«Մի քիչ տոն տայինք, արդեն կոմպրոմատների վիճակ էր ստեղծվում, եւ իրար տուն էինք քանդելու։ Որովհետեւ հենց որ կպանք՝ եղած-չեղած բաները գլխներին էր լցվելու»,- երեկ ԱԺ-ում ընթացող «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի» վերաբերյալ ՕԵԿ-ական պատգամավորների հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան` սպառնաց հանրապետական Գալուստ Սահակյանը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվեցինք` կա՞ն արդյոք ՕԵԿ «գլխին թափելու» փաստեր. «Ոչ միայն «Օրինաց երկրի» համար»: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ չեն հրապարակում դրանք եւ ինչի՞ համար են պահում, ասաց. «Սեփականաշնորհման օբյեկտների նկատմամբ ցանկություններ են եղել, որոնք սակայն մենք թույլ չենք տվել: Դրանք չարաշահումների չեն հասել, որովհետեւ կառավարությունը չարաշահումներ չի անի` անկախ նրանից, թե որ կուսակցությունը կամ անհատն է դիմողը»: Մանրամասներ հրապարակելուց Ա. Մարգարյանը հրաժարվեց` ասելով. «Եկեք չմանրամասնենք, ուղղակի դրա անհրաժեշտությունն այսօր չկա: Հետո»: