Հիշո՞ւմ եք այդ քննարկմանն ինչ էր նախորդել։ Դրանից առաջ կառավարությունը ԱԺ-ին էր ներկայացրել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով պետք է միջուկային էներգիայի պետական մենաշնորհը հանվեր։ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանն այն ժամանակ սուր քննադատության ենթարկեց նախագիծը, եւ այն ետ ուղարկվեց։ Օրինագիծն այժմ կրկին օրակարգում է։ ՕԵԿ-ն արդեն ակնարկում է, որ դեմ չի լինելու, քանի որ կառավարությունը շտկումներ է մտցրել։ Մասնավորապես, օրենքում ամրագրվել է, որ խոսքը գործող ատոմակայանին չի վերաբերում, այն չի կարող մասնավորեցվել։ Այն ժամանակ բերվում էին նաեւ հետեւյալ բնույթի հակափաստարկներ. իսկ եթե հանկարծ նոր ատոմակայան կառուցելու համար հայտ ներկայացնի օֆշորային գոտում գրանցված- թուրքական ծագում ունեցող որեւէ ընկերությո՞ւն։ Այս անգամ դրա մասին դժվար թե հիշեն։ Օրենքը կընդունվի, իսկ դրա դեմ չեն էլ խոսի։
Սակայն սրա մասին չէ, որ ուզում ենք խոսել։ Մեծամորի ԱԷԿ-ը դեռեւս մերն է։ Սակայն այն ատոմակայանը, որը տարիներ հետո պիտի կառուցվի (եթե, իհարկե, կառուցվի), արդեն մերը չի լինի։ Կլինի ուրիշինը, երեւի Ռուսաստանինը։ Ավելի ճիշտ (ինչպես օրերս ասաց վարչապետը), ռուսական մասնավոր մի ընկերության։ Մենք էլ ասում էինք՝ ինքներս կառուցենք, սփյուռքահայերի ու տեղի գործարարների միջոցներով։ Բայց մեզնից ի՞նչ կառուցող։ Կառուցող լինեինք՝ 5-րդ բլոկը կկառուցեինք։ Մենք միայն կարող ենք արդեն կառուցածը վաճառել։
Էներգետիկ անվտանգության քննարկման մասին սկզբից հիշեցի, որովհետեւ Հայաստանի էներգետիկ անվտանգության համար խիստ անբարենպաստ որոշումներն ընդունվեցին հենց այդ քննարկումից հետո։ ԱԷԿ-ի հարցը դեռ որոշված չէ, սակայն Հրազդանի ՋԷԿ-ի օրինակն արդեն կա։ Մոտ ապագայում ի հայտ կգան նաեւ այլ մանրամասներ, մինչեւ մտածեն ու գտնեն, թե դրանց մասին հայտարարելիս ինչպե՞ս պետք է դեմքի համոզիչ արտահայտություն ընդունեն։ Պարապել է, չէ՞, պետք։
«Էներգետիկ անվտանգությունը չի նշանակում էներգետիկ անկախություն», – հայտարարեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը։ Այսինքն, կարող ես կախյալ լինել, բայց անվտանգ, ինչպես ԽՍՀՄ-ի օրոք։ Սակայն այսպիսի միտք վերոնշյալ քննարկման ժամանակ չհնչեց։ Փոխարենը մի քանի անգամ տարբեր իշխանավորների շուրթերից հնչեց, որ գլխավորն էներգակիրների աղբյուրների դիվերսիֆիկացիան է։ Եվ որպես գլխավոր գործոն, որպես ռուսական գազի այլընտրանք, նշվում էր Իրան-Հայաստան գազամուղը։ Եթե պարզվի, որ գազամուղն իրոք տվել են ռուսներին, ինչպես նշված էր «Գազպրոմի» կայքէջում, ապա այդ քայլը հիմնավորելը շատ ավելի դժվար է լինելու, քան 5-րդ բլոկինը։ Եվ եթե հիմնավորում են, թե էներգաբլոկի վաճառքից ստացված գումարով փոխհատուցելու են գազի թանկացումը, գազամուղի դեպքում անհասկանալի կլինի, թե ի՞նչն են փոխհատուցելու։ Ու թեեւ բոլորը գազամուղի հետ կապված խոսակցությունները միահամուռ հերքում էին, այդուհանդերձ, ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մտածելու առիթ տվեց՝ հայտարարելով, որ գազամուղի հետ կապված էլ «հետաքրքիր բաներ» կան, սակայն դրա մասին կխոսի հաջորդ անգամ։
Եվ վերջինը, «Գազպրոմի» կայքէջում «հենց այնպես» տեղադրված լուրը, թե գործարքի ավարտից հետո «Գազպրոմի» բաժնեմասը «ՀայՌուսգազարդի» կապիտալում կստանա որակյալ մեծամասնություն, պարզապես անուշադրության մատնվեց իշխանությունների կողմից։ Ոչ ոք չի հերքում, սակայն չեն էլ հստակեցնում՝ ՀՀ կառավարության բաժնեմասը պարզապես վաճառվե՞լ է, թե՞ նման պատկեր ստացվելու է 5-րդ բլոկը «ՀայՌուսգազարդի» հաշվեկշռի մեջ մտցնելու հետաքրքիր տրյուկի արդյունքում։
Ահա այսպիսի զարգացումներ վերջին 1-2 շաբաթվա ընթացքում։ Եվ որ ամենակարեւորն է՝ «էներգետիկ անվտանգության» մասին ճառերից մեկ ամիս չանցած…