարարում են, ուստի ջրի առատության մասին կարելի է խոսել միայն ամռանը: Ըստ Ս. Սեդրակյանի, փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ ոռոգման սեզոնին՝ ապրիլից մինչեւ հոկտեմբեր, բոլորը հնարավորություն կունենան պատշաճ կերպով ոռոգել իրենց հողամասերը, իսկ հիդրոկայանը գործելու է մայիսից մինչեւ հոկտեմբերի 1-ը: «Օրենքն այս խնդիրը կարգավորում է. սկզբում պիտի մարդիկ ոռոգեն, պիտի լինի գետի թողքը ձկնապաշարների համար, որից հետո այն նոր հիդրոկայանի համար է օգտագործվելու,- վստահեցնում է գյուղապետը: -Հիդրոկայանն օգտագործելու է գետի ավել ջուրը, որը ոռոգման հետ կապ չունի: Ես հասկանում եմ, ինքս էլ մտավախություն ունեի ոռոգման հարցում եւ շատ եմ ծանր ու թեթեւ արել: Վախ կար, որ ջուրը կտանեն ու չեն տա, բայց փաստաթղթերում ամրագրված է, թե ինչն ինչպես է, իրենց առաջ դրված է, որ առաջինը ոռոգումն է, իսկ հետո նոր` ջրի շահագործումը»: Համայնքապետը չի պատրաստվում հանրաքվե անցկացնել՝ հիշեցնելով, որ ինքն ընդամենը համայնքի ղեկավար է, ասել է թե՝ գոյություն ունի Վայոց ձորի մարզպետ, որն էլ, ըստ էության, այս նախաձեռնության հեղինակներից է: 10 տարի ղեկավարելով Այգեկայք գյուղը, համայնքի ղեկավարը դեռ չի սովորել հարգել իր ընտրազանգվածին. «Ասում եմ՝ ինչ-որ միջոցառման համար ամեն մեկդ 500 դրամ հավաքեք՝ սատկում են: Ասում եմ՝ ձեր առուն ա, գնացե՛ք, հանե՛ք՝ սատկում են: Էս են է՛ս կտրվածները, մեջները մոլախոտեր շատ կան»: Ս. Սեդրակյանը նաեւ նշեց, որ երբ Հ. Նաղդալյանը եկել է գյուղապետարան, ցանկացել է հանդիպել գյուղացիների հետ, սակայն մարզպետ Սամվել Սարգսյանը թույլ չի տվել՝ հորդորելով, թե երբ դրա կարիքը լինի՝ իրենք այդ հանդիպումը կկազմակերպեն:

Տան պատը փլվել է

Նույն գյուղի բնակիչ Մարգարյան Խանումի տան պատն ամբողջությամբ փլվել է հիդրոկայանի կառուցման համար բերված խողովակները տեղափոխելիս: «Բայց վախենում եմ, որ գրեք` կարող ա գան ծեծեն կամ անհանգստացնեն: Հիդրոկայան կառուցելու համար մեծ տրակտոր բերեցին գյուղ, երկու մետր ու կես ա ճանապարհը, նեղ էր էդ տրակտորի համար, դղրդալով անցավ ու ամբողջ երկհարկանի շենքը հետեւի կողմից խփեց-փլեց: Իրանք ասեցին՝ ոչ ոքի մի ասեք, մենք կսարքենք»,- ասում է տիկին Խանումը: 1 ամիս անց, տեսնելով, որ ոչ մի արձագանք չկա, վերջինիս քույրը ստիպված գնացել է Վայոց ձորի մարզպետարան, որպեսզի հիշեցնի խոստման մասին, սակայն շինարարության վարչության պետին դա շատ է զայրացրել: Ասել է՝ «Ի՞նչ ա, ուզում ես մեզ աթոռից զրկե՞ս»: Ու քրոջս սպառնացել ա: Հետո մարզպետի տեղակալը խոստացել ա շինանյութ ուղարկել»,- պատմում է։ Դրանից հետո նրանց տուն են բերել 10 կիսատ պարկ ցեմենտ, ավազ եւ 2 խողովակ: Խանումը, որն ապրում է քրոջ հետ, շվարել է, որովհետեւ երկուսն էլ հաշմանդամներ են եւ չգիտեն, թե ում խնդրեն, որ փլվածքը վերանորոգի: