Ինչպես Վանաձորում տեղի ունեցող պետական այլեւայլ միջոցառումներ, բարձրաստիճան հյուրերի այցեր, աշխատանքային խորհրդակցություններ, վերջերս «տանեցտանու» կարգավիճակով է անցել նաեւ Հայաստանում Բուլղարիայի դեսպանի այցը Վանաձոր: Տվյալ դեպքում, սակայն, դա այնքան էլ զարմանալի չէ, որքան այն, որ Լոռու մարզպետի փոխարեն դեսպանին ընդունել եւ քաղաքում «ման է տվել» Վանաձորի քաղաքապետը, որը նաեւ «սեփականաշնորհել» է հայ-բուլղարական ընկերության Վանաձորի մասնաճյուղի «Պատվավոր նախագահի» կոչումը: Դատելով այն հանգամանքից, որ դեսպանն այցելել է քաղաքապետին պատկանող ասլֆալտի գործարան, պետք է ենթադրել, որ առաջիկայում Բուլղարիայում եւս նման գործարան կկառուցվի (ըստ տեղեկությունների, նման ձեռնարկություն քաղաքապետն ունի նաեւ Դուբայում): Բուլղարացիներն իրենց հերթին հավակնություններ ունեն Վանաձորի քիմիական համալիրի նկատմամբ: Իսկ առայժմ հայ-բուլղարական տնտեսական համագործակցությունը Վանաձորում վաճառվող բուլղարական արտադրության կոսմետիկայի պարագաների եւ զանազան պահածոների շրջանակում է: