Շենքը՝ ջրի մեջ

15/04/2006

Գյումրիում արդեն սովորական են դարձել կիսաքանդ եւ ջրով լի նկուղներ ունեցող շենքերը, պարբերաբար անձրեւաջրերով ողողվող տնակային թաղամասերը: Սակայն Թբիլիսյան թաղամասի Սիմաֆոր կոչվող թիվ 20 շենքն, ի տարբերություն մյուսների, աչքի է ընկնում զարմանալի դիմացկունությամբ: Տպավորությունն այնպիսին է, որ այդ շենքը կառուցված է ջրի վրա: Բնակիչների խոսքերով, պատճառը շենքի տարածքով անցնող Խորղովա գետակն է, որի մակարդակը երկրաշարժից հետո բարձրացել է:

Շենքի նկուղներում առկա հավերժական ջուրը` մի կողմից, վնասված տանիքից կաթկթացող անձրեւաջրերն էլ՝ մյուս կողմից, խիստ վտանգավոր են դարձրել այս շենքի գոյությունը: Դեռեւս մի քանի տարի առաջ շենքը համարվում էր վթարային, սակայն բնակիչների խոսքերով, իրենց հավաստիացրել են, որ այն, չգիտես ինչու, այլեւս վթարային չէ` չնայած պատերի վրա առկա ճեղքերին: Շենքի վրա յուրաքանչյուր նոր ճեղքվածքի առաջացման հետ բնակիչներն ահազանգում են համապատասխան մարմիններին, սակայն վերջիններիս աշխատակիցները գալիս են, տեսնում, որոշ խոստումներ տալիս ու հեռանում: Իսկ բնակիչներն էլ, բնակության այլ վայր չունենալով, ստիպված են ապրել նման պայմաններում եւ իրենց իսկ խոսքերով` ամեն երեկո աղոթել, որպեսզի շենքը փուլ չգա: