Անզգո՞ւյշ, թե՞ դիտավորյալ հանցագործություն

17/04/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Պատահարները տարեկան խլում են 1,2 մլն մարդու կյանք, 30-50 մլն-ը ստանում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Տուժածների խնամքն ու բուժումն արժենում է 450 մլրդ եվրո: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերլուծել եւ պարզել է, որ պատահարների 90%-ը տեղի է ունենում տնտեսապես թույլ զարգացած երկրներում: Բացի այդ, մասնագետներն ուսումնասիրել եւ ուրվագծել են պատահարների հիմնական զոհերի «ինքնությունը»` 15-45 տարեկան:

Կանխատեսումների համաձայն, եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, եւ միջոցներ չձեռնարկվեն, ապա 2020-ին ճանապարհային տրավմատիզմը կդառնա աշխատունակության կորստի 3-րդ խոշոր պատճառը` զիջելով իշեմիկ հիվանդությանն ու դեպրեսիային: Վրաերթերը դասվում են անզգույշ հանցագործությունների շարքին, սակայն մահվան ելք ունենալու դեպքում` դրանց համար օրենքով նախատեսվում են լուրջ պատժաչափեր: ՀՀ Քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասով (մեկ մարդու մահվան դեպքում) հանցավորը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով (երկու կամ ավելի մարդու մահվան դեպքում)` 4-10 տարի ժամկետով:

Նախորդ տարիների համեմատ նկատվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքերի աճ: 2005-ին վրաերթերի հետեւանքով զոհվել է 141 մարդ, վիրավորվել` 463-ը: ՀՀ-ում վրաերթեր հիմնականում լինում են հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ, ինչը զանգվածային բնույթ է կրում: Վրաերթերին նպաստում են նաեւ փողոցների արտաքին լուսավորության բացակայությունը, հետիոտնային անցումների եւ գծանշումների բացակայությունը, հաճախ երթեւեկելի մասերին մոտ կառուցված առեւտրի եւ սպասարկման կետերի խտությունը, վարորդների կողմից սահմանված արագության գերազանցումը: Ի դեպ, 2005-ին ՀՀ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից 450-ը տեղի է ունեցել վարորդների կողմից սահմանված արագության գերազանցումով, ինչի հետեւանքով զոհվել է 139 մարդ, վիրավորվել` 634-ը:

2006-ի մարտի 29-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երեւան-Էջմիածին մայրուղու Թաիրով գյուղի` «Գլորիա» խաղատան դիմաց ՎԱԶ 21-21(4X4) մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդն ընդհարվել է ճամփեզրի մոտ կայանված ԳԱԶ -31029 մակնիշի 68 ՕՕ 430 պետհամարանիշի ավտոմեքենային, ապա վրաերթի ենթարկել Ռուբեն Հովհաննիսյանին եւ Արտյոմ Դալալյանին: Արդյունքում, Ռ. Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ա.Դալալյանը` ստացել մարմնական վնասվածքներ: Վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:

2006-ի ապրիլի 9-ին, ժամը 23:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շենգավիթ 11փողոցի 39/2 շենքի դիմաց դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ ժամը 23:15-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում արտասահմանյան մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը միտումնավոր վրաերթի է ենթարկել 1975-ին ծնված, երկու երեխաների մայր Թերեզա Ջանիբեկի Ալոյանին, որը ստացած վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է, իսկ նրա ամուսինը` 1972-ին ծնված Հովհաննես Նվերի Կիրակոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Մեր տեղեկությունների համաձայն` Հ. Կիրակոսյանը աշխատում է ՀՀ ՊՆ համակարգում:

Ոստիկանությունում կատարվածը որակավորվել է` կանխամտածված սպանություն։ Մեր տեղեկություններով` վրաերթը կատարվել է «Ջիփ Պրադո» մակնիշի ավտոմեքենայով, որի պետհամարանիշի սկզբնաթիվը սկսվում է 88 ծածկագրով: Չճշտված տեղեկությունների համաձայն` վրաերթ կատարողը եղել է Նորագյուղի Ավետի (վերջինս հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն) բարեկամներից, որն, ըստ ականատեսների վկայության, զոհի վրայով մեքենայով անցել է մի քանի անգամ: Մինչ վրաերթը 39/2 բակում տեղի է ունեցել «ռազբորկա», որին մասնակցել են 20-ից ավելի երիտասարդներ, ինչը տեւել է 40 րոպեից ավելի: Նկատելով վիճաբանությունը` Թ. Ալոյանը փորձել է միջամտել, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է Երեւան քաղաքի Դատախազությունը: Ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ միջադեպի մանրամասները պարզաբանելու, վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: