2006թ. մարտի 3-ին Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Շենգավիթ 11 փողոցում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել էին կենդանու կողմից հոշոտվելուն բնորոշ մարմնական վնասվածքներով կնոջ դիակ: Օպերատիվ խմբին տեսարանը հուշում էր, որ անձը չպարզված կնոջը սպանել էին մեկ այլ վայրում, ապա` դին փաթաթել գորգի մեջ եւ տեղափոխել հանցագործության վայրից: Նույն օրը հարուցվում է քր.գործ ՀՀ Քրօր.-ի 104 հոդվածի հատկանիշներով: Կազմվում է օպերատիվ-քննչական խումբ` պարզելու համար դիակի ինքնությունը, սպանությունը կատարած անձին կամ անձանց: Օրեր անց սպանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվում նախկինում 4 անգամ դատապարտված, 1968-ին ծնված Գեղամ Գեւորգյանը: Վերջինս 2005-ին կալանքից ազատվել եւ վերադարձել էր տուն: Ընկերներից մեկը նրան ծանոթացրել էր միայնակ ապրող, թափառաշրջիկ, անտուն, անտանիք, 1957-ին ծնված Կարինե Հարությունյանի հետ։ Նրանք որոշում են ընտանիք կազմել: Սակայն նրանց համատեղ կյանքը տեւում է մի քանի օր…
– Ես զգացի, որ նրան ոչ թե ես եմ պետք, այլ նա, ինձ խաբելով, ցանկանում էր գրանցվել իմ տանը, իսկ եթե խաբում է, ուրեմն պետք է վրեժխնդիր լինեմ, վրեժխնդիր լինեմ նաեւ նրա համար, որ Կարինեն իրեն «ճշտով չպահեց», հայհոյում էր մահացած մորս: Հերթական վեճի ժամանակ Գեղամը գետնին է տապալում կնոջը եւ սկսում հարվածել այնքան ժամանակ, մինչեւ Կարինեն մահանում է: Ապա դին փաթաթում է գորգի մեջ, օրը մթնելուն պես, դիակը տանում-գցում է իրենց շենքի հարեւանությամբ գտնվող կիսակառույց շինության մեջ: Ի դեպ, ալիբի ստեղծելու նպատակով դիակի մոտ չորացած հացի կտորներ, ձկան պահածո, երշիկ ու պանիր է թողնում։ «Մտածում էի` կկարծեն, թե թափառաշրջիկի կյանքով է ապրել եւ այդտեղ էլ մահացել է»: Գ. Գեւորգյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
2005թ. դեկտեմբերի 1-ին Ոստիկանության Քաջարանի բաժնի աշխատակիցները Անդոկավան բանավանի իր տանը հայտնաբերում են 1931-ին ծնված Ռ. Քարամովնայի դիակը։ Պարզվում է, որ տարեց կինը մթերային տարբեր ապրանքներ էր վաճառում, ինչի պատճառով նրա տուն այցելողները մեծ թիվ էին կազմում:
2006թ. փետրվարի 29-ին, սպանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանություն բերման են ենթարկվում նախկինում 4 անգամ դատապարտված «Ձուկ» մականունով Մ. Ավագյանն ու Կապանի Ճարտարագիտական քոլեջի սան Պ. Քարամյանը: Նախաքննության ընթացքում պարզվում է, որ «Ձուկը» Պ. Քարամյանին հանձնարարել է, որ վերջինս իրեն շատ փող ունեցողի տեղ ցույց տա: Օրեր անց Պավելը Մհերին պատմում է, որ իրենց հարեւան Ռ.Քարամովնան վաճառել է բնակարանը։ Որոշում են տիրանալ գումարին եւ կեսօրին այցելում են կնոջը, սակայն տեսնելով, որ նա տանը մենակ չէ, տպավորություն ստեղծելու նպատակով թխվածքաբլիթներ են գնում եւ հեռանում։ 3-4 ժամ դարանակալելուց հետո զանգահարելու պատրվակով այցելում են կնոջը։ Տանտիրուհին ներս է հրավիրում նրանց։ Հարմար պահը որսալով` նրանք գետնին են տապալում կնոջն ու խոհանոցային դանակով, խեղդամահ անելու սպառնալիքով, պահանջում բնակարանի վաճառքից ստացած գումարը։ Կինը պատասխանում է, որ գումարը ուղարկել է ՌԴ-ում բնակվող որդուն։ Գրեթե մեկ ժամ տանջում եւ սպառնում են կնոջը։ Տեսնելով, որ կինը համառում է, Մհերը բռնում է կնոջ ձեռքերն ու ոտքերը, իսկ Պավելը խեղդամահ անում անօգնական կնոջը։ Տունը տակնուվրա անելով, վերցնում են 6000 դրամը, դիակի վզից հափշտակում ոսկե շղթան ու աննկատ հեռանում։ Քննչական խմբին հաջողվում է հայտնաբերել եւ առգրավել ոսկե շղթան։ Մ. Ավագյանն ու Պ. Քարամյանը կալանավորվել են։ Քննությունը վարում է Սյունիքի մարզի Դատախազությունը։