Ավելի քան 7 ամիս է, Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի դատավոր Ա. Ալավերդյանի վարույթում է գտնվում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի նախկին դասախոս Աելիտա Չիբուխչյանի հայցն՝ աշխատանքում վերականգնման վերաբերյալ: Գործի քննության ձգձգումը սկզբում պատճառաբանվել է դատավորի՝ այլ գործերով ծանրաբեռնվածության հանգամանքով, այնուհետ՝ իբր այդ գործի հետ որոշակի առնչություն ունեցող մեկ այլ գործի ելքով: Այս համատեքստում նկատի է առնվում այն, որ նույն դատավորի վարույթում էր գտնվում ՎՊՄԻ նախկին ամբիոնի վարիչ Գարեգին Ղույումչյանի հայցը՝ նախկին ռեկտորի կողմից 2002թ. գիտխորհուրդ ձեւավորելու հրամանն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2006թ. փետրվարին 1-ին ատյանի դատարանը դատավոր Ալավերդյանի նախագահությամբ հիշյալ հրամանը անվավեր ճանաչեց (այն որակելով որպես կրթության եւ գիտության նախարարի գործառույթների յուրացում՝ նախկին ռեկտորի կողմից): Այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից (երբ ինստիտուտում դեռեւս նոր ռեկտոր չէր ընտրվել): ՀՀ վերաքննիչում ապրիլի 7-ին նշանակված դատական նիստը չի կայացել՝ պատասխանող կողմի բացակայության պատճառով: Եթե 1-ին ատյանի դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, ապա չեղյալ կհամարվեն 2002թ. ձեւավորված գիտխորհրդի բոլոր որոշումները (որոնց թվում՝ եւ 2005թ. Չիբուխչյանին դասախոսելուց զրկելու, եւ Ղույումչյանի ղեկավարած տարրական կրթության ուսուցման եւ մեթոդիկայի ամբիոնը լուծարելու): Հատկանշական է, որ Ա. Չիբուխչյանին աշխատանքից կենսաթոշակի պատճառաբանությամբ ազատելու վերաբերյալ գիտխորհրդի 2005թ. որոշումը կայացվել է նրանց կողմից, ովքեր Չիբուխչյանից շատ ավելի տարիքով են (ներառյալ՝ որոշումը կյանքի կոչած նախկին ռեկտորը, որն այս տարվա փետրվարից հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր է):