ԱԺ-ն վերածվել է մանկապարտեզի

12/04/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ԱԺ պատգամավորներին երեկ այդպես էլ ողջ օրվա ընթացքում չհաջողվեց հաստատել այս նստաշրջանի օրակարգը: Դահլիճում թեեւ ներկա էր 51 պատգամավոր, սակայն առանց որեւէ ամոթի նրանց հաջողվում էր քվեարկության ժամանակ 70 ձայն ապահովել: Ընդ որում, ամենաակտիվը վերջին շարքերում նստած պատգամավորներն էին, որոնք, առանց քաշվելու հետեւում նստած եւ ուշադրությամբ իրենց հետեւող լրագրողներից, ակտիվորեն քվեարկում էին իրենց բացակա ընկերների փոխարեն: Ուրիշի փոխարեն քվեարկելը նրանք մի քանի անգամ շարունակեցին ոչ միայն Արշակ Սադոյանի ամոթանքներից ու գոռգոռոցներից, այլ անգամ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի մի քանի անգամ արած դիտողություններից ու հորդորներից հետո: Եվ դա տեւեց այնքան ժամանակ, մինչեւ այդ պատգամավորների մի մասը դուրս եկավ դահլիճից: Ու պարզվեց, որ ԱԺ քառօրյա նիստերի օրակարգը հաստատելու համար քվորում չկա: Արդյունքում` քառօրյայի օրակարգի առաջին մասը մնաց չհաստատված: Իսկ այս քառօրյայում պետք է քննարկվեն բավական հետաքրքիր հարցեր. «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, խորհրդարանին պետք է ներկայացվի ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի` 2005թ. զեկույցը: Ի դեպ, երեկ մի ուշագրավ առաջարկ արեց նաեւ ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը. ԱԺ-ում ստեղծել «Գազի սակագների բարձրացման հարցի եւ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի օտարման հետ կապված իրադարձությունների մասին ԱԺ-ին տեղեկանք ներկայացնելու համար» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Եվ երեկ Վ. Դալլաքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց հարցը ԱԺ լիագումար նստաշրջան ընդգրկելու համար 44 պատգամավորի ստորագրություն հավաքելու համար: Երեկ Դալլաքյանի ձեւաթղթի տակ ստորագրել էին միայն «Արդարություն» եւ «Ազգային Միաբանություն» խմբակցություններն ու մի քանի անկախ ընդդիմադիր պատգամավորները: Արդյունքում ընդդիմությանը հաջողվեց հավաքել 19 ստորագրություն: Ստորագրահավաքը կշարունակվի նաեւ այսօր՝ մինչեւ ժամը 12.30-ը: Սակայն ակնհայտ է, որ կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները չեն ստորագրի ընդդիմության առաջարկի տակ: Իսկ պատճառը շատ պարզ է: Ինչպես մեկնաբանեց ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ «Սովորաբար, եթե ԱԺ-ում քաղաքական փոքրամասնությունը հանդես է գալիս որեւէ նախաձեռնությամբ, խորհրդարանական մեծամասնությունը, անկախ նրանից՝ բխո՞ւմ է պետության, հասարակության շահերից, թե՞ ոչ, ինքնաբերաբար չի միանում այդ նախաձեռնությանը»: Թեեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեգնանքով նկատեց, որ իր այդ առաջարկով ընդդիմությունը եւս մեկ անգամ փորձում է ակտիվանալ ու «քաղաքական ուղի հարթել»: «Պրիմիտիվ կերպով ոտքի վրա առաջարկություն են անում՝ առանց քննարկելու, թե ինչն ինչպես անել: Դա ընդդիմության խնդիրն է. ինքը մտածում է որեւէ կերպ ուղղություն հարթելու մասին»,- ասաց Գալուստ Սահակյանը: Իսկ պրն Սահակյանը համաձա՞յն է, որ ռազմավարական նշանակության օբյեկտները զիջում ենք օտար պետությանը: «Դա զիջելու խնդիր չէ, դա մեր ժողովրդի վիճակից պայմանավորված լուծում է: Ամենալավ լուծումն այն կլիներ, որ Հայաստանն ինքը գազ ունենար եւ շահագործեր: Իսկ սա միջանկյալ լուծում է»,- մեր հարցին այսպես պատասխանեց նա ու այնուհետեւ սկսեց կրկնել Ռոբերտ Քոչարյանի՝ շաբաթ օրը հայտնած մտքերը, թե լավ է, որ ՊՇԷԿ-ը տանք ռուսներին, քանի որ մենք ինքներս այն վերագործարկելու ի վիճակի չենք: «Էներգետիկ առումով այն պետություններն են շահավետ վիճակում, որ ունեն սեփական ռեսուրսները: Մնացածները պետք է կարողանան ճիշտ կողմնորոշումներով հնարավորինս ապահովել իրենց էներգետիկ անվտանգությունը, որը մեր եւ քաղաքական, եւ պետական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց պարոն Սահակյանը: Մի հարցում, թերեւս, պարոն Սահակյանը ճիշտ է. էներգետիկ անվտանգությունը պետք է այսօր դառնա մեր քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը: Եվ հենց այդ պատճառով է, որ ընդդիմությունն այսօր ուզում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ այդ գործարքի մանրամասներն ուսումնասիրելու համար: Մանավանդ, որ ինչպես նկատեց Ա. Բազեյանը` գործարքը տեղի է ունեցել թաքուն՝ ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ: «Օրենսդրության խախտում է տեղի ունեցել. արձանագրվեց, որ Հրազդանի ՊՇԷԿ-ը չկա մասնավորեցվող օբյեկտների ցանկում եւ այն, մեր տեղեկություններով, սեփականության իրավունքով հանձնվում է «Գազպրոմին»: Իմ կարծիքով` կառավարությունը փորձում է իրավիճակային խնդիրներ լուծել, ընդ որում, դա անում է ստվերային ձեւով»,- գտնում է ընդդիմադիր պատգամավորը: Եվ հիմա Ա. Բազեյանը կարծում է, որ հասարակությունն ու ԱԺ քաղաքական ուժերն իրավունք ունեն իմանալու այդ գործարքի մանրամասները: Ի դեպ, ԱԺ խոսնակ, ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս որոշակի վերապահումներ ունի այդ գործարքի նկատմամբ: «Մտահոգիչը նա է, որ էներգետիկ հզորությունը կենտրոնանում է ՌԴ ձեռքին: Սա նշանակում է, որ մենք էներգետիկ ոլորտում պետական վերահսկողությունը պետք է դնենք ավելի բարձր հիմքերի վրա, նաեւ զարգացնենք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան: Դա պետք է լինի քաղաքական անհրաժեշտություն»,- մեր հարցին ի պատասխան` ասաց Արթուր Բաղդասարյանը: Սակայն, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե նա «թռնում է ընդդիմադիր դաշտ», պարոն Բաղդասարյանը փորձեց նաեւ գործարքը գովելու առիթներ էլ փնտրել: «ՀՀ տնտեսության մեջ 600 մլն դոլարի ուղղակի ներդրում է կատարվում ՌԴ-ի կողմից: ՀՀ-ն ունի 1մլրդ դոլարի արտաքին պարտք, եւ եւս 150 մլն դոլարի պարտք վերցնել Հրազդանի 5-րդ էներգոլբոլկը վերագործարկելու համար` շքեղություն կլիներ երկրի համար: Սոցիալական իմաստով էլ կարեւոր է. կունենանք կանխատեսելի սակագին»,- Ռոբերտ Քոչարյանին փորձեց արդարացնել Արթուր Բաղդասարյանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, իրենք չեն ստորագրի ընդդիմության առաջարկի տակ: Սակայն այդ խնդրի վերաբերյալ էլ խուսափեցին որեւէ դիրքորոշում հայտնել: Իրենց դիրքորոշումը չեն հստակեցրել նաեւ ՄԱԿ-ը եւ «Ժողպատգամավորը»: «Պետք է ուսումնասիրենք կառավարության որոշումը, եւ այն պետք է հասկանանք: Ու եթե այնտեղ մութ կետեր մնան, ապա նոր կմիանանք ստորագրահավաքին»,- ասաց Գուրգեն Արսենյանը՝ խոստանալով այս հարցի շուրջ շուտով ունենալ կոնկրետ դիրքորոշում: Մնում է հուսալ, որ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը» վաղը մինչեւ ժամը 12.30-ը կհանգեն համապատասխան դիրքորոշման ու կմիանան ընդդիմության առաջարկին: Մանավանդ, որ նրանց մոտ կարծես թե այդ գործարքի վերաբերյալ ինչ-որ անհամաձայնություն ու կասկածներ կան: