Չի արտաքսվի

15/04/2006

Հայկական կողմին առայժմ հաջողվել է կանխել Կարեն Ավանեսյանի արտաքսումը Մեծ Բրիտանիայից Ադրբեջան: Այդ մասին Արմինֆոյի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ Կարեն Ավանեսյանը Մեծ Բրիտանիա է մեկնել երեք տարի առաջ` որպես ապօրինի գաղթական, սովորել է դպրոցում եւ ապրել պետության կողմից վճարվող նպաստի հաշվին, քանի որ աշխատելու իրավունք չի ունեցել: Կ. Ավանեսյանի հայրն ադրբեջանցի է եւ ընտանիքը լքել է, երբ որդին շատ փոքր է եղել: Երիտասարդը չի կարողացել ապաստանի իրավունք ստանալ Մեծ Բրիտանիայում: Քանի որ Կարեն Ավանեսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում, բրիտանացիները որոշել են, թե նրա հայրենիքն Ադրբեջանն է, եւ որոշել են երիտասարդին արտաքսել Բաքու: Ավելի վաղ ընդունված որոշման համաձայն, Կարեն Ավանեսյանը պետք է այսօր արտաքսվեր Լոնդոնից Մոսկվա, իսկ այնուհետեւ` Ադրբեջան: