Աստված ինձ երկրորդ կյանք պարգեւեց, որովհետեւ ես դեռ անելիք ունեի

15/04/2006 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

Տիկին Սիլվան «Սուրբ Գեւորգ» բարեգործական միջազգային միության նախագահն է: Նրան ասում են` Հայոց աշխարհի Մայր Թերեզա, իսկ ինքն իր մասին ասում է. «Մեկն ինձ համարում է երկնային արարած, մյուսը՝ անխելք մարդ, ով իր ապրուստը բաժանում է մարդկանց: Իսկ ինքս գտնում եմ, որ այն ամենը, ինչ ես անում եմ, իմ խղճի համար է»:

– Տիկին Սիլվա, ե՞րբ եւ ի՞նչը հանդիսացավ բարեգործական միություն հիմնադրելու դրդապատճառը:

– Մեր կազմակերպությունն արդեն 18 տարեկան է: 1988թ. դեկտեմբերի 3-ին ես սրտի ծանր կաթված ստացա եւ բավական երկար ժամանակ՝ 24 ժամ, անգիտակից վիճակում էի: Հետո հրաշքով կամ, ավելի ճիշտ, Աստծո կամոք, շատ արագ ապաքինվեցի: Աստված ինձ երկրորդ կյանք պարգեւեց, որովհետեւ ես դեռ շատ անելիք ունեի: Հետո եղավ չարաբաստիկ երկրաշարժը, ու իմ ամբողջ ընտանիքն առաջիններից էր, որ շտապեց աղետի գոտի՝ տուժածներին օգնություն ցույց տալու: Այդ ժամանակ երկրաշարժից տուժած 52 ընտանիքի ապաստան եմ տվել իմ հարկի տակ, մեր հացի արտադրամասում, ու դեռ մի քանի տնակ էլ գնեցի, որպեսզի խեղճերը գոնե տանիք ունենան: Հետո այսքան մարդկանց կերակելու համար առաջինը կառուցեցինք բարեգործական ճաշարան ու այլ առաջին անհրաժեշտության վայրեր՝ բաղնիք, բուժկետ, վարսավիրանոց եւ այլն, որոնք մինչ այսօր էլ գործում են: Հետո, կարծես Աստծո կողմից պատվիրան, կառուցեցինք «Սուրբ Գեւորգ» եկեղեցին: Մեր բարեգործական ճաշարանում սնվում են հազարավոր քաղցած մարդիկ: Իսկ, օրինակ, ատամնաբուժարանում այս տարի պրոթեզավորված մարդկանց շնորհակալագրերն անթիվ-անհամար են: Ու ահա արդեն 18 տարի իմ ընտանիքն այսպես ապրում է:

– Իսկ այդքան միջոցներ որտեղի՞ց եք հայթայթում, Ձեզ օգնողներ կա՞ն:

– Ես շատ մեծահարուստի աղջիկ եմ եղել ու ինքս էլ, ամուսնուս հետ միասին, միշտ լավ աշխատանք ենք ունեցել եւ իմ ստացած մեծ ժառանգությունն ու մեր աշխատածը ծախսել ենք բարեգործության վրա: Ես Քյավառեցի եմ ու իմ երեք երեխաներին էլ քյավառեցուն հատուկ ճոխությամբ հարսանիք եմ արել, իսկ հարսանիքի նվերները վաճառել եմ նորից ընչազուրկ մարդկանց օգնելու համար: Երեխաներս, հարս ու փեսաներս դրա համար մի օր չեն տրտնջացել: Ինչի՞ է պետք զարդն ու հարստությունը, եթե կողքիդ կանգնածը քաղցած է: Հարազատներ ունեմ արտասահմանում, որ ինձ միշտ ասում են՝ «հերիք է տանջվես, արի մի քանի տարի անհոգ ապրիր»: Իսկ ես միշտ ասում եմ, որ այստեղ մարդիկ իմ կարիքը շատ ունեն, ես նրանց պետք եմ:

Դեռ Արցախյան պատերազմում էլ աշխատում էինք հնարավորության սահմաններում կերակրել զինվորներին՝ այստեղից հաց ու տաք ճաշ հասցնելով: Մի անգամ էլ ուտելիք ու 2000 հաց տարանք, իսկ ետ գալու ճանապարհին հարսս ասաց. «Երեխաները քաղցած են, գոնե 2 հաց պահեինք նրանց համար»: Ես պատասխանեցի, որ եթե 2 հացը մենք չտայինք, այնտեղ 2 զինվոր քաղցած կմնար, իսկ մենք տուն կհասնենք: Ես գտնում եմ, որ առաջինն օգնության ձեռք պետք է մեկնել նրան, ով քաղցած ու մրսած է, եւ ոչ թե նրան, ով քեզ կարող է մի օր պետք գալ: Հիշում եմ՝ երրորդ դասարանում էի սովորում, երբ հայրս ինձ համար դպրոցական պայուսակ էր գնել, իսկ այդպիսի պայուսակ ամեն մեկը չէ, որ կարող էր իրեն թույլ տալ վերցնելու: Դա համարվում էր շքեղություն: Ես այնքան ժամանակ ձեռքիս չբռնեցի այդ պայուսակը, մինչեւ որ հայրս դասարանցիներիս համար գնեց նույնից: Ես դեռ այն ժամանակ գտնում էի, որ ես ընկերներիցս ոչնչով առավել չեմ:

Ես բարեգործություն չեմ համարում այն, որ ոմանք «արտասահմանյան գրանտներ» են շահում, գումարի մեծ մասը` գրպանում, մի քանի գրոշ էլ` բաժանում, այն էլ՝ իրենց բարեկամներին: Չեմ ուզում անընդհատ խոսել իմ արածների մասին բարձր ամբիոններից ու հեռուստաեթերներից: Չէ՞ որ Քրիստոսն ասում է՝ «Մի ձեռքդ չպիտի իմանա, թե ինչ է անում մյուս ձեռքը: Ես ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հոգեհանգստի հաց եմ տալիս Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Արցախյան պատերազմում քանի զինվորի եմ ինքս իմ արյունը ներարկել, իսկ քանիսն էլ ձեռքերիս են մահացել: Պատերազմից հետո, Գյումրիի ոստիկանատանը բավականին երկար ժամանակ թուրք ռազմագերիներ էի պահում, եւ այնպես, որ հանկարծ մեկի մատը փուշ չմտնի, որպեսզի կարողանայինք փոխանակել հայ գերիների հետ: Եվ այդպես էլ արեցինք: Իմ միջամտությամբ ու «Կարմիր խաչի» օգնությամբ նրանց փոխանակեցինք հայերի հետ: Հետո նույնիսկ Բաքվից շնորհակալագրեր եմ ստացել: Ու ինձ թվում է, եթե հանկարծ ես մի օր այս ամենը դադարեցնեմ, ուրեմն ես կմեռնեմ: Ես այս ամենը անում եմ իմ խղճի հանգստության համար:

– Պետական այրերի ու գործարարների կողմից որեւէ աջակցություն ստանո՞ւմ եք:

– Քիչ, բայց լինում է: Երբեմն մի քանի կիլոգրամ պանիր, ալյուր կամ այլ բաներ: Երբեմն էլ ինձ ասում են՝ «հո դու չե՞ս գժվել, քո գրպանից ինչո՞ւ ես նման բաներ անում»: Բայց ինչպե՞ս չօգնես, այն էլ` հպարտ հայ մարդուն, ով իրեն թույլ է տվել օգնություն խնդրել, ուրեմն դրա կարիքը նա իսկապես ունի: Ինձ հաճախ ասում են, որ ճաշարանում սնվող մարդկանց ցուցակագրեմ, որովհետեւ կխաբեն, ու մեկը մի քանի անգամ կգա: Դե եթե կխաբեն, թող խաբեն, տվածս մի ափսե ճաշ չէ՞: Մարդ են, էլի… Սկեսուրս ասում էր. «Աղջիկ ջան, քեզ իսկի՞ վատ մարդ չի պատահել»: Ես պատասխանում էի՝ ոչ: Վատ մարդ չի ծնվում, կյանքի ընթացքում են վատը դառնում:

– Իսկ երբեւէ եղե՞լ է, որ Ձեզ դիմեն, ու չկարողանաք օգնել:

– Ես նման դեպք երեւի թե չեմ հիշում: Հիմա էլ պրպտումների մեջ եմ, ուզում եմ հովանավորներ ու մեկենասներ գտնել, որովհետեւ ոչինչ անսպառ չէ, նոր միջոցներ են հարկավոր մարդկանց օգնելու համար: Ես իմ ընտանիքի համար ոչինչ չեմ խնդրի ոչ ոքից, բայց խեղճերի ու ընչազուրկների համար կխնդրեմ: