Մեր տեղեկություններով` օրերս ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցները մի շարք խարդախություններ կատարելու կասկածանքով վարչություն բերման են ենթարկել Ավան եւ Նոր Նորք համայնքների Առաջին ատյանի դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Հրայր Քիշմիրյանին։ Վերջինս մի խումբ քաղաքացիների խոստացել էր, որ իրենց պատկանող ապօրինի շինությունների վերաբերյալ կարող է օրինականության որոշումներ «դասավորել»։ Հ. Քիշմիրյանը հանձն է առնում, որ այդ խնդիրներն ինքը կարող է լուծել, ինչի համար քաղաքացիներից պահանջում եւ ստանում է 14.550 ԱՄՆ դոլար։ Խուզարկությամբ Հ. Քիշմիրյանի եւ նրա հոր` Տարիել Քիշմիրյանի բնակարաններում քննչական խումբը հայտնաբերել եւ առգրավել է տարբեր քաղաքացիների տրված մի շարք ստացականներ։ Ստացականներում նշված են եղել Քիշմիրյանների կողմից տարբեր ժամանակաշրջաններում մի խումբ քաղաքացիներին հետ վերադարձրած գումարների մասին։ Հ. Քիշմիրյանը ձերբակալվել է։ Հարուցվել է քրգործ ՀՀ Քրօր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 2 կետերով։ Քննությունը վարում է ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը։ Ի դեպ, նշված խարդախությունները Հ. Քիշմիրյանը կատարել է այն ժամանակահատվածում, երբ զբաղեցնում էր Ավան եւ Նոր Նորք համայնքների Առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Իսկ որոշ քաղաքացիների մոտ, նրանց գումարները խարդախության եղանակով հափշտակելու նպատակով, Հ. Քիշմիրյանը ներկայացել է Երեւանի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակից։