– Ինչպե՞ս եք գնահատում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկն ու Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածի կառուցման իրավունքը ՌԴ-ին հանձնելը:
– Իր իշխանության առաջին իսկ օրվանից Քոչարյանն իրականացնում է մեր պետականության դեմ ուղղված գործունեություն, եւ արդեն անվիճելի է, որ նա ուխտադրել է երկարաձգել սեփական իշխանությունն անգամ մեր պետականությունը փոշիացնելու, ավերելու գնով: Ասվածի ապացույցը վերջին «գործարքներն» են, որոնք առնվազն նույնքան վտանգավոր են մեզ համար, որքան, ասենք, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին: Ընդ որում՝ ակնհայտ է, որ իշխանությունը պահելու գինն օր օրի աճում է: Այն, ինչ եղավ, հնարավոր չէ այլ կերպ անվանել, քան` Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ մեր պետականության զոհաբերում: Հատկանշական է, որ դրանից 1 օր առաջ Վարդան Օսկանյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի ներկայությամբ հայտարարեց, թե ՀՀ-ն մտադիր է էներգետիկ անվտանգության նոր եվրաատլանտյան հայեցակարգի մաս կազմել, որի վրա աշխատում են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն՝ հավաստիացնելով, թե այդ նախագծերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում ՀՀ համար: Ահա «կոմպլեմենտար քաղաքականության» դասական օրինակ. հայտարարել մի բան, անել ճիշտ հակառակը: Մի առիթով ասել եմ, որ ՌԴ-ի ֆորպոստը ոչ թե Հայաստանն է, այլ ներկայիս իշխանությունները: Հիմա ռուսական շահի այս սպասարկուներն ուխտադրել են Հայաստանը վերածել Ռուսաստանի կցորդ տարածքի, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է ռուսական գեներալ-գուբերնատորի դերին: Հայաստանն, ըստ էության, դառնում է ՌԴ սուբյեկտներից մեկը: Ամենացավալին այն է, որ հաջորդ իշխանություններից երկար ժամանակ ու չափազանց մեծ ջանքեր են պահանջելու, պետականության կարեւորագույն տարրերը վերականգնելու համար: Թեեւ, չի բացառվում, որ այդ գործարքների մի մասն անշրջելի լինի:
– Բայց իշխանություններն այդ գործարքը ներկայացնում են` իբրեւ «երկրի ներսում գազի գնի թանկացման հետեւանքները մեղմելու, բնակչության վրա թանկացման բեռը չծանրացնելու» գործարք:
– Որեւէ տրամաբանություն չկա: Սա Ներոնի բանաձեւն է` «Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ»: Այդ պայմանավորվածությունների արդյունքում 3 տարվա ընթացքում տարեկան վճարվելու է մոտ 60 մլն դոլար (Քոչարյանն ու նրա շրջապատն ամեն տարի բնակչությունից գրպանում են դրա տասնապատիկը), որից հետո մենք, միեւնույն է, ավելի թանկ ենք վճարելու գազի համար: Ընդ որում, սա կատարվում է այն բանից հետո, երբ մեր հասարակությունն արդեն պատրաստ էր գազի համար թանկ վճարել, որովհետեւ, ի տարբերություն իշխանությունների, գիտակցում է, որ պետականությունը շատ ավելի թանկ է: Մյուս պետություններն այդ ընթացքում զարգացնելու են իրենց տնտեսությունը, կարողանալու են վճարել, իսկ մենք 3 տարի հետո նորից ընկնելու ենք շոկի մեջ: Ի՞նչ երաշխիքներ ունենք, որ 2009թ. հունվարի 1-ի թանկացումների արդյունքում 60մլն դոլարը ոչ միայն չեն կոմպենսացնելու, այլեւ չեն բազմապատկելու գազի գները: Առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի ողջ քաղաքական դաշտը` ընդդիմադիր թե իշխանամետ, կարծես անտարբեր է կատարվածի նկատմամբ, մինչդեռ աշխարհի առաջատար թերթերն անդրադառնում են այս աննախադեպ գործարքին:
– Ընդդիմությունն ասում է, թե ինքը չէր ուզենա առաջնորդվել՝ «Որքան երկրի համար վատ` այնքան մեզ համար լավ» սկզբունքով, եւ պետք է հասարակական նախաձեռնություն լինի: Իսկ հասարակությունն էլ, կարծես թե, անտարբեր է այդ ամենի նկատմամբ: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:
– Եթե քաղաքական ուժը կամ գործիչը չի արձագանքում Հայաստանի ու նրա ժողովրդի համար վտանգավոր զարգացումներին, ապա իսկապես առաջնորդվում է «Որքան երկրի համար վատ` այնքան մեզ համար լավ» սկզբունքով: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա նա ոչ միայն անտարբեր չէ, այլեւ խիստ մտահոգ է ՀՀ ապագայով: Հասարակության ձայնն առաջին հերթին պետք է արտահայտեն ընդդիմադիր քաղաքական կառույցները, եւ եթե այդ ձայնը չի լսվում, մեղավորը հասարակությունը չէ: Այդ իմաստով բոլորովին էլ պատահական չէ, որ հասարակությունը, որը վաղուց արհամարհում է իշխանություններին, հիմա արդեն լուրջ չի վերաբերվում ինչպես ԱԺ, այնպես էլ արտախորհրդարանական ընդդիմությանը: Մենք ունենք շատ առողջ հասարակություն եւ չափազանց հիվանդ քաղաքական համակարգ: Նկատի ունեմ ողջ քաղաքական համակարգը, սակայն առաջին հերթին` ընդդիմությանը: Այս իրավիճակում ժամանակակից արժեքային համակարգի վրա խարսխված ընդդիմադիր ուժի առաջացումը, ընդ որում՝ ներքեւից ձեւավորումը, օբյեկտիվ անհրաժեշտություն է եւ ժամանակի հրամայական:
– Ըստ ձեզ, Հայաստանում նման քաղաքական ուժի ստեղծման համար կա՞ն պայմաններ:
– Այո, եւ դրա երաշխիքն այն է, որ մեր հասարակությունը քաղաքականապես ավելի հասուն է, քան իշխանություններն ու ընդդիմությունը միասին վերցրած: Կասկած չունեմ, որ ուշ թե շուտ Հայաստանում կստեղծվի մեր հասարակությանն արժանի քաղաքական ուժ: Խնդիրը ժամանակի մեջ է, եւ որքան շուտ` այնքան լավ: Սա է միակ ճանապարհը: Գոյություն ունեցող քաղաքական համակարգն ի վիճակի չէ լուծել ժամանակակից արժեքային համակարգ ստեղծելու խնդիրը: Դաշինքային տրամաբանությունը, որով վերջին տարիներին առաջնորդվում է քաղաքական ողջ համակարգը, փակուղի է: Այդ ճանապարհով նորից անցնելու փորձերն ի սկզբանե դատապարտված են:
– Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ասած նոր քաղաքական ուժի ստեղծումը: Պետք են նոր անհատնե՞ր, թե՞ քաղաքական գործիչները, որոնք պետք է համախմբվեն մեկ գաղափարախոսության շուրջ:
– Խոսքը նոր որակի ընդդիմություն ձեւավորելու մասին է, որն առաջին հերթին պետք է հիմնված լինի ժամանակակից արժեքային համակարգի վրա եւ պետք է ապահովի ներքին ժողովրդավարություն: ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններում չկա ներկուսակցական ժողովրդավարություն: Ինչպե՞ս կարող են նրանք երկրում հաստատել ժողովրդավարություն, երբ դեռ չեն ապահովել ներկուսակցական ժողովրդավարություն:
– Ասացիք, թե իշխանություններն առաջնորդվում են «Մեզանից հետո` թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով: Հավանական չե՞ք համարում իշխանությունների վերարտադրումը:
– Քանի դեռ իշխանության որակական փոփոխության ներքին գործոն չկա, արտաքին գործոնները չեն կարող լուծել ժողովրդի կողմից իշխանություն ձեւավորելու խնդիրը, դա միմիայն մեր լուծելիք խնդիրն է: Օրինակները բազմաթիվ են: Քանի դեռ Սերբիայում ներքին գործոն չստեղծվեց, Միլոշեւիչը կարողացավ պահպանել իր իշխանությունը: Բելառուսի վրա այսօր արտաքին շատ մեծ ճնշումներ կան, բայց նաեւ պետք է ներքին գործոն լինի: Ի տարբերություն Հայաստանի, այստեղ որոշակի ներքին գործոն արդեն գոյություն ունի, թեեւ, այն դեռեւս բավարար չէ: Քանի դեռ
ՀՀ-ում այդ ներքին գործոնը չկա, հնարավոր է ամեն ինչ` եւ Քոչարյանի իշխանության գոյատեւում, եւ վերարտադրություն, եւ շարունակականություն: Երբ վաղ թե ուշ այդ ներքին գործոնը ձեւավորվի՝ քաղաքական դաշտն արժանի կդառնա մեր հասարակությանը:
– Իլհամ Ալիեւը Սպիտակ տան հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Վաշինգտոն: Ըստ ձեզ, դա ինչպե՞ս կանդրադառնա ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա:
– ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում սկսվել է շատ կարեւոր եւ որակապես նոր փուլ: Տարածաշրջանային նոր իրողությունները (իրանական ճգնաժամ, Թուրքիայի դերի նվազում, պատերազմ Իրաքում) ԱՄՆ-ը բավական ակտիվորեն ներգրավել է ռեգիոնի` մասնավորապես ԼՂ կարգավորման գործընթացում: Ըստ էության, տարածաշրջանի ԱՄՆ կենսական հետաքրքրությունները միատեղվել են էներգետիկ անվտանգության, տարածաշրջանային 3 կոնֆլիկտների կարգավորման եւ, որպես հետեւանք, Հարավային Կովկասի ժողովրդավարացման եւ անվտանգության համալիր ու սինխրոն լուծումներում: Հենց այս հրամայականների եւ նշանագրված առաջնայնությունների կոնտեքստում Վաշինգտոնն, ըստ էության, թույլ չտվեց, որպեսզի Քոչարյանն ու Ալիեւը բանակցությունները փակուղի մտցնեն: Այսօր արդեն Պրահայի գործընթացը բոլորովին այլ տրամաբանությամբ է ընթանում. ըստ էության, հակամարտության կարգավորման 14-ամյա պատմության մեջ ԱՄՆ-ը, առաջին անգամ, որպես տարածաշրջանում իր դերակատարության ակտիվացման եւ կարեւորության ազդանշան` ինքնուրույն առաջարկներով է հանդես գալիս: Ալիեւի` Վաշինգտոն կատարելիք այցն, ըստ էության, այդ գործընթացի մասն է կազմում: Կարծում եմ, Ռ. Քոչարյանը սխալ գործեց, երբ չմեկնեց Վաշինգտոն՝ մասնակցելու Հազարամյակի մարտահրավերների ծրագիրը ստորագրելու արարողությանը: Դա մի ավելորդ անգամ ապացուցում է, որ Քոչարյանն ամեն կերպ փորձում է խուսափել որոշիչ միջազգային շփումներից:
– ԱՄՆ ակտիվացումն արդյոք կարո՞ղ է բերել նրան, որ 2006թ., այնուամենայնիվ, լուրջ տեղաշարժ արձանագրվի:
– ԱՄՆ-ը բավական լավատես է այս հարցում: Շատ կուզենայի սխալված լինել, սակայն ես այնքան էլ լավատես չեմ:
– Մինչեւ ե՞րբ կարող է հիմնախնդրի կարգավորումը երկարաձգվել:
– Պետք է հստակ գիտակցենք, որ հակամարտության կարգավորումը ձգձգելու դեպքում վաղ թե ուշ կլինի 2 սցենար. մեկը` ռազմական գործողությունների վերսկսումն է, որը, սակայն, վերջնական կարգավորման չի բերի, մյուսը` ԼՂՀ Դեյթոն (խաղաղության պարտադրում), ինչն ակնհայտորեն ձեռնտու չէ հակամարտող կողմերից եւ ոչ մեկին:
– Եռանախագահողների առաջարկած տարբերակը կարծեք կողմերի համար այնքան էլ ընդունելի չէ: Համենայն դեպս, դա ցույց տվեցին Ռամբույեյան բանակցությունները, երբ Քոչարյանն ու Ալիեւն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ մի քանի սկզբունքային կետերի շուրջ: Ի՞նչ եք կարծում, երկու երկրների ժողովուրդների համար ընդունելի կլինե՞ն այդ սկզբունքները:
– Ռամբույեում տեղի ունեցած հանդիպումը մի ավելորդ անգամ ապացուցեց, որ Քոչարյանն ու Ալիեւը չեն ուզում կարգավորել հակամարտությունը, քանի որ 2 իշխանությունն էլ հիմնվում է հակամարտության գոյության վրա, եւ այդ պատճառով միշտ էլ ինչ-որ պատճառներ կգտնեն: Մինչդեռ, բոլոր հնարավորությունները կան հակամարտությունը փոխզիջումներով ու փոխշահավետ պայմանավորվածություններով կարգավորելու համար: Ինչ վերաբերում է հասարակության արձագանքին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների կողմից ներկայումս առաջարկվող կարգավորումը բավականին իրատեսական է, ունի որոշ առավելություններ եւ, կարծում եմ, այն պատշաճ մատուցելու դեպքում, հասարակությունները հավանություն կտան նման կարգավորմանը: Մասնավորապես անվիճելի առավելություն է ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, որի կապակցությամբ առայժմ որեւէ ընդունելի հակափաստարկ չի բերվել: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փախստականների վերադարձը պետք է լինի կամավոր, բացի այդ՝ տարածքները, որտեղից հետ են քաշվելու ղարաբաղյան ուժերը եւ որից հետո տեղակայվելու են միջազգային բաժանարար ուժեր, պետք է ապառազմականացված լինեն: Շատ է շահարկվում խաղաղապահ ուժերի հարցը: Սակայն առանց միջազգային խաղաղապահների, ըստ էության՝ միջազգային բաժանարար ուժերի, որեւէ կարգավորում տեսանելի ապագայում լինել չի կարող: Եթե ասում են` դեմ ենք բաժանարար ուժեր տեղակայելուն, նշանակում է՝ ընդհանրապես դեմ են հակամարտության կարգավորմանը: