Պատմության մեջ կամ հասարակական կյանքում երկրի ղեկավարների գործունեության իրական գնահատականը միշտ չէ, որ իրականության հետ աղերսներ է ունենում: Իրեն նպաստավոր դիրքից ցույց տալու կամ լավագույն կողմերով ներկայանալու ձգտումը հանգեցնում է նրան, որ երկրի ղեկավարի իրական դեմքն այդպես էլ անհայտ է մնում (գոնե պատմական տվյալ շրջանում): Ղեկավարին եւ նրա գործունեությունը ճիշտ գնահատելը բարդանում է նաեւ նրանով, որ շատերի համար, բնականաբար, անհասկանալի են մնում կառավարման եւ պետական որոշումների ընդունման ներքին յուրահատկությունները: Ի՞նչ գիտենք մենք՝ շարքային քաղաքացիներս, մեր երկրի նախկին եւ ներկա նախագահների մասին: Ինչպիսի՞ն է, օրինակ, ներկա նախագահն, ասենք, տանը: Խանդոտ ամուսի՞ն է. դժվար թե: Իր զավակներին գուրգուրող եւ երես տվող հա՞յր: Չգիտենք: Հասարակության առաջ նա հիմնականում ներկայանում է քննող ու դիմացինին չվստահող հայացքով, ժպտում է ոչ այնքան հաճախ եւ ոչ միշտ՝ ադեկվատ: Սակայն պետք է նկատել, որ անընդհատ հասարակության ուշադրության առանցքում գտնվող ղեկավարները, ովքեր ստիպված են իրենց դերը խաղալ, փաստորեն, առանց ընդմիջումների, չդիմանալով ամենօրյա լարվածությանը՝ հաճախ սկսում են տառապել ինֆորմացիոն նեւրոզով: Սա, ինչ խոսք, չի ենթադրում, որ «Գույք՝ պարտքի դիմացը» կամ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքը կարելի է դիտարկել այս կոնտեքստում: Եվ բնավ էլ մխիթարիչ չէ պատմության վկայությունն այն մասին, որ, ասենք, նույնիսկ կանցլեր Բիսմարկն իր հերթական քաղաքական դերը ոչ այնքան հաջող խաղալուց հետո մերթընդմերթ ջարդուփշուր էր անում թանկարժեք սպասքը, հաճախ էլ լրջորեն մտածում էր պատուհանից դուրս նետվելու մասին: Այն, ինչ ջարդում է, օրինակ, ներկա նախագահ Ռոբերտ Քոչարյանը յուրաքանչյուր նման գործարքից հետո, ամենեւին էլ սպասք չէ: Սակայն ճշմարտությունն այն է, որ այսօր Հայաստանի արտաքին (տնտեսական) եւ ներքին քաղաքականությունն իրականացնելու բանալին մի մարդու ձեռքերում է, որի մասին ժողովուրդն ունի նվազագույն ինֆորմացիա: Գիտի, որ Ռոբերտ Քոչարյանին եւ, առհասարակ, բոլոր ղեկավարներին հատուկ գծերից ամենատարածվածը (որից քաղաքականության մեջ, որպես կանոն, չեն ամաչում), խոստումնադրժությունն է: Խոստանալ, ասել մի բան, անել ճիշտ հակառակը: Դրա լավագույն օրինակն Իսրայելի վարչապետներն են, ովքեր շարունակ քարոզում են խաղաղություն եւ պարտավորությունների կատարում, սակայն, փաստացի, դեմ են թե՛ մեկին, թե՛ մյուսին: Երկրի արտաքին քաղաքականությունն արդյո՞ք պայմանավորված է երկրի ղեկավարների անձերով, թե՞ այն կառուցված է մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների վրա: Այս հարցին իր պատասխանն ունի ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը. «Կան պետությունների բնական շահեր, որոնց զարգացման ճանապարհը կախված է մարդու անձնական քաղաքականությունից: Օրինակ, հայտնի էր Մեծ Բրիտանիայի կոնտինենտալ քաղաքականությունը. եթե եվրոպական մի պետություն սկսում էր ուժեղանալ եւ մրցակից դառնալ Մեծ Բրիտանիային, ապա նա միավորվում էր մյուս եվրոպական երկրների հետ՝ ընդդեմ այդ պետության: Եվ ով էլ լիներ Մեծ Բրիտանիայի վարչապետը, այդ քաղաքականությունը շարունակվում էր: Այսինքն՝ դա օբյեկտիվ քաղաքականություն էր»: Վ. Մանուկյանը բերեց նաեւ Սադամ Հուսեյնի օրինակը. Հուսեյնը հարձակվեց Քուվեյթի վրա, սակայն եթե Իրաքի ղեկավարը լիներ ուրիշ մեկը, նման արտաքին քաղաքականություն չէր վարի: Այսինքն՝ կան արտաքին քաղաքականության օբյեկտիվ օրինաչափություններ, որոնք էական կախվածություն ունեն երկրի քաղաքականությունն իրականացնող ղեկավարի անձից: «Օրինակ՝ եթե 1991թ. չընտրվեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլ ընտրվեր, ասենք, Պարույր Հայրիկյանը, ամենայն հավանականությամբ, ՀՀ արտաքին քաղաքականությունն ուրիշ կլիներ: Այլ հարց է՝ եթե արտաքին քաղաքականության գերակայությունները որոշված են, տվյալ անձով պայմանավորված՝ այն կարելի է իրականացնել հաջող կամ տապալել: Եթե վերցնենք ՀՀ ներկայիս իրավիճակը, ՀՀ նախագահը բավական մեծ դիապազոն ունի՝ վարելու տարբեր քաղաքականություն: Քանի որ կան տնտեսական հարցեր, կան ԼՂՀ եւ այլ կարգի չլուծված հարցեր, երկրի ներկա ղեկավարի ազատությունն այդքան էլ մեծ չէ»: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի բնավորության այն առանձնահատկություններին, որոնք վնասում են մեր երկրի արտաքին քաղաքականությանը, Վ. Մանուկյանը նշեց, մասնավորապես, խորամանկությունը. «Քոչարյանն արտաքին քաղաքականության մեջ խորամանկ է: Սակայն խորամանկությունն իր նպատակին է ծառայում այն դեպքում, եթե դիմացիններդ չգիտեն, որ դու խորամանկում ես: Բայց երբ փորձում ես լեզու գտնել Իրանի հետ, հետո «գցել», ՌԴ-ի հետ լեզու գտնել, հետո ինչ-որ տեղ՝ «գցել», ԱՄՆ-ի հետ՝ նույնպես, մյուսների մոտ անվստահություն է առաջանում երկրի նկատմամբ: Մյուս կողմից՝ չկա նաեւ ժողովրդի վստահություն նախագահի հանդեպ: Եվ Ռ. Քոչարյանի հետ հարաբերվելիս՝ մյուս երկրները դա հաշվի են առնում»: Ըստ նրա, եթե ՌԴ-ն հայտարարում է, թե ինքը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ գիտի, որ ՀՀ ղեկավարությունը լեգիտիմ չէ, հետեւաբար նրա պարտնյորությունը տարածվում է ոչ թե երկրի, այլ երկրի ղեկավարի վրա: Այսինքն՝ ինքն ապահովում է տվյալ նախագահի լեգիտիմությունը, հովանավորում է իր երկրում մեր մեկ-երկու օլիգարխի բիզնեսը: Տվյալ դեպքում, երկրի ղեկավարի անձնական շահն ու երկրի շահը պարզապես չեն համընկնում: Իսկ Հայաստանում չկա այն խավը, որը կարողանա Ռ. Քոչարյանին թելադրել վարքագծի կանոններ: Դա իրեն չի կարող թույլ տալ նաեւ ժողովուրդը, ինչը երկրի համար շատ վտանգավոր է: Ի դեպ, այս առումով վտանգավոր են նաեւ մեր բարձրաստիճան չինովնիկների անձնական թուլությունները: Ժողովրդավարական երկրում, օրինակ, եթե նախարարներից որեւէ մեկը խաղատներ այցելեր, նրա հարցն անպայման կառավարությունում կքննարկվեր, քանի որ կառավարությունը չէր ցանկանա նման անդամ ունենալով՝ վարկաբեկվել: «ՀՀ-ում իշխանություններին զսպող մեխանիզմ չկա, ինչը վտանգավոր է երկրի անվտանգության համար»,- եզրափակեց Վ. Մանուկյանը:
Մեր հարցադրումը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը բնորոշեց որպես «աբստրակտ»: «Թերեւս ավելի ճիշտ կլիներ ձեւակերպել այսպես՝ եթե լեգիտի՛մ նախագահ լիներ, հնարավոր կլինե՞ր վարել նո՛ւյն քաղաքականությունը: Պատասխանը մեկն է՝ ո՛չ»,- ճշտեց նա: Լեգիտիմ նախագահի դիրքերը միջազգային ասպարեզում ամուր են, արտաքին ճնշումները քիչ են: «Եթե ունենայինք անգամ Քոչարյանից կիսագրագետ, սակայն լեգիտիմ նախագահ, նա գոնե ավելի ազատ կլիներ եւ հնարավորություն կունենար գործել՝ առաջնորդվելով ազգային անվտանգության շահերով: Հակառակ դեպքում, եթե նախագահն աթոռից զրկվի, կարող է ուղղակիորեն վտանգվել նրա անձնական անվտանգությունը: Հետեւաբար, աթոռը պահելու համար ոչ լեգիտիմ նախագահը ստիպված է լինում վաճառքի հանել պետության, հասարակության ունեցվածքը»: Որպես օրինակ՝ Ա. Արզումանյանը բերեց հարեւան Վրաստանը. «Կարծում եք` Սահակաշվիլին նախապե՞ս էր թույլտվություն ստացել ՌԴ-ից կամ Արեւմուտքից` բարեփոխումներ անցկացնելու համար: Ո՛չ: Սակայն երբ նա ընտրվեց ժողովրդի կողմից, նրա հետ սկսեցին հաշվի նստել: Իսկ քանի դեռ հայ ժողովուրդն իրեն զգում է ՌԴ ֆորպոստը սպասարկող ամբոխ, ՀՀ արտաքին քաղաքականությունը կլինի այն, ինչ ունենք այսօր»: ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը կարծում է, որ անձնավորելու կարիք չկա. «Ակնհայտորեն, ցանկացած երկրում նախագահի լիազորությունների շրջանակում են արտաքին հարաբերությունները, եւ նախագահի մոտեցումից, միանշանակորեն, շատ բան է կախված: Երկրի նախագահի փոփոխության հետ կարող են փոխվել երկրի առաջ ծառացած խնդիրների առաջնահերթությունները»: Մեր հարցին՝ եթե երկրի նախագահը լիներ ուրիշ մեկը, ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը նո՞ւյնը կլիներ, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Կոնկրետ հարց չեմ ցանկանում քննարկել, քանի որ ամեն կոնկրետ հարց պիտի քննարկվի ի՛ր հարթությունում: Ձեր հարցադրումներն արդեն կոնկրետ ուղղորդում ունեն: Ամեն դեպքում, կարծում եմ, խնդիրը չպետք է կապել անձի հետ»: