Ընդհանրապես, «Կովկասյան վագր» ածականը, եւ հատկապես էկրանի վրա զետեղված նկարը, բավական զվարճացրին Համաշխարհային բանկի կազմակերպած քննարկման տեղացի մասնակիցներին, որոնցից մեկը կատակով նշեց, որ ինքը համաձայն է Հայաստանի՝ կատվազգի ածական ունենալուն։ Սակայն միակ նմանությունն այն է, որ կատուն էլ ցանկացած բարձրությունից միշտ վայր է ընկնում չորս ոտքերի վրա։
Գլխավոր զեկուցողը՝ ՀԲ խորհրդատու Բարտ Կամինսկին, շտապեց մի փոքր ուղղում մտցնել. Հայաստանը վագր է, բայց չափսերով փոքր՝ երկրի չափերին համապատասխան։
Հայաստանի մասին զեկույցը, որն այժմ վերջնական տեսքի է բերվում եւ, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի հունիսին, վերնագրված է «Հայաստան. Կովկասյան վագրը. Աճը պահպանելու քաղաքականությունները»։ Վերնագիրը, ինչպես արդեն նշվեց, հնարավոր է՝ փոփոխություններ կրի։ Զեկույցը կազմված է երկու հիմնական մասից՝ առաջին մասում ներկայացվում են վերջին 5 տարվա զարգացումները, իսկ երկրորդ մասում խոսքը գնում է կանխատեսումների եւ այն խոչընդոտների մասին, որոնք կարող են ազդել տնտեսական աճի վրա։
Որպես դրական ցուցանիշ` հիշատակվեց ինֆլյացիայի ցածր մակարդակը, տնտեսական աճը եւ օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը։ Պրն Կամինսկին գտնում է, որ մասնագետները չպետք է թերագնահատեն ադամանդագործության դերն արտահանման մեջ։ Ըստ զեկուցողի, Հայաստանը իր հարաբերական առավելություններն արդյունավետ օգտագործում է 3 ոլորտներում՝ ադամանդագործություն, խմիչքների արտադրություն եւ ծրագրային ապահովում (software)։ Ըստ ՀԲ ուսումնասիրության, ադամանդագործության արտադրանքը արտահանման մեջ 2003 թվականից հետո նվազել է, սակայն ընդհանուր արտահանումը մեծացել է։
Նշվեց նաեւ, որ մրցակցային առավելությունները կարող էին դրսեւորվել եւ տեքստիլ արտադրության ոլորտում, սակայն ինչ-ինչ խոչընդոտների պատճառով այս ոլորտը լիարժեքորեն չի դրսեւորվում։ Այստեղ մեր տնտեսագետները համաձայն չէին, քանի որ տեքստիլի ոլորտում Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, մինչեւ ճանաչում եւ շուկա ձեռք բերի։ Եվ դժվար թե կարողանա մրցակցել չինական էժան արտադրանքի հետ։
Պրն Կամինսկին նշեց այն հիմնական խնդիրները, որոնք կարող են ազդել մեր երկրի հետագա տնտեսական զարգացման վրա։ Դրանց թվում առանձին ուշադրության են արժանացել տրանսպորտային եւ մաքսային խնդիրները։ Եթե հիշում եք, վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած Հակակոռուպցիոն միջազգային կոնֆերանսի ժամանակ պատգամավոր Թ. Մանասերյանը սուր քննադատության ենթարկեց մաքսայինին։ Նա իր խոսքերը հիմնավորում էր ՀԲ գնահատականներով, մասնավորապես, նշում էր, որ մաքսայինին մուծած յուրաքանչյուր 100 դրամից 46-ը կաշառք է։ ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ տվյալներն իրոք ՀԲ զեկույցից են, սակայն դրանք մի քանի տարվա վաղեմություն ունեն։ Նոր զեկույցում նույնպես այս ոլորտին մեծ ուշադրություն է դարձված, սակայն մանրամասները դեռ չեն հրապարակվում։
ՀԲ մասնագետները դրական չեն համարում այն երեւույթը, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, այսինքն, այն, որ գործարար-քաղաքական գործիչներն այսօր մեծ կշիռ ունեն։ Թեեւ նշում են, որ դրանից զերծ չեն անգամ զարգացած երկրները: Օրինակ, Իտալիան՝ իր վարչապետ Բեռլուսկոնիով։
Նշվեց նաեւ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պետք է նպաստեր շատ խնդիրների լուծմանը, արդյունավետ չի գործում։ Օրենքը կիրարկվում է «ընտրանքային» եղանակով, իսկ հանձնաժողովի վերլուծական հզորությունները շատ թույլ են։
ՀՀ տնտեսության հիմնական խնդիրներից մեկն էլ, իհարկե, վարկավորման դժվարությունն է։ Շատ հեռանկարային գործեր կարող են այդպես էլ չսկսվել՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ Սակայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հեշտության տեսակետից Հայաստանն ավելի բարձր դիրք է գրավում, քան անգամ Եվրամիության անդամ որոշ երկրներ։
Հայազգի մասնագետները, պարզվեց, ամենեւին էլ չէին եկել Հայաստանի հասցեին գովեստներ լսելու նպատակով։ Ինչպես միանգամայն իրավացորեն նշեց ներկաներից մեկը, գալիս են տարբեր կազմակերպություններ, ուսումնասիրություններ են անում, գերակա ուղղություններ որոշում, հաստատում կառավարության հետ, իսկ բիզնեսի վրա գործնականում դա չի ազդում։ Պետք չէ «իլյուզիաներ ստեղծել կամ հաստատել կառավարության իլյուզիաները»։
Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը սկզբունքորեն համաձայն էր եւ անգամ մի փոքրիկ ինքնախոստովանություն արեց. «Ես տնտեսագետ եմ եւ 15-20 տարի առաջ հավատում էի հարաբերական առավելությունների տեսությանը։ Սակայն այժմ չեմ հավատում։ Բիզնեսը միշտ զարմացնում է մեզ՝ տնտեսագետներիս»։
Պրն Կամինսկին էլ նշեց, որ իրենք որեւէ կոնկրետ ոլորտի վրա չեն սեւեռվել, այլ խոսում են ողջ տնտեսության կտրվածքով։ Այդ դեպքում ինչո՞ւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ՀԲ-ն հատուկ ուշադրություն չի դարձրել։ Ճիշտ է, խոսվում է ծրագրային ապահովման արտադրանքի ծավալների մեծացման մասին, սակայն դա զարգացում չէ։ Պատվերները գալիս են օֆշորային ընկերություններից, իսկ Հայաստանում դրանից ստանում են ընդամենը աշխատավարձ։ Սա այն չէ, որ անվանենք ձեռքբերում։ Մինչդեռ կառավարությունը տարիներ առաջ տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակեց գերակա ուղղություն եւ վերջ։ Այլեւս ոչ մի լուրջ քայլ չկատարվեց։ Արդյունքում, «2005-2006թթ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» մեջ ցանցային պատրաստվածության ինդեքսով Հայաստանը 115 երկրների մեջ զբաղեցնում է 86-րդ տեղը` զիջելով անգամ Ադրբեջանին։ Այդ ինդեքսն ուղղակիորեն ցույց է տալիս, թե տվյալ երկրում տեղեկատվական տեխնոլոգիաները որքանով են զարգացած։ «Այդ զեկույցով մեզ պարզապես ցույց տվեցին մեր տեղը»,- նշեց ներկաներից մեկը։
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին էր, որ մեր տնտեսագետները թաքնված կշտամբանքով էին վերաբերվում ՀԲ-ին եւ նրա զեկույցին։ Գլխավոր խնդիրն այն է, որ մենք ինքներս չենք հասկանում` մեզ ի՞նչ է պետք՝ ագրարայի՞ն երկիր ենք դառնալու, արդյունաբերակա՞ն, թե՞ ծառայություններ մատուցող։ Իսկ մեզ երբեմն փորձում են ուղղորդել, եւ շատ հաճախ՝ սխալ ուղիով։
Մի հարցի հետ սակայն բոլորը համաձայն էին՝ բարձրագույն կրթությանը պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Կարեւորվում են որոշ ճյուղեր, սակայն ապագայում որակյալ մասնագետների կարիք է զգացվելու այդ ոլորտներում աշխատելու համար։
Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ խորհուրդ տվեց, որ ՀԲ մասնագետները զեկույց պատրաստելիս ավելի շատ խորհրդակցեն տեղացի մասնագետների հետ եւ կառավարությանը ներկայացվող երաշխավորություններն ավելի խիստ ձեւակերպեն։
Բարտ Կամինսկին պատասխանեց, որ զեկույցում արդեն կան շատ խիստ ձեւակերպումներ, սակայն փակագծերը դրանից ավելի չբացեց։ Ինչեւէ, մնում է սպասել եւ տեսնել, թե այս անգամ մեր մասին ինչ է ասելու Համաշխարհային բանկը, եւ ինչ փոփոխություններ է կրելու մեր «վագրային» իմիջը։