Ամբողջ աշխարհում ընդունված է, որ շտապօգնության, հակահրդեհային, ոստիկանության եւ նմանատիպ այլ 1-01, 1-02, 1-03, 1-04 հրատապ ծառայություններին զանգահարելու համար բաժանորդը չի վճարում: Եվ հեռախոսակապի օպերատորները, լինեն դրանք տեղական թե արտասահմանյան, կամ պետական թե մասնավոր, իրենց պայմանագրային պարտավորությունների մեջ ընդունում են խաղի այդ կանոնները:
Իհարկե, բացի վերը նշվածից, հեռախոսակապի յուրաքանչյուր օպերատոր իր ներքին ցանցում ունի անվճար ծառայություններ: Դրանք հիմնականում այդ օպերատորի մատուցած ծառայություններից տեղեկատվություն ստանալու համար կատարվող զանգերն են, որոնք կատարվում են արդեն հատուկ ֆիքսված հեռախոսահամարներով: Ասենք՝ «ԱրմենՏելի» բջջային կապից զանգահարում ենք 2332 համարով եւ տեղեկանում ենք, թե մեր կանխավճարային քարտի հաշվեհամարում որքան գումար է մնացել, եւ այլն: Կամ «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապից զանգահարում ենք 1-06 կամ 1-83 ծառայություն՝ ինչ-որ հարց պարզելու համար: «ԱրմենՏելից» տեղեկացնում են, որ այս ծառայություններին կամ հանրային նշանակություն ունեցող ծառայություններին, նույնն է թե՝ 1 թվով սկսվող հեռախոսահամարներին զանգահարելու համար էլ բաժանորդը չի վճարում, թեկուզ բջջային հեռախոսով: Բնականաբար, խաղի նույն կանոններն է ընդունել մեր բջջային երկրորդ օպերատորը՝ «Վիվա Սելլը», բայց մի տարբերությամբ, որ վերջինս ֆիքսված հեռախոսակապի ցանց չունի:
Իրականում այս խնդիրը հստակ լուծված չէ, եւ վերոհիշյալ ծառայություններին զանգահարելը, միշտ չէ, որ անվճար է: Բացատրենք, թե ինչու: Ենթադրենք` մենք գտնվում ենք միջքաղաքային ճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, կամ թեկուզ Վանաձոր քաղաքում: Ունենք բջջային հեռախոս եւ հանկարծ վատ ենք զգում: Փորձում ենք արագ զանգահարել շտապօգնության 1-03 ծառայություն եւ օգնություն խնդրել: Մեզ, իհարկե, կհաջողվի կապ հաստատել այդ շտապօգնության հետ, բայց ոչ թե Սպիտակի կամ Վանաձորի, այլ` Երեւանի ծառայության հետ: Հեռախոսավարուհին, կամ ինչ-որ մի պատասխանատու կճշտի մեր գտնվելու վայրը եւ բարեհամբույր, զայրացած կամ զարմացած տոնով կտեղեկացնի, որ մենք զանգահարել ենք Երեւան, եւ իրենք մեզ ոչ մի կերպ չեն կարող օգնել:
Մեր զրուցակիցը` Աշտարակ քաղաքում նման իրավիճակում էր հայտնվել, երբ կտրուկ բարձրացել էր նրա արյան ճնշումը: Բջջային հեռախոսով նա զանգահարել է 1-03: Շտապօգնության Երեւանի ծառայությունից նրան տեղեկացրել են, որ Աշտարակ քաղաքին սպասարկելն իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Նրանք նույնիսկ առաջարկել են, որ մեր զրուցակիցը հասնի Երեւանի սահմանին, եւ այդ դեպքում արդեն պատրաստ են հասնել օգնության: Դե դուք պատկերացրեք իրավիճակը: Պատահարը որքան ողբերգական, նույնքան էլ զավեշտալի է: Մեր զրուցակիցն այդ օրհասական պահին (այդ ժամանակ դժբախտաբար փողոցով անցուդարձ անող մարդիկ չեն եղել) մի կերպ լարել է իր միտքը (իսկ այդպիսի պահերին սովորաբար շատ դժվար է կողմնորոշվել) եւ գլխի է ընկել, որ տեղի շտապօգնություն զանգահարելու համար նախ պետք է հավաքել Աշտարակի կոդը, հետո նոր՝ ծառայության հեռախոսահամարը: Մի խնդիր էլ այստեղ է առաջանում՝ ինչպե՞ս իմանալ, թե որն է Աշտարակի կոդը, չէ՞ որ բոլոր քաղաքների կոդերը հնարավոր չէ հիշել: Մեր զրուցակիցը նորից է դիմել բջջային հեռախոսի օգնությանը եւ զանգահարել է «ԱրմենՏելի» 1-06 տեղեկատու ծառայություն: Քանի որ այս ծառայության հեռախոսակապն էլ այդ պահին ծանրաբեռնված է եղել, նրան ընդամենը 10 րոպե հետո է հաջողվել ճշտել կոդը: Ճշտելուց հետո արդեն շատ վատ է զգացել եւ այլեւս ի վիճակի չի եղել զանգահարել: Բարեբախտաբար, ինչպես հեքիաթում, այդ պահին նրան օգնության է հասել մի աղջիկ եւ բջջայինից, իհարկե, կոդով, զանգահարել է տեղական շտապօգնություն: Տեղական ծառայությունը հասցրել է տեղ հասնել եւ փրկել երիտասարդի կյանքը: Իսկ հրատապ այդ զանգը վճարովի է գրանցվել:
Այս պատմությունը բարեբախտաբար երջանիկ ավարտ է ունեցել: Բայց եթե անցորդ աղջիկը պատահաբար օգնության չհասներ, այս պատմությունը միգուցե տխուր ավարտ ունենար: Եվ քանի որ այս դիպվածն ի սկզբանե հեքիաթային տարրեր ունի իր մեջ, ժանրի ոգուն հավատարիմ` մեր զրուցակիցը սիրահարվել է օգնության հասած աղջկան: Հիմա ամեն ինչ նորմալ է, ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի:
Բայց քանի որ նման հեքիաթանման դիպվածներ իրական կյանքում շատ քիչ են պատահում, մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ հնարավորություն կամ այլընտրանք կունենար մեր ծանոթը, եթե աղջիկը չհայտնվեր: Պարզվում է՝ ոչ մի: Նա պետք է կամ անգիր իմանար Հայաստանի բնակավայրերի բոլոր կոդերն (ինչը պարզապես անհնարին է) ու միանգամից զանգեր շտապօգնության տեղական ծառայություն, կա՞մ… Աստված հեռու պահի:
Այս պատմությունից իմանում ենք, որ հրատապ ու անվճար համարվող զանգերը միշտ չէ, որ հնարավոր է իրականացնել հրատապ ու անվճար: «ԱրմենՏելից» հաստատեցին, որ Աշտարակից կամ Վանաձորից բջջային հեռախոսով տեղական ծառայություն զանգահարելու համար նախ պետք է հավաքել տեղական կոդը: Հակառակ դեպքում` կպատասխանի Երեւանի ծառայությունը: Այս դեպքում զանգն արդեն վճարովի կլինի: Նույն վիճակում է նաեւ «Վիվա Սելլի» ծառայությունը: Ստացվում է, որ այս ընկերությունները խաղի կանոններն ամբողջությամբ չեն պահպանում: Հրատապ զանգը վերածվում է հեռախոսահամարների փնտրտուքի, «անվճար զանգի» պայմանն էլ չի գործում:
«ԱրմենՏելից» տեղեկացրին, որ իրենք այդ ուղղությամբ աշխատում են եւ կիրականացնեն տեխնիկական այնպիսի միջամտություն, որպեսզի Երեւանից դուրս, ցանկացած բնակավայրում բջջային հեռախոսով, առանց կոդի, միանգամից տվյալ համարը հավաքելով՝ հնարավոր լինի կապ հաստատել տեղական ծառայության հետ: Նույն պատասխանը տվեցին նաեւ «Վիվա Սելլից»: Ուղղակի հիշեցնենք, որ «ԱրմենՏելը» բջջային հեռախոսակապ ունի 1997 թվականից, եւ անցած 9 տարիների ընթացքում պետք է որ լուծված լիներ այդ խնդիրը: Միգուցե «ԱրմենՏելի» ղեկավարության մտքով չի էլ անցել, որ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի եւ կատարի ամբողջ աշխարհում ընդունված խաղի կանոնները: Մեզ նույնիսկ թվաց, թե այս «փոքրիկ» խնդիրը նրանց անակնկալի բերեց, եւ նոր-նոր սկսեցին մտածել բաց թողածի մասին: Նույն տպավորությունը ստացանք նաեւ «Վիվա Սելլի» պատասխանից: Իսկ մնացած բոլորին խորհուրդ ենք տալիս հույս չդնել հեքիաթի աղջկա վրա եւ, քանի դեռ «ԱրմենՏելն» ու «Վիվա Սելլը» անթերի չեն մատուցում իրենց ծառայությունները, անգիր սովորել կամ գրպանում ունենալ ՀՀ բոլոր բնակավայրերի կոդերի ցանկը: Մարզերից ոստիկանության 1-02 կամ շտապօգնության 1-03 ծառայություններ զանգահարելուց առաջ նախ հավաքեք տեղի կոդը, եւ ոչինչ, որ այդ ծառայությունը դեռեւս վճարովի է: