Մարաղայի ողբերգությունը պատերազմի օրենքներով չի կարելի համարել ռազմագործողություն, որովհետեւ Մարաղան եղել է ոչ թե ռազմական հենակետ, այլ խաղաղ բնակավայր:
Այդ գործողությունը պետք է որակել որպես խաղաղ բնակչության, մարդկության նկատմամբ կազմակերպված հանցագործություն, որի համար միջազգային օրենքներով պատժի վաղեմության ժամկետ գոյություն չունի, եւ երբեւէ այդ վանդալիզմի կազմակերպիչներն ու անմիջական իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության, ինչպես ԼՂՀ, այնպես էլ միջազգային հանրության կողմից: Այս մասին նշել է ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագաh Վահրամ Աթանեսյանը` ապրիլի 10-ին «Մարաղայի 1992թ. ապրիլի 10-ի ողբերգական իրադարձությունները» թեմայով հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում։
Վ.Աթանեսյանն իր խոսքում նշեց, որ 1992 թվականի վաղ առավոտյան ժամը 5-ի սահմաններում Ադրբեջանի Միրբաշիրի, ներկայիս Թարթառի շրջանի տարածքից, մասնավորապես` Թարթառ շրջկենտրոնի տարածքից, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը 3 ժամ ենթարկվել է աննախադեպ հրթիռահրետակոծության, որից հետո ադրբեջանական զինված խմբավորումները, որոնց օժանդակում էր նախկին Խորհրդային Միության զինված ուժերի Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի Գյանջայի դիվիզիայի մի հատուկ ստորաբաժանում, ներխուժել են Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ եւ կազմակերպել խաղաղ բնակչության սպանդ, որին զոհ է գնացել շուրջ 100 խաղաղ բնակիչ, հիմնականում` կանայք, ծերեր, երեխաներ: Ադրբեջանական զինված խմբավորումները գյուղից հեռանալիս տասնյակ խաղաղ բնակիչների իրենց հետ պատանդ են տարել, որոնց մի մասը հետագայում փոխանակվել է, իսկ մի մասի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ (Վ.Աթանեսյանի տվյալներով, դրանց թիվը հասնում է 30-ի): «1992թ. ապրիլի 10-ի դրությամբ ԼՂՀ Մարաղա գյուղն ունեցել է ավելի քան 3000 բնակիչ, իսկ ներկայումս Նոր Մարաղա բնակավայրում ապրում են այդ ցեղասպանությունը վերապրածներից շուրջ 300-ը: Այսինքն` ավելի քան 2,5 հազար բնակչություն այսօր զրկված է իր հայրենի բնօրրանը վերադառնալու հնարավորությունից եւ ապրում է արտերկրում: Ներկայումս Մարաղան գտնվում է ադրբեջանական զինված խմբավորումների վերահսկողության տակ, ինչպես նաեւ` հարակից Մարգուշավան, Կարմիրավան, Սեյսուլան եւ մի շարք գյուղեր: Եվ ԼՂՀ հիմնահարցի կարգավորման գործընթացի համատեքստում ԼՂՀ իշխանությունները պնդել եւ պնդում են, որ խնդրի կարգավորումը պետք է ներառի ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, հատկապես` Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածը, որը մեր հանրապետության ամենաբարեբեր գյուղատնտեսական շրջանն է եղել եւ ամենազարգացած արտադրական ենթակառուցվածքներն է ունեցել: Մարաղայի եւ հետագա ռազմագործողությունների հետեւանքով այդ շրջանում ավերվել է 5 գինու գործարան, շուրջ 30 հազար խաղողայգի, ավերվել է ԼՂՀ մայր ջրագիծը եւ այլն»,- փաստել է նա: Վ. Աթանեսյանը միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ անցած տարիներին մեր հանրապետությունում որեւէ իրավասու կազմակերպություն չի զբաղվել Ադրբեջանի կողմից ԼՂ-ին հասցված տնտեսական վնասի հաշվառմամբ, ինչպես նաեւ` լուրջ ուսումնասիրությունների առարկա չի եղել Ադրբեջանի իշխանությունների եւ ադրբեջանական բանակի խմբավորումների կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության նկատմամբ գործադրած բռնությունների եւ անօրինությունների փաստերը:
Ինչպես հայտնի է, վերջերս ԼՂՀ ԱԺ-ն ստեղծել է այդ բռնությունների փաստերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Վ. Աթանեսյանը հույս հայտնեց, որ հանձնաժողովը մինչեւ իր լիազորությունների ավարտը` 2006թ. դեկտեմբերի 31-ը, կհասցնի ամփոփել ինչպես Մարաղայի ողբերգությունը, այնպես էլ ԼՂՀ տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ կատարված անօրինությունները, մեր հանրությանը, ինչպես նաեւ` միջազգային կազմակերպություններին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների խորհրդարաններին, հանրություններին կներկայացնի այդ փաստերը, այն համատեքստում, որ ադրբեջանական իշխանություններն առայսօր շարունակում են քրեական վարույթ իրականացնել ԼՂՀ Պաշտպանության բանակի սպաների, ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման առանձին գործիչների նկատմամբ:
«Մենք պետք է պատրաստ լինենք մեր լուրջ փաստարկները ներկայացնել միջազգային հանրությանը ոչ թե որպես հակակշիռ Ադրբեջանի քարոզչությանը, այլ որպեսզի միջազգային հանրության համար պարզ լինի, թե ով, ինչպես, երբ է կազմակերպել ու իրականացրել խաղաղ բնակչության սպանդ, ապօրինի գործողություններ, եւ ով է, որ պատերազմի առիթն օգտագործել է էթնիկ զտումներ իրականացնելու համար: Այս քաղաքականությունը տարիներ շարունակ վարել է Ադրբեջանը` խաղաղ միջոցներով, երբ ԼՂ-ն որպես ինքնավար մարզ գտնվում էր Ադրբեջանի կազմում: Այս քաղաքականությունն իր բարձրակետին է հասել 1991թ., երբ Ադրբեջանը` փոխարենն օգտագործելու հռչակված ԼՂՀ-ի հետ ունեցած խնդիրները խաղաղ, քաղաքակիրթ բանակցությունների ճանապարհով լուծելու հնարավորությունը, դիմել է ապօրինի ուժի կիրառման` կազմակերպելով զինված նախահարձակում ԼՂՀ նկատմամբ: Եվ ըստ այդմ` շփման գծում, հակամարտության գոտում ներկա իրողությունները պետք է համարել ոչ թե ԼՂՀ իշխանությունների նպատակասլաց քաղաքականության արդյունք, այլ Ադրբեջանի զինված ագրեսիայի եւ ինքնապաշտպանության դիմելու` ԼՂՀ ժողովրդի անօտարելի իրավունքի պահպանման հետեւանք: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրություններն ունենալու դեպքում մենք կարող ենք միջազգային հանրությանը ներկայացնել եւ իրականացնել ուղղորդված քարոզչական աշխատանք, որպեսզի միջազգային հանրության համար պարզ լինի նաեւ մեր ազգային-ազատագրական շարժման իմաստը: Այսինքն` այն, որ ԼՂՀ խնդիրն Ադրբեջանի համար կարող է լինել պատվի հարց, իսկ ԼՂՀ եւ նրա ժողովրդի համար դա գոյության խնդիր է պատմական հայրենիքում»,- այս կարծիքն է արտահայտել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Կոլցո» ռազմագործողությանը, որի 15-ամյակի առթիվ, Վ.Աթանեսյանի կարծիքով, թե ԱԺ-ն, թե ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է միանշանակ վերաբերմունք արտահայտեն: «Չեմ կարծում, թե մենք այսօր հնարավորություն ունենք այդ մարդկանց, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են, պատասխանատվության ենթարկելու, բայց ԼՂՀ միջազգային ճանաչվածության պարագայում այդ մարդկանց պատասխանատվության հարց բարձրացնելու համար այսօր պետք է անուն առ անուն ասել, թե ովքեր են կազմակերպել, մանավանդ, որ դա գաղտնիք չէ: Այս հարցերը պետք է ներկայացվեն ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլեւ որպես պաշտոնական փաստաթուղթ, մանավանդ, այսօր ԼՂՀ տարածքում ապրում են հարյուրավոր մարդիկ, ովքեր անցել են այդ համակենտրոնացման ճամբարներով, «Կոլցո» ռազմագործողության հետեւանքով ձերբակալվել են, ապօրինաբար պահվել են Ադրբեջանի տարբեր բանտերում: Նույնիսկ կան մարդիկ, որոնք Ադրբեջանի դատարանների կողմից դատվել են, բայց հետագայում ռազմագերիների փոխանակման համատեքստում այդ մարդիկ ազատ են արձակվել»: «Պետք է այդ մարդկանց հետ նույնպես կատարել փաստահավաք աշխատանք, այն վերլուծել եւ արդյունքում ունենալ լուրջ փաստաթուղթ, որը կարող է մեզ համար կռվան լինել` ապացուցելու, որ այս պայքարն ինքնանպատակ չէ, այն սկսվել է մեր հայրենիքում մեր ապրելու իրավունքը պաշտպանելու համար: Որեւէ այլ խնդիր մենք մեր առջեւ չենք դրել եւ չենք դնում: Իսկ այս հողում ապահով ապրելու ամենամեծ երաշխիքն այս պատմական հայրենիքում մեր ինքնուրույն պետականությունն է` իր անվտանգության, ազգային ատրիբուտներով»,- եզրափակել է հանձնաժողովի նախագահը: