Գորիս քաղաքի Մամիկոնյանց փողոցի 50 տան բնակիչ, 1968թ. ծնված Ռաֆիկ Սերյոժայի Կարապետյանը, որն առեւտրով էր զբաղվում, հերթական գնումներ կատարելու նպատակով ապրիլի 2-ին եկել էր Երեւան: Մալաթիա տոնավաճառում նախատեսված գնումների մի մասը կատարելուց հետո մոտենում է տոնավաճառում գտնվող սննդի տաղավարներից մեկին: Դա չի վրիպում այնտեղ գտնվող երկու երիտասարդների աչքից: Մոտենում, նախ ծանոթանում են, ապա խմիչք են հյուրասիրում: Հերթական կենացը խմելուց հետո Ռ. Կարապետյանն իր նոր ծանոթների մոտ անկեղծանում է, պատմում Երեւան գալու իր նպատակների մասին:
Հետո ասում է, թե քաղաքին լավ ծանոթ չէ, եւ խնդրում է իրեն օգնել հասնելու ազգականի տուն, որը գտնվում է «Բարեկամություն» մետրոյի կայարանի մոտ: Պարզվում է, որ «հյուրասեր» ծանոթներից մեկը վարորդ է, եւ պահը չկորցնելով` խոստանում է Ռ. Կարապետյանին իր անձնական օգտագործման ԳԱԶ 24-10 մակնիշի ավտոմեքենայով, 1000 դրամով հասցնել մետրոյի «Բարեկամություն» կայարան: Դուրս գալով տաղավարից, երեքով նստում են ավտոմեքենան: Հասնելով մոտակա գազալցակայան` ավտոմեքենան գազալիցքավորելու պատրվակով, Ռ. Կարապետյանից պահանջում են նախապես պայմանավորված 1000 դրամը: Ճանապարհին նրանց է միանում իրենց մյուս ընկերը, եւ ուղղություն են վերցնում դեպի մետրոյի «Գարեգին Նժդեհի» հրապարակ, ուր մի քանի պտույտ կատարելուց հետո վերադառնում են Մալաթիա տոնավաճառ, իսկ հետո մեքենան վարում են անորոշ ուղղությամբ: Աբովյան պուրակի մոտ Ռ. Կարապետյանը գլխի է ընկնում, որ իրեն այլ ճանապարհով են տանում, եւ խնդրում է ավտոմեքենան կանգնեցնել, սակայն եռյակը սկսում է նրան համոզել, թե ուրիշ ճանապարհով են իրեն տանում, քանի որ մյուս ճանապարհներով երթեւեկությունն արգելված է, որովհետեւ «Լինսի» հիմնադրամը ասֆալտապատման աշխատանքներ է կատարում: Հասնելով Ավան թաղամասի Աճառյան փողոց` Ռ.Կարապետյանն ասում է. «Երեւի շատ խմեցի, ինձ վատ եմ զգում»: Վարորդը` հավատալով Կարապետյանի խոսքերին` արգելակում է ավտոմեքենան: Դուրս գալով ավտոմեքենայից, Կարապետյանը դիմում է փախուստի: Եռյակը հետապնդելով նրան` բռնում, ծեծի է ենթարկում, նստեցնում ավտոմեքենան եւ ուղղություն վերցնում քաղաքից դուրս: Հասնելով Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղ, գիշերվա ժամը 05:00-ի սահմաններում, նրանք Ռ. Կարապետյանին ենթարկում են խուզարկության եւ հափշտակում նրա մոտ եղած 398 հազար դրամը, հետո նրան թողնում են Ծովինար գյուղի մերձակա տարածքում եւ դիմում փախուստի:
Կատարված ավազակային հարձակման փաստով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական բաժանմունքում հարուցվում է քրեական գործ: Դեպքի հաջորդ օրը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցների կողմից կազմված օպերատիվ քննչական խումբն ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Մալաթիա տոնավաճառից Ոստիկանության Ավանի բաժանմունք բերման է ենթարկում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 1973թ. ծնված «Կտրիչ Մելքոն» մականունով Սամվել Մելքոնյանին եւ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, նախկինում մեկ անգամ դատված` «Կյաժ» մականունով, 1980թ. ծնված Մանուչար Կարապետյանին: Վերջիններս ձերբակալվել են: Ձեռնարկվում են օպերատիվ որոնողական միջոցառումներ` երրորդ հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շ.