Դալլաքյանի բարգավաճող երազանքը

17/04/2006

«Կարծում եմ, ցանկացած մարդ հպարտ կլիներ այդ ծրագրի հեղինակը լինելու համար»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի վերաբերյալ ասաց ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Ի պատասխան շրջանառվող լուրերի, թե հենց ինքն է այդ ծրագրի հեղինակներից մեկը, Դալլաքյանը նշեց. «Ի տարբերություն ոմանց, ես այն կարծիքին չեմ, որ Հայաստանում եթե ինչ-որ լավ բան է կատարվում, ապա իմ մատն անպայման խառն է: Ես ավելի համեստ եմ»: Իսկ հետո նորից անցնելով ԲՀԿ-ի գովքին, ասաց. «Մեր երկրում հավանաբար չկա որեւէ քաղաքացի, որը չուզենա, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական եւ բարգավաճ երկիր: Տվյալ պարագայում, ես այդ ծրագրին մոտենում եմ այդ կտրվածքով: Տվյալ պարագայում Հայաստանում նկատվում է միտում քաղաքական եւ տնտեսական կապիտալների սերտաճման, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ում 19-րդ դարում: Դա դրական երեւույթ է»: Վ. Դալլաքյանից, ում շատերն այլեւս համարում են ստվերային ԲՀԿ-ական, հետաքրքրվեցինք, թե ընդդիմությունն ինչպե՞ս կարող է իշխանամետ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ծրագրից այդքան ոգեւորվել ու այն համարել «բարձր մակարդակով» ծրագիր. «Իմ գնահատմամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրի հիմնադրույթները բարձր մակարդակի են, եւ ՀՀ-ում չկա որեւէ կուսակցություն, որը նման բարձր մակարդակի ծրագիր ունենա»,- «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների ծրագրերն այսպիսով թերագնահատեց նույն խմբակցության քարտուղարը:

Չկարողացանք զսպել հետաքրքրությունը` պարզելու համար, թե Վ. Դալլաքյանը, որ նախորդ երկու օրերին քննադատում էր կառավարության ներկայացրած մասնավորեցման ծրագիրը, տեղյա՞կ է, թե Հայաստանի մասնավորեցրած օբյեկտներից քանիսն է բաժին հասել նման «բարձր մակարդակով» ծրագիր ունեցող ԲՀԿ նախաձեռնող, գործարար Գագիկ Ծառուկյանին: «Այդ հարցերն ուղղեք Գագիկ Ծառուկյանին»,- հարցից հրաժարվեց բարգավաճ Հայաստան երազող Վիկտոր Դալլաքյանը:

Լ.Ս.