Հայացք Գերմանիայից

15/04/2006

Գերմանական հեղինակավոր «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթը նախօրեին անդրադարձել է Հայաստան մատակարարվող գազի սակագնի բարձրացմանը՝ նշելով, թե «Գազպրոմ»-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ անցած շաբաթավերջին կնքված պայմանագրով «ի դերեւ եղան Երեւանի հույսերն` Իրանի օգնությամբ գոնե ինչ-որ չափով ազատվել էներգետիկ կախվածությունից»: Ըստ թերթի, Հայաստանում աճում է Ռուսաստանի հասցեին հնչող հանրային քննադատությունը՝ պայմանավորված, առաջին հերթին, «Հայաստանը տնտեսապես եւ քաղաքականապես վերահսկելու՝ պաշտոնական Մոսկվայի ձգտմամբ»: «Ընդդիմությունը, նաեւ` իշխող շրջանակները Երեւանում դժգոհ են, որ Ռուսաստանին «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքով փոխանցված առանցքային ձեռնարկությունները մինչ օրս պարապուրդի մեջ են: Ճիշտ է, բնակչությունն առայժմ հիմնականում բարեկամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, սակայն գազային կոնֆլիկտի պատճառով մթնոլորտն այնքան է շիկացել, որ հայ կոմունիստները սկսել են բողոքել «հակառուսական հիստերիայից»,- գրում է «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե»-ն: Ըստ թերթի, նոր պայմանագիրը ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նախագահ Քոչարյանի կառավարությանը, որին պաշտպանում է Կրեմլը: «Երբ Հայաստանում կայանան խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, գազի գինը կայուն կլինի, եւ հայերը մտավախություն չեն ունենա, որ կարող են կրկին հայտնվել ցուրտ բնակարաններում»,- գրում է գերմանական թերթը: