Հայաստանում զբոսաշրջության սեզոնը կարելի է համարել բացված: Հիշեցնենք, որ 2003թ. ընդունված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքով զբոսաշրջությունը ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ:
Ինչպես ընդհանուր տնտեսությունում, այնպես էլ` տուրիզմի ոլորտում մասնավորապես, ամեն տարի արձանագրվում է աճի երկնիշ տեմպ: Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2005թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 318.563 զբոսաշրջիկ: 2004թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 262.959, ուստի աճի տեմպը կազմել է 21,1%: Իսկ այս տարի, ինչպես տեղեկացանք Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանից, կանխատեսվում է, որ Հայաստան այցելող տուրիստների թիվը կգերազանցի 350.000-ը:
Երկրում տուրիզմի աշխուժացումը հանգեցնում է ենթակառուցվածքների զարգացմանը (հիմնականում` հյուրանոցային բիզնես), ՀՆԱ-ի աճին: Բայց նախ հասկանանք, թե ինչ է նշանակում զբոսաշրջիկ: Վերոնշյալ օրենքում սահմանված են 3 հասկացություններ: Զբոսաշրջությունը ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցելության, մասնագիտական, գործնական եւ այլ նպատակներով բնակության մշտական վայրից այլ վայր առավելագույնը մինչեւ 1 տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն է: Այցելուն իր մշտական բնակության վայրից այլ վայր առավելագույնը մինչեւ 1 տարի ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացի է, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում վճարովի աշխատանքային գործունեությունը չէ: Իսկ զբոսաշրջիկն այցելու է, ով ճանապարհորդություն իրականացնելիս ժամանման վայրում անցկացնում է առնվազն 1 գիշերակաց: Բերենք մի կոպիտ օրինակ. արտասահմանում ապրող այն քաղաքացին, որը Հայաստան է գալիս ազգականի հուղարկավորությանը մասնակցելու, համարվում է զբոսաշրջիկ, դեռ ավելին` գրանցվում է որպես տնտեսության հաջողության ցուցանիշ: Անտրաբանական է, բայց հուսադրող: Այժմ տեսնենք, թե որն է զբոսաշրջության «իրական» պատկերը: ԱՎԾ տվյալներով, 2005թ. հունվար-սեպտեմբերին 230.390 զբոսաշրջիկներից Հայաստանի 35 հյուրանոցներում հանգրվանել են ընդամենը 36.702-ը (մոտ 16%-ը), իսկ մնացածն ապրել են բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանի հյուրանոցային համալիրներն, այնուամենայնիվ, տարվա որոշ ամիսներին զբոսաշրջիկներ չեն կարող ընդունել: Հյուրանոցային սենյակների սուր դեֆիցիտ առաջացավ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբերին, երբ նույնիսկ անորոշ ժամանակով հնարավոր չէր համարներ պատվիրել: Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում «իրական» տուրիզմն աշխուժանում է տարվա որոշակի ամիսներին, իսկ վիճակագրական նման «բացն» էապես ձեռնտու է իշխանություններին` տնտեսության հերթական «հաջողություններն» արձանագրելու գործում: