«Ես ամեն օր ավլում եմ մեր բակը»

15/04/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մի քանի ամիս է, գեղանկարիչ, լուսանկարիչ եւ բանաստեղծ Սամվել Սեւադան գտնվում է Հայաստանում: 16 տարի Ամերիկայում ապրելով` Ս. Սեւադան միշտ նկարել է, նաեւ` Լոս Անջելեսում մանկական գեղանկարչական դպրոց է բացել, որտեղ տարբեր ազգությունների երեխաներին սովորեցրել է իրենց տպավորությունները հանձնել կտավին: 1996թ. նա եղել է Երեւանի գլխավոր նկարիչը` փորձելով մեր մռայլ ու անլույս մայրաքաղաքի արտաքին տեսքն ավելի կանոնակարգված դարձնել: Երեւանի այսօրվա դիմանկարը նա չի հավանում` ասելով, որ քաղաքը «դիմագիծ» չունի եւ էկլեկտիկ է զարգանում: Բայց այդ փաստը նա բնական է համարում, քանի որ աշխարհում ամեն ինչն էլ փոխվում է: Իրեն լավատես համարող նկարիչն ուզում է Երեւանում մանկական նկարչական ստուդիա բացել: Ս. Սեւադան մեծ ոգեւորությամբ սպասում է իր արվեստանոցի վերջնական կահավորմանն ու առաջին աշակերտների այցին: Նոր Նորքի զանգվածում գտնվող նրա արվեստանոցից հրաշալի տեսարան է բացվում, բետոնե բարձրահարկերի կեղտոտ բակ դուրս գալով, տեսնում ես հեռավոր լեռներն ու երկնագույն երկինքը:

– Ինչպիսի՞ն տեսաք Երեւանը:

– Բնական է, որ ամեն ինչ փոխվել է: 30-ականների Փարիզը տեսած մարդիկ էլ են բողոքում, որ իրենց քաղաքն ուրիշ է: Վարդագույն Երեւանից համարյա բան չի մնացել, ամեն ինչ խճողված է: Դա բնական է. ոչ մի սարսափելի ու ողբերգական բան դրանում չեմ տեսնում: Երբեմն փայլում է, հետո` խամրում, թառամում: Ժամանակը հարափոփոխ է: Քաղաքն էլ կենդանի օրգանիզմ է, փոխվում է մեզ հետ: Ես կատարվածին սեւ գույներով նայելու սովորություն չունեմ:

– Խորհրդային շրջանում ապրելն ավելի հարմարավե՞տ էր:

– Էն ժամանակ հասարակ մարդն իրեն ավելի պաշտպանված էր զգում, քանի որ գոնե ինչ-որ մեկին բողոքելու հնարավորություն ուներ: Քաղսովետ, ռայկոմի քարտուղար, Կենտկոմ կար, ի վերջո, Մոսկվան կար ու կար: Նույնիսկ Լենինի դամբարանին էին նամակ գրում: Բայց հիմա ո՞ւմ բողոքի հասարակ աշխատավորը: Ամեն մի հասարակ պաշտոնյա իրեն ռայկոմի քարտուղար է զգում, ամեն մի քաղաքապետարան՝ մի Լենինի դամբարան է: Դե, խոսքի ազատություն եւ նման բաներ, իհարկե, չկային:

Ես աշխատել եմ այն ժամանակ, նույնիսկ պաշտոններ եմ ունեցել: Աբովյան քաղաքում նկարչական դպրոց եւ թանգարան հիմնեցի, շատ լավ աշխատում էինք:

– Ուսուցիչ-աշակերտ կապը կարեւո՞ր է գեղանկարչությունում:

– Լավ է, երբ կա ինչ-որ մեկը, ումից կարող ես սովորել։ Կան մարդիկ, ում ներկայությունից անգամ կարող ես սովորել։ Ես հիմա Երեւանում ուզում եմ մանկական նկարչական դպրոց բացել։ Լոս Անջելեսի դպրոցում 70-ից ավելի աշակերտ եմ ունեցել։ Դա 1-ին հայկական նկարչական դպրոցն էր, որի աշակերտները հիմնականում հայեր էին։ Մենք շատ ցուցահանդեսներ էինք անում, նույնիսկ Երեւանում, Մոսկվայում, Գյումրիում, Աբովյանում:

– Իսկ ինչպիսի՞ն է լինելու Երեւանի դպրոցը:

– Պարզ է, որ այստեղ նույն կերպ չենք աշխատի։ Խոսքս աշխատանքի եւ ուսուցման տեխնիկական մասին է վերաբերում: Նկարչական նյութերն ինքս եմ տալու, հիմա սպասում եմ, որ ԱՄՆ-ից ներկերն ու վրձինները Երեւան հասնեն։ Ով ցանկանա, կարող է գալ ու սովորել: Sevada Art Center-ում կարող էին սովորել 5-105 տարեկան երեխաները: Նույնն էլ այստեղ է լինելու: ԱՄՆ-ում տարբեր ազգությունների ու տարիքի մարդիկ էին գալիս ինձ մոտ։ Իմ թաղամասում շատ անգործ, փողոցում թափառող երեխաներ կան, ովքեր արդեն լսել են իմ դպրոցի մասին, հիմա գալիս ու հարցնում են՝ ե՞րբ եք բացելու։ Հիմա պետք է կահավորեմ իմ արվեստանոցը։ Հայաստան եմ եկել, որ աշխատեմ։ Ոչ, իհարկե, ես ԱՄՆ-ի վրա խաչ չեմ քաշել, իմ բոլորը հարազատները այնտեղ են, կգնամ-կգամ:

– Իսկ ի՞նչը ձեզ դրդեց մեկնել Ամերիկա։

– Այդպես ստացվեց։ Ընդհանրապես շատ եմ սիրում շրջել աշխարհով: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ ոչ մի սարսափելի բան չի կատարվի, եթե գնամ տեսնեմ, հետո ետ վերադառնամ։ Իհարկե, սկզբում դժվար էր, ընտանիքիս հետ էի, ինձ մոլորված էի զգում, ընդամենը մի քանի հարյուր դոլար ունեի, երբ մտա Նահանգներ։ Բայց մի քանի ամիս հետո ամեն ինչ էլ ունեցա՝ եւ արվեստանոց, եւ դպրոց։ Ես, ընդհանրապես, լավատես եմ, բոլոր հարաբերությունների մեջ էլ ինչ-որ լուսավոր բան եմ տեսնում։ Միշտ ասում եմ ընկերներիս, որ եթե նույնիսկ անապատում հայտնվեմ, ավազների մեջ անպայման ինչ-որ հարմարավետ վայր կստեղծեմ, որտեղ քեզ լավ կզգաս:

– Կարելի՞ է նկարներ վաճառելով գումար աշխատել, եւ ինչպիսի՞ն պետք է լինի մասնավոր ցուցասրահների դերը։

– ԱՄՆ-ում նկարներ վաճառելով եմ ապրել, մոտ 450 նկար է վաճառվել։ Եվ բավականին լավ գներով։ Նկարներ վաճառելու եւ գնելու ավանդույթներ դեռ չկան Հայաստանում, բայց կամաց-կամաց ձեւավորվում են։ 90-ականների հետ համեմատած, մեծ շարժ եմ նկատում։ Մատուցման նոր եղանակներ է պետք փնտրել։ Օրինակ, երբ Մոսկվայի հեղինակավոր Նկարչի կենտրոնական տանն էի ցուցահանդես կազմակերպել, մեծ ուշադրություն էի դարձրել եւ նկարների ցուցադրման եղանակի, եւ մթնոլորտի վրա։ Այցելուները սոսկ նկարներ նայելու համար չէին գալիս, պարզվեց նաեւ, որ գնողներ կային: Բացի դրանից, սրահում աղջիկներ կային, ովքեր պատրաստ էին տեղեկություններ տալ եւ պատմել նկարչի եւ նրա ստեղծագործության մասին:

– Ինչի՞ց է կախված նկարների գինը։

– Նկարի արժեքը շատ հարաբերական է։ Ամեն ինչ կախված է նկարչի շուրջ ձեւավորված լեգենդից։ Վան Գոգի մի նկարը հիմա 129 մլն դոլարով է վաճառվում, բայց իր կյանքի օրոք նրա ոչ մի կտավը գին չուներ։ Մոդիլիանիի գործերին նույնիսկ 10 ֆրանկ չէին տալիս, իսկ հիմա դրանք շատ թանկ են։ Բոլոր ժամանակներն իրենց ճաշակն են թելադրում։ Եվ հիմնականում ճաշակը ուժեղներն են թելադրում։ Հռոմի Աիքստոս Պապն, օրինակ, Բոտիչելիի արվեստը չէր սիրում եւ նրա որմնանկարները ծածկել էր տվել։ Հետո եկան ուրիշ ժամանակներ, եւ ռենտգեն ճառագայթներով Ռաֆայելի նկարների տակից հանեցին Բոտիչելիին ու նոր հասկացան՝ թե ինչ մեծ վարպետ է եղել այդ արհամարհված նկարիչը։

– Ամերիկան ճաշակ պարտադրո՞ւմ է։

– Իհարկե, դա բոլորին է հայտնի: Եվ ոչ միայն ճաշակ: ԱՄՆ-ը շատ ազատ երկիր է, բայց միեւնույն ժամանակ պուրիտանական բարքեր ունի։ Օրինակ, հեռուստաէկրանին ցուցադրվող կնոջ բաց կուրծքն այստեղ կարծես սովորական բան է դառել, իսկ ԱՄՆ-ում շատ խիստ արձագանք կունենա։ Եթե բաց կուրծք երեւաց, ուրեմն հաստատ իմացեք, որ այդ հեռուստատեսությունը փակվելու է։ Եթե մեկին հանկարծ ծուռ նայես, կարող ես դատական պրոցեսի մեջ խրվել։ Երեխային ապտակես` դատի կտան։ Հիմա դա կարելի է եւ՛ առաջադիմություն, եւ՛ հետամնացություն համարել։

– Երեւի ավելի շուտ ծիծաղելի է։

– Այդ աստիճանի էլ կարող է հասնել։ Հիմա դպրոցներում երեխաներին սովորեցնում են՝ եթե ծնողներդ քեզ նեղացնում են, ոստիկանություն զանգահարիր։ ԱՄՆ-ում վատ բաները շատ են, բայց դա ամենահզոր պետությունն է։ Հիմա տեսեք, իմ հարազատ Գյումրի քաղաքը քանի՞ տարի առաջ է երկրաշարժից ավերվել եւ ինչպիսի՜ սարսափելի ծանր վիճակում է մինչ օրս գտնվում։ Իսկ ԱՄՆ-ում մի հսկայական քաղաք ջրի տակ անցավ, եւ մի քանի ամիս հետո ամբողջովին վերականգնվեց։

– Խնդիրը մեր ղեկավարների՞ մեջ է։

– Ոչ միայն: Ժողովուրդը պետք է ավելի պահանջկոտ լինի, հատկապես ինքն իր նկատմամբ: Նա ամեն ինչին կարծես համակերպվել է։ Այդ համակերպվածությունը բերում է նրան, որ ժողովուրդը ոչ մի բանի մասնակցել չի ուզում։ Խոսքս հատկապես հարաբերությունների շինարարության մասին է, ոչ թե քաղաքի հսկա շինարարության։ Փոխադարձ հարաբերությունները պետք է նորից կառուցվեն։ Ժողովրդի հետ պետք է շատ աշխատել, խոսել մեր սովորական դարձած բարքերի մասին։ Մարդիկ մաքուր, պլպլան տներում են ապրում, բայց շենքի մուտքերն ու բակերն ահավոր կեղտոտ են։ Տեսեք, օրինակ, ինչ սարսափելի վիճակ է մեր շենքի բակում, շատերն իրենց աղբը բակ են նետում։ Եվ ես, տղամարդ լինելով, ամեն առավոտ դուրս եմ գալիս ու սկսում եմ ավլել մեր բակը։ Կարող եմ, իհարկե, ինչ-որ մեկին վճարել, որպեսզի նա ավլի, բայց ես դիտմամբ, ցուցադրաբար եմ ինքս մաքրում, ուզում եմ, որ մարդիկ ամաչեն ու պատշգամբներից բան չթափեն: Նույնն է նաեւ քաղաքում մեքենա վարելու սովորությունը։ Մեքենաները մարդկանց վրայով են անցնում. ահավոր վիճակ է: Պատճառը բոլորովին էլ մեքենաների առատությունը չէ, այլ ահավոր անտարբերությունն օրենքի եւ միմյանց նկատմամբ: Եվ դա` այն դեպքում, երբ ամեն փողոցում ոստիկանների վտառներ են կանգնած, ու չգիտես` ում են սպասում: Միայն մարտական հաղթանակների հուշերով, Նժդեհից ու Սեւակից մեջբերումներ անելով, մի քանի հաջողակ բիզնեսով ազգ չես պահի։ Բայց գնացեք Հրազդանի ձոր, տեսեք` ինչ է կատարվում ռեստորաններում: Մարդկանց թվում է` ռաբիսն անմեղ երաժշտություն է: Ո՛չ, ռաբիսն ապրելակերպ է։ Մարդը կարող է ֆրանսիական կոստյում ու իտալական կոշիկներ հագնել, բայց ռաբիս լինել։ Մարդիկ պետք է իրար հետ կիսաձայն խոսեն, հարգեն ու սիրեն միմյանց, եւ ընդունեն Օրենքի գերակայությունը: ԲՈԼՈՐԸ… Դա է մեր ճանապարհը, ուրիշ ճանապարհ չունենք։

– Դուք այժմ Երեւանում բավականին փակ կյանքով եք ապրում։

– Այո, կոպիտ ասած՝ շատ մարդամեջ դուրս չեմ գալիս։ Շփումները մի տեսակ դժվարացել են։ Առաջ բոլորը հավասար էին, եւ այդ հավասարությունը նպաստում էր մարդկանց շփումներին։ Տարիներ առաջ առավոտյան ժամերին պարտադիր «Սկվազնյակ» սրճարան էի գնում։ Շատ էի սիրում նստել Երվանդ Քոչարի, Լեւոն Ներսիսյանի, Հենրիկ Էդոյանի, Տիգրան Մանսուրյանի կողքին, լսել նրանց խոսակցությունները, նրանցից բան էինք սովորում։ Հրաշալի մարդկանց այդ երամը մի սրճարանից մյուսն էր տեղափոխվում, ես էլ` նրանց հետ։ Երբ լսում էի` նոր ֆիլմ կամ գիրք են քննարկում, պարտադիր պիտի գնայի, գտնեի ու կարդայի, որպեսզի հաջորդ օրը կարողանայի մասնակցել նրանց զրույցին։ Բայց նման շփումներն այսօր անհնարին են, դրանք ավելի զուսպ ու զգուշավոր են դարձել։

– Դուք 2 տարի շարունակ Երեւանի գլխավոր նկարիչն եք եղել։ Կպատմե՞ք այդ ժամանակի մասին։

– 1996թ. քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ինձ եւ Արթուր Մեսչյանին հատուկ հրավիրեց Երեւան աշխատանքի։ Արթուրը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, իսկ ես՝ Մշակույթի վարչության պետը։ Շատ էինք ուզում նոր ոճով աշխատել, ինչ-որ լավ բաներ անել: Ի վերջո, երկար տարիներ ԱՄՆ-ում ապրելը, տեսնելը շատ բան էր տվել: Ինձ համար առաջին եւ ամենահիշվող գործը Հրապարակի Նոր տարվա տոնածառն էր, որը ես էի կազմակերպել, իհարկե` քաղաքապետի, մայրաքաղաքի բոլոր նշանավոր արվեստագետների օգնությամբ: 1997թ. հունվարի 13-ի երեկոյան սարսափելի իրավիճակ էր ստեղծվել հրապարակում. մոտ կես միլիոն մարդ էր հավաքվել, մոտակա փողոցներն էլ էին փակվել։ Մեծ դժվարությամբ կարողացանք մարդկանց համոզել, որպեսզի հանգստանան ու բեմից քայլ առ քայլ հեռանան։ Դա իմ առաջին մեծ գործն էր Երեւանում։ Բայց մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ այդպես շարունակել անհնար է։ Պետությունը փող չուներ, որպեսզի քաղաքի մշակութային հիմնարկների աշխատակիցներին աշխատավարձ վճարեր։ Ես հրաժարվեցի այդ պաշտոնից եւ քաղաքապետարանում նոր բաժին ստեղծեցինք՝ քաղաքի գլխավոր նկարչի բաժինը։ Մեր հիմնական գործը քաղաքի արտաքին տեսքի, գովազդային վահանակների կանոնակարգումն էր։ Մենք արտաքին գովազդը վճարովի դարձրինք։ Այն ժամանակ ով ինչ եւ որտեղ ուզում` կախում էր։ Լեզուն, գույնը, կատարման որակը կարծես նշանակություն չունեին։

– Չե՞ք կարծում, որ ավելին կարող էիք անել։

– Իհարկե: Այնուհանդերձ բավականին բան արվեց քաղաքի համար։ Այդ ժամանակ գրվեց ու հաստատվեց «Գովազդի մասին» օրենքը: Քաղաքը սկսեց տեսքի գալ: Ռոմանտիկան ու Հայրենիքի համար լավ բան անելու ձգտումն էր մեզ Հայաստան բերել։ Բայց շատ բաներ կային, որ մեր ուժերից վեր էին։ Ասենք, կարող էր որեւէ բարձրաստիճան պաշտոնյա զանգահարել ինձ ու ասել՝ ես պետք է այս գովազդն այստեղ դնեմ։ Ես պատասխանում էի՝ չի կարելի։ Ինձ շարունակում էին զանգահարել, նույնիսկ ահաբեկել։ Ստիպված երբեմն ոստիկանների հետ գնում եւ անօրինական որեւէ վահանակ կամ կրպակ հանում էինք իր տեղից, մյուս օրը տեսնում էինք՝ նորից են ծլել։ Միայն ոգեւորության ու նվիրումի շնորհիվ էր ստացվում աշխատելը։ Իսկ այդպես երկար աշխատել ոչ ոք չի կարող։ Հիմա ես ուզում եմ անել այն, ինչ ձեռքիցս գալիս է։