«Օրինաց երկիրը» չորեքշաբթի երեկոյան քաղխորհրդի արտահերթ նիստ է անցկացրել, որտեղ միաձայն որոշել է կուսակցության շարքերից հեռացնել համառ կուսակցական Արտակ Սարգսյանին («Սաս» սուպերմարկետի)` Արթուր Բաղդասարյանի կոչն արհամարհելու եւ նրա թելադրանքով չքվեարկելու համար:
Բանն այն է, որ «Մասնավորեցման 2001-2003թթ. հաշվետու ծրագրի» քվեարկությունից առաջ Արթուր Բաղդասարյանն ԱԺ նախագահությունից իր կուսակիցներին «մեսիջի» կարգով զգուշացրեց, որ ինքը դեմ է քվեարկելու, եւ «դեմ է քվեարկելու» նաեւ ՕԵԿ խմբակցությունը: Սակայն Ա. Սարգսյանն այդպես էլ չհնազանդվեց Բաղդասարյանի հրամանին ու կողմ քվեարկեց: Հենց այդ քվեարկությունն էլ դարձավ Արտակ Սարգսյանի կուսակցական լինելու վերջին օրը: Երեկ ամբողջ օրն անջատված էր Ա. Սարգսյանի բջջային հեռախոսը, եւ մենք չկարողացանք նրանից պարզել` ծա՞նր է տանում այլեւս ՕԵԿ-ական չլինելու փաստը, թե՞ ոչ: Մեկ բան ակնհայտ է. ՕԵԿ-ն արդեն փոշմանել է, որ Ա. Սարգսյանին պատգամավոր է դարձրել ու նրա մրցակից Արայիկ Հայրապետյանի դեմ պայքարել է: ՕԵԿ-ական մյուս պատգամավորների հարցը, ովքեր դեմ քվեարկելու փոխարեն` ձեռնպահ են քվեարկել, կուսակցության գիշերային նիստում չի քննարկվել, քանի որ, ինչպես նշեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը, ձեռնպահ քվեարկությունը չի նշանակում` «կողմ» լինել: ՕԵԿ քաղխորհուրդը համարել է, որ նրանք նույնպես հնազանդ են եղել իրենց նախագահի կոչին: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե` «ձեռնպահը» նաեւ չի նշանակում «դեմ», եւ դա տվյալ պարագայում «դեմ» է, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Երեք տեսակի քվեարկություն կա. եթե կողմ չենք, ուրեմն կամ դեմ ենք, կամ ձեռնպահ: Եղան եւ ձեռնպահներ, որը չի նշանակում կողմ»: Հասկանալով, որ տվյալ պարագայում ձեռնպահ քվեարկությունը նաեւ չի նշանակում «դեմ», Հ. Մարգարյանն ասաց. «Սա դիրքորոշում է, որ մենք կողմ չենք: Մենք ասել ենք, որ կողմ չենք, եւ եթե մեր պատգամավորները դեմ կամ ձեռնպահ են քվեարկել, նշանակում է` կատարվել է որոշումը: Եթե մեր պատգամավորների մի մասը ձեռնպահով արտահայտեց իր դիրքորոշումը, ես դրանում վատ բան չեմ տեսնում: Քաղաքականությունը հեքիաթներով եւ ուրիշ բաներով չէ, ռեալ փաստերով է: Այսօրվա դրությամբ փաստն այն է, որ մեկ պատգամավոր հեռացվել է գիշերը»:
Իսկ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը, որը պարտաճանաչորեն կատարել էր իր նախագահի հրամանը, երեկ ԱԺ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե իրենք չբոյկոտեցին քվեարկությունը, որպեսզի շահարկումներ չլինեն, թե ՕԵԿ-ը խուսափեց դիրքորոշում ներկայացնելուց: «Ոչ, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը: Սա քաղաքական որոշում է, եւ պետք չէ շահարկել»,- ասաց նա` ի պատասխան այն մեղադրանքների, թե եթե ՕԵԿ-ը բոյկոտեր քվեարկությունը, ապա հնարավոր էր տապալել Կառավարության ներկայացրած մասնավորեցման ծրագիրը:
Ի դեպ, «Ազգային Միաբանությունն» ավելի լիբերալ է, եւ չի պատրաստվում ՕԵԿ-ի նման իր խմբակցությունից հեռացնել պատգամավոր Հարություն Մուրադյանին, որը Արտաշես Մամիկոնովիչի որոշմանն ընդդիմացել ու կողմ էր քվեարկել: Խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանի գնահատմամբ, այդ քվեարկությունը երկու նշանակություն է ունեցել` բարոյական եւ քաղաքական: Եվ եթե ինքը բարոյական առումով հասկանում է Հ. Մուրադյանին, ապա քաղաքական մասով չի ընդունում: «Բարոյական առումով ես հասկանում եմ Հ. Մուրադյանի քայլը, որովհետեւ Հ. Մուրադյանի «ԲԱՄՕ» ընկերությունը գնել է Մարզահամերգային համալիրը: Իր կողմից անբարոյական կլիներ, որ չգար կամ դեմ քվեարկեր: Բայց նրան բարոյականությունը ստիպել է, որ գա ու «կողմ» քվեարկի` հաշվարկելով, որ դա իր համար ճիշտ է: Իսկ նրա քաղաքական մոտեցումը չեմ ընդունում: Որպես խմբակցության անդամ` նա իր որոշումն ընդունել է եւ անցել է բարոյական ճանապարհ»,- ասաց Ա. Կարապետյանը: Վերջինս նաեւ խորհուրդ տվեց իրենց Հ. Մուրադյանից բացի հիշել նաեւ «այն մե՜ծ անբարոյականների կազմը, որն իրոք ձախողեց այդ քվեարկությունը»: Ակնարկը, բնականաբար, ուղղված էր ՕԵԿ-ին:
ԱԺ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, փորձելով արդարացնել շարքային ՕԵԿ-ականներին, ովքեր չէին ենթարկվել իրենց նախագահի հորդորին, ասաց, թե հնարավոր է` ՕԵԿ-ում էլ գործեր այն նույն «մոդելը», որն իրենց խմբակցության պարագայում է եղել: Այսինքն` ազատ քվեարկություն: Գ. Արսենյանի համոզմամբ, կոալիցիայի ներսում տեղի ունեցածը, որը հրապարակայնացվեց ԱԺ դահլիճում, նշանակում է` քաղաքական ուժերի համախմբում իշխանություն յուրացնելու կամ իրականացնելու շուրջ: «Վերջինիս պարագայում լինում են տարբեր տեսակի ներիշխանական բախումներ, որի արտաքին դրսեւորումների հետ մենք ականատես ենք լինում այս դահլիճում: Որովհետեւ եթե կան ստորջրյա իրար հակառակ հոսանքներ կառավարության գործունեության մեջ, ապա այդ հարցերը չեն հրապարակայնացվում, եւ մնում է ներքին շրջանակներում: Այստեղ, սակայն, մենք տեսնում ենք դրա հրապարակայնացումը: ԱԺ-ն այն լակմուսն է, որը ցույց է տալիս, որ կոալիցիայի ներսում կան բախումներ: Մենք դա տեսնում ենք, եւ պետք է ասենք, որ այնքան էլ բարվոք չէ կոալիցիայի վիճակը: Եվ այս ոչ բարվոք կոալիցիան ԱԺ է բերելու 2007թ. բյուջեի նախագիծը: Եթե կա կորպորատիվ հակասություն, ապա պատկերացրեք, որ կոալիցիայի անդամներից յուրաքանչյուրը փորձելու է բյուջեն քաշել իր վրա, որպեսզի դա հարմարեցնի իր նախընտրական ծրագրերին: Չեմ բացառում, որ կոալիցիան փլուզվի, բայց դրանից առաջ պետք է հաստատի բյուջեն, եթե ոչ` ապա նույն համամասնությամբ կշարունակի, որը քաղաքական բյուջե է»,- կանխատեսեց ՄԱԿ խմբակցության ղեկավարը:
ՕԵԿ-ում տեղի ունեցող «անկարգությունների» վերաբերյալ ամենաուշագրավ գնահատականը ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանինն էր, ով հայտարարեց, թե ինքնակամ հրաժարական կներկայացներ, եթե իր խմբակցության պատգամավորները չկատարեին իրենց միասնական որոշումը: «Եթե որոշում կայացվի մեկ ձեւով քվեարկել, եւ այն չկատարվի մեր ֆրակցիայի կողմից, ապա կոնկրետ ես հրաժարական կներկայացնեմ, որ իմ ֆունկցիաները չեմ կատարել, ու այդ հարցն անպայման կքննարկվի Գերագույն մարմնում: Ես ինքս կներկայացնեմ հրաժարականը»,- ասաց Լ. Մկրտչյանը` հուշելով, թե ինչպիսին պետք է լինի Արթուր Բաղդասարյանի հետագա քայլը:
Հ.Գ. Ի դեպ, երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` ի պատասխան այն հարցին, թե իրենց կուսակցության շարքերը կընդունե՞ն ՕԵԿ-ից հեռացված Արտակ Սարգսյանին, պատասխանեց. «Չգիտեմ` հիմա մեզ մոտ ընդունելություն կա՞, թե՞ չէ»: